Կրթության նոր օրակարգի անհրաժեշտությունը

Օր: 08 փետրվարի, 2018

Ժամ: 18:30-21:00

Վայր: Նոյյան Տապան գրախանութ

Փետրվարի 8-ին ՀՔԻ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կրթության նոր օրակարգի անհրաժեշտությունը» խորագրով քննարկումը, որի բանախոսն էր ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոս Սերոբ Խաչատրյանը:
Ստորև ներկայացված են բանախոսության հիմնական, առանցքային դրույթները:

• Հայաստանի կրթական համակարգի համար բեկումնային էր 2003-2006թթ. ժամանակահատվածը: Փոխվեց կրթական համակարգի փիլիսոփայությունը. վերանայվում էին բոլոր առարկաների չափորոշիչներն ու դպրոցների ֆինանսավորման կարգը, վերապատրաստվում էին ուսուցիչներ, անցում էր կատարվում տասներկուամյա ուսուցման համակարգին և ավագ դպրոցներին: Սակայն, քանի որ բացակայում էին մոբիլիզացիան և համաձայնությունը որոշակի գաղափարների շուրջ, ռեֆորմներն իրենց տրամաբանական ավարտին հասան՝ անկում ապրելով ֆինանսական միջոցների պակասի և հաջորդող քաղաքական իրադարձությունների պատճառով:
• Այսօր, ժամանակակից աշխարհում, փոխվում են կրթության նկատմամբ պահանջներն ու վերջինիս արդյունավետության չափանիշները: ՄԱԿ-ի կայուն զարգացման նոր օրակարգը, որը կենտրոնանում է ոչ միայն դպրոցում աշակերտի ֆիզիկական ներկայության, այլև՝ որակյալ կրթության վրա, կարևոր է համարում ներառականությունը և համաչափ զարգացումը, որոնք ենթադրում են կրթություն՝ ամբողջ կյանքի ընթացքում:
• Դավոսի՝ 2018թ. միջազգային համաժողովի ընթացքում հրապարակված տվյալների համաձայն, Հայաստանն իր կրթական ցուցանիշներով զբաղեցնում է 114-րդ տեղը՝ 118 երկրների շարքում: Սա նշանակում է, որ մեր կրթական համակարգը չի ապահովում շարունակական ներգրավվածություն ուսման գործընթացում, սովորողների մոտ չի ձևավորում պատկերացում կրթության վերաբերյալ՝ որպես անվերջանալի մի գործընթացի:
• Հետագա հայեցակարգային փոփոխությունների արդյունավետության համար կարևոր է հասկանալ, թե ինչու ընթացիկ փոփոխությունները չեն հանգեցնում սպասված արդյունքներին և դատապարտված են ձախողման:
• Պատճառներից մեկն այն սոցիալական միջավայրն է, որում գտնվում են աշակերտները՝ դպրոցից դուրս: Այսօր երեխաները, դեռևս վաղ մանկությունից, ընկնելով բիզնես-մարկետինգային միջավայրի ազդեցության տակ, կորցնում են հետաքրքրությունը կրթության նկատմամբ: Այսպիսի պայմաններում դժվար է գրավել երեխայի ուշադրությունը և օգնել վերջինիս՝ կենտրոնանալ կրթության վրա: Կրթությունը ենթադրում է երկարաժամկետ, երբեմն՝ միապաղաղ, նույնատիպ գործընթացների շարք, որն իր գրավչությունը կորցնում է այլ զբաղմունքների ֆոնին:

Կրթության ոլորտում առկա ամենամեծ խոչընդոտներից մեկը աշակերտների ձգտման պակասն է: Վերջին տարիներին գիտելիքն ու կրթությունը դարձան ավելի մատչելի, քան երբևէ: Մեծ քանակությամբ ռեսուրսներ անվճար են և հասանելի՝ հասարակության ավելի լայն շերտերի համար, անկախ ժամանակից և տարածությունից: Սակայն այս հասանելիության հետ մեկտեղ առաջ եկավ կրթության նկատմամբ հետաքրքրության պակասի խնդիրը: Մարդիկ այլևս չունեն ձգտում և ցանկություն՝ կրթություն ստանալու, քանի որ նախընտրում են ունենալ ավելի պարզ և դինամիկ կյանք: Կրթությունն այժմ ունի մրցակիցներ. բիզնեսը և տեխնոլոգիաները, որոնք այնքան արագ են փոփոխվում և զարգանում (ի տարբերություն կրթության): Երեխայի ամբողջ ուշադրությունն ու հետաքրքրությունը կենտրոնանում է դրանց վրա, կրթությունը մղվում է հետին պլան
• Այսօր երեխաները կյանքն ընկալում են որպես զվարճանքի և սպառման աղբյուր: Նրանց տրվել է կյանքի միակողմանի պատկեր, ինչը հանգեցնում է դժվարություններին դիմակայելու և դրանք հաղթահարելու անկարողության: Ամեն ինչ գնում է դեպի պարզություն և առավելագույն հարմարավետություն: Այդ պարագայում երեխաների մոտ հետաքրքրություն առաջացնելը դեպի բարդ համարվող առարկաները, ինչպիսիք են մաթեմատիկան, ֆիզիկան կամ քիմիան, դառնում է անհնարին: Կյանքն ընկալվում է որպես դյուրին սպառում, և երիտասարդները չեն ցանկանում մեծ ջանքեր գործադրել, տարիներով կրթություն ստանալ՝ ինչ-որ արդյունքի հասնելու համար: Այս խնդրից խուսափելու համար պետք է երեխաներին բացատրել, որ կյանքը միայն զվարճանք և սպառում չէ: Հաջողության հնարավոր է հասնել միայն համառության և երկարաժամկետ, միապաղաղ, երբեմն էլ ձանձրալի թվացող աշխատանք կատարելու շնորհիվ:
• Մյուս կողմից, կրթության թե՛ բովանդակությունը, թե՛ դասավանդման մեթոդները մարտահրավերների են ենթարկվում արագ փոփոխվող, դինամիկ շարժ ունեցող տեխնոլոգիաների և արհեստական ինտելեկտի կողմից: Անհնար է կանխատեսել, թե 10 տարի անց որ մասնագիտությունները և ինչ չափով են դեռևս պահանջված լինելու: Կրթական հաստատությունները տրամադրում և պահանջում են այնպիսի գիտելիք, որի ապագա կիրառականության հարցում իրենք էլ լիարժեք համոզվածություն չունեն:
• Ուսուցիչների աշխատանքն այսօր առավել դժվար է, քան երբևէ: Մեր օրերում չկան հեղինակություններ: Եթե նախկինում ուսուցիչները ստանում էին հեղինակություն ի պաշտոնե, ապա այսօր այդ հեղինակությունը պետք է վաստակել, իսկ դա հնարավոր է միայն ամենօրյա աշխատանքի, ինքնակրթության և զարգացման միջոցով: Ամենօրյա այս ծանր աշխատանքը կատարելու համար ուսուցիչներին անհրաժեշտ է մոտիվացիա, որի պակասը նկատելի է՝ ցածր վարձատրության և կրթության ոլորտում տիրող անորոշության պատճառով:
• Կրթությունը բարդ համալիր է, որի բոլոր բաղադրիչները փոխկապակցված են: Այս էկոհամակարգի որևէ առանձին բաղադրիչի փոփոխությամբ հարցը չի կարող լուծվել: Անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, որով կրթության օրակարգի հարցը կբերվի քաղաքական հարթակ: Կրթության օրակարգը պետք է դիտարկվի որպես քաղաքական (ոչ կուսակցական) առաջնահերթություն:
• Ժամանակն է փոխել այժմյան կրթական համակարգը, սակայն ոչ թե արհեստականորեն ադապտացնելով այլ երկրների փորձը, այլ հիմնովին վերակազմակերպելով հայկական կրթական համակարգը: Պետք է հասկանալ, որ հասարակությունը մինչ այժմ շարժվել և գործել է ըստ որոշակի նորմերի (արդյունաբերական հասարակությանը բնորոշ), սակայն տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը ոչնչացրել են բոլոր գաղափարախոսությունները: Հասարակությունը դարձել է պառակտված և այնքան բազմազան, որ անհնար է դառնում այնպիսի համակարգի ստեղծումը, որը հավանության կարժանանա բոլորի կողմից:

LAYOUT

SAMPLE COLOR

Please read our documentation file to know how to change colors as you want

BACKGROUND COLOR

BACKGROUND TEXTURE