«Հանուն ակադեմիական բարեվարքության» նախաձեռնություն
Հանրային քաղաքականության ինստիտուտը հայտարարում է նոր՝ «Հանուն ակադեմիական բարեվարքության» նախաձեռնության մեկնարկի մասին:
Նախաձեռնության նպատակն է. ստեղծել ակադեմիական համայնքի ինքնակազմակերպման բաց հարթակ, որը զբաղվելու է բարձրագույն կրթության.
- Համակարգի (այդ թվում՝ կառավարման) բարելավման,
- Կրթության որակի բարձրացման (այդ թվում՝ որակի ինստիտուցիոնալ մեխանիզմների զարգացման),
- Բարեվարքության ամրապնդման հարցերով:
Կարևորելով բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները և դրանցում պրոֆեսորադասախոսական կազմի ու փորձագետների մասնակցությունը՝ ՀՔԻ-ն հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց միանալու այս նախաձեռնությանը:
Թեև մասնակիցների առաջնային խմբերը դասախոսներն ու փորձագետներն են, սակայն դրան կարող է միանալ բարձրագույն կրթության ոլորտի խնդիրներով հետաքրքված յուրաքանչյուր անձ, ով պատրաստ է աջակցել բարեփոխումներին:
Կլինեն համատեղ աշխատանքի հետևյալ ձևաչափերը (ցանկը կհամալրվի նախաձեռնության անդամների առաջարկություններով).
- Համատեղ առաջարկությունների փաթեթների մշակում կոնկրետ օրենսդրական կամ ինստիտուցիոնալ հարցերի վերաբերյալ:
- Հանրային քննարկումներ, բանախոսություններ և դասընթացներ բուհերում՝ ակադեմիական բարեվարքության և գրագիտության, ակադեմիական հետազոտության, օրենսդրական նախագծերի և ինստիտուցիոնալ փոփոխությունների, դասավանդման և ուսումնառության պրակտիկ հարցերի, կրթության բովանդակության և դրա արդիականացման, և այլ թեմաներով:
- Բարձրագույն կրթության որակի և բարեվարքության հիմնահարցերի շուրջ իրազեկման և ջատագովության արշավներ՝ ներբուհական և միջբուհական տարբեր շահառուների համար:
- Փակ խմբային քննարկումներ, որոնք կթիրախավորեն կոնկրետ հարցեր և ուղղված կլինեն գործնական լուծումներ գտնելուն:
Ակնկալվում է, որ Նախաձեռնությունը կնպաստի.
- Ակադեմիական համայնքի կայացմանը՝ որպես փորձագիտական հանրույթ,
- Ոլորտի ներկայացուցիչների փոխճանաչմանն ու համագործակցության ընդլայնմանը:
Եթե դասավանդում եք հայաստանյան որևէ բուհում, խնդրում ենք Ձեզ տրամադրել մինչև 5 րոպե և մասնակցել այս առցանց հարցմանը (http://bit.do/fc8LB), որի միջոցով փորձելու ենք պարզել նախաձեռնությանը միանալ ցանկացող անձանց և բուհերում ակտուալ հիմնախնդիրների շրջանակը:
Հարցումն անանուն է: Կամավոր կերպով Ձեր տրամադրած տվյալները (էլ. փոստ, հեռախոսահամար) կարող են օգտագործվել՝ Նախաձեռնության հետագա անելիքների մասին Ձեզ իրազեկելու համար:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՔԻ՝ info@ipp.am էլ. հացեով կամ զանգահարելով +374 60 54 18 47 հեռախոսահամարով: