

«Աշակերտական խորհուրդների հիմնում՝ հանուն քաղաքացիական մասնակցության»
«Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հասարակական կազմակերպությունն ԱՄՆ Պետական
դեպարտամենտի աջակցությամբ իրականացրել է «Աշակերտական խորհուրդների հիմնում՝ հանուն քաղաքացիական մասնակցության» ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր՝ նպաստել անկախ և հաշվետու աշակերտական խորհուրդների (այսուհետ՝ ԱԽ) ձևավորմանն ու աշակերտների շրջանում քաղաքացիական արժեքների ու մասնակցային մշակույթի ամրապնդմանը: Ծրագիրն իրականացվել է Տավուշի մարզի 6 գյուղական բնակավայրերի (Ներքին Ծաղկավան, Սևքար, Այգեհովիտ, Չինչին, Նորաշեն, Մովսես) դպրոցներում:
Մինչ այս պահն իրականացվել են հետևյալ գործողությունները.
• Նշված 6 համայնքների՝ ԱԽ-ներում ընդգրկված աշակերտների համար 2021 թ. հունվարին կազմակերպվել է եռօրյա ձմեռային ճամբար՝ ԱԽ-ներին առնչվող նրանց կարողությունների զարգացման համար:
• Ճամբարի ավարտին մասնակից աշակերտներն ու մանկավարժները Տավուշի մարզի ԱԽ-ների ցանցի ստեղծման հռչակագիր են ստորագրել:
• ՀՔԻ թիմը, ճամբարի մասնակից մանկավարժների և աշակերտների հետ քննարկումների միջոցով, մշակել է մի շարք առաջարկություններ՝ ուղղված ԱԽ-ների գործունեության ինստիտուցիոնալ միջավայրի բարելավմանը:
Առաջարկությունները ներկայացվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը:
• 2021 թ. մայիսին կազմակերպվել է 6 համայնքների ԱԽ-ների ներկայացուցիչների ճանաչողական այցը ՀՀ
Ազգային Ժողով և ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ այդ կառույցների առաքելությանն ու գործունեությանը ծանոթանալու, պատգամավորների և պաշտոնատար անձանց հետ հանդիպելու, ԱԽ-ների գործունեության և հանրակրթության վերաբերյալ հարցեր բարձրաձայնելու և քննարկելու նպատակով:
• Նշված 6 համայնքների ԱԽ-ներին տրամադրվել է փոքր դրամական աջակցություն՝ աշակերտների գաղափարները կյանքի կոչելու համար: Ներկայումս ԱԽ-ները բազմատեսակ ծրագրեր են իրականացնում. դպրոցական ջերմոցների վերականգնում և զարգացում, փայտագործության խմբակի զարգացում, աշխարհագրական խմբակի հիմնադրում, դպրոցի և համայնքի պատմության թանգարանի հիմնադրում, ձեռագործության խմբակի զարգացում:
• ՀՔԻ թիմը մշակել է ԱԽ-ների ձևավորման և գործունեության մասին հանրամատչելի ուղեցույց և անիմացիոն հոլովակ: Դրանք հատկապես կհետաքրքրեն աշակերտներին և ուսուցիչներին, քանի որ պատմում են ԱԽ ձևավորման կարգի և իրավասությունների մասին:

