Ոլորտներ

Կրթության ոլորտում ՀՔԻ գործունեությունն ուղղված է հետևյալ նպատակներին՝

  1. Իրականացնել ՀՀ կրթական քաղաքականության փաստաթղթերի (այդ թվում՝ նաև՝ առարկայական չափորոշիչների, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի, այլ) ուսումնասիրություն՝ հասկանալու համար, թե ինչքանով են դրանք համահունչ իրավունքահեն կրթության գաղափարին։
  2. Հանրության՝ մասնավորապես ուսուցիչների և աշակերտների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը իրավունքահենության գաղափարի վերաբերյալ (նկարահանել ինֆորմատիվ ու հանրամատչելի տեսահոլովակներ, կազմակերպել ոչ ֆորմալ հանդիպումներ-քննարկումներ և դասընթացներ)։
  3. Կանխարգելիչ կերպով արձագանքել ԿԳՆ-ի, ԱԺ-ի և Կառավարության կողմից արված հայտարարություններին, բարեփոխումներին ու օրենսդրական նախագծերին, որոնք հեռացած կլինեն իրավունքահենության գաղափարից։ 
  4. Մարզային այցերի, միջոցառումների և քննարկումների միջոցով կրթության որակի հայեցակետը հասանելի և հասկանալի դարձնել հասարակության լայն շերտերի համար։
  5. Նախապես մշակված գործիքակազմի միջոցով, կրթության տարբեր շահառու խմբերից տեղեկատվություն հավաքել այն մասին, թե կրթության որակի բաղադրիչներն ինչ չափով և ինչպես են կյանքի կոչվում, և մշակել առաջարկությունների փաթեթ՝ ներկայացնելով այն ոլորտային դերակատարներին: 
  6. ԿԳՆ-ի և այլ դերակատարների հետ համատեղ մշակել և դպրոցներում ներդնել հրավիրյալ բանախոսների փորձառական ինստիտուտը, որի միջոցով սովորողները ուղիղ կապ կհաստատեն  քաղաքացիական հասարակության և պետական կառավարման օղակների հետ։ 
  7. Իրականացնել ՀՀ կրթական քաղաքականության փաստաթղթերում ամրագրված նպատակների ու ցուցանիշների շարունակական մոնիտորինգ և գնահատում: 

Հայաստանի հոգեկան առողջության (ՀԱ) ոլորտի սոցիալական քաղաքականությունն իրավունքահեն չէ.  ՀԱ ոլորտը կարգավորող իրավական ակտերի մեծամասնությունը չի համապատասխանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Կոնվենցիայի հիմնական դրույթներին: Ներկայիս իրավակարգավորումներում առկա են մի շարք ոչ հստակ, կարծրատիպային ձևակերպումներ, ինչպես նաև՝ օրենսդրական բացեր: Մակրոպրակտիկայում որոշումների ընդունման և իրագործման հիմնական դերակատարը պետական սեկտորն է. հաշվի չեն առնվում հասարակական, մասնավոր սեկտորների դիրքորոշումները, ինչպես նաև՝ ՀԱԽՈՒ անձանց տեսակետները: Չնայած մեկնարկել է ՀԱ ոլորտի ծառայությունների ապաինստիտուցիոնալացումը, հստակ ձևակերպված չէ ՀԱԽՈՒ անձանց սոցիալական պաշտպանության կազմակերպման գաղափարախոսական հենքը: Մասնավորապես՝ ՀՀ Առողջապահության նախարարությունն առաջ է մղում Բժշկական մոդելը, իսկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Սոցիալական մոդելը: 

Մեկ այլ խնդիր է ՀԱԽՈՒ անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքը և  նրանց մեկուսացվածությունը հասարակությունից: Ցածր է ՀԱԽՈՒ անձանց իրազեկվածության մակարդակը սեփական իրավունքների, դրանց իրացման մեխանիզմների մասին: «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա են մի շարք բացեր, մասնավորապես՝ ներառված չէ «ողջամիտ հարմարեցումներ» հասկացությունը և այդպիսի հարմարեցումների մերժումը՝ որպես խտրական վերաբերմունք: Նախագծում պաշտպանված հատկանիշների ցանկում բացակայում է առողջական վիճակը:

 

Հետևաբար, ՀՔԻ ոլորտային նպատակներն են՝

  1. Հանրային օրակարգ բերել ՀԱԽՈՒ անձանց սոցիալական պաշտպանության համակարգի մեկ միասնական գաղափարախոսական հենքի մշակման անհրաժեշտությունը:

2.Խթանել իրավունքահեն մոդելի ներդնումը՝ ՀԱԽՈՒ անձանց ուղղված սոցիալական քաղաքականության մեջ: 

  1. Աջակցել ՀԱ ոլորտի արդյունավետ ապաինստիտուցիոնալացմանը:  
  2. Ապահովել ՀԱԽՈՒ անձանց ուղղված սոցիալական քաղաքականության մշակման գործընթացի մասնակցայնությունը: 
  3. Աջակցել ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կառույցների միասնական հարթակի ձևավորմանը՝ Պաշտպանության Ցանցի ստեղծման միջոցով։
  4. Բարձրացնել հասարակության իրազեկվածությունը ՀԱԽՈՒ անձանց իրավունքների մասին՝ մեղմելով առկա կարծրատիպային ընկալումները:  
  5. Բարձրացնել ՀԱԽՈՒ անձանց իրազեկվածությունն իրենց իրավունքների և դրանց իրացման մեխանիզմների մասին, զարգացնել նրանց՝ շահապաշտպանություն իրականացնելու հմտությունները:
  6. Հասնել նրան, որ «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծում ներառվեն «ողջամիտ հարմարեցումներ» հասկացությունը և պաշտպանված հատկանիշների ցանկում՝ առողջական վիճակը:

Աշխատանքային իրավունքների պաշտպանությունը Հայաստանում բավարար չափով կայացած ուղղություն չէ՝ մի շարք պատճառներով: Դրանց թվում են թե՛ աշխատողների իրազեկվածության ցածր մակարդակը, թե՛ դատական եղանակով պաշտպանության թույլ մշակույթը, թե՛ պետական հսկողության և վերահսկողության անկատար գորիքակազմը: Վերջին տարիներին աշխատանքի պետական տեսչությունը պետական քաղաքականության արդյունքում հետևողականորեն զրկվել է իր լիազորությունների գերակշիռ մասից և ներկայումս փաստացի անգործության է մատնված:  

Վերջին տարիներին հատկապես կրթության ոլորտում նկատվում են աշխատողների ինքնակազմակերպման՝ արհմիությունների ձևավորման միտումներ: Այնուամենայնիվ, տնտեսության այլ բնագավառներում այս գործընթացը դեռ հապաղում է, չնայած առկա դրական ներուժին: Արհմիությունների դերի, գործառույթների և իրավասությունների իրական շրջանակի վերաբերյալ առկա է իրազեկվածության մեծ բաց:  

  1. Նպաստել աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում պետական միջամտության (օրինակ՝ աշխատանքի տեսչության միջոցով) իրավական կարգավորումների և գործիքակազմի զարգացմանը: 
  2. Աջակցել աշխատանքային օրենսդրության շարունակական բարելավմանը՝ գերակա թիրախ ունենալով աշխատողի իրավունքներն ու նրա սոցիալական պաշտպանությունը: Կարևոր է աջակցել նաև միջազգային պայմանագրերի, կոնվենցիաների և այլ փաստաթղթերի դրույթների իրավակիրառմանը Հայաստանում:    
  3. Խթանել և նպաստել Հայաստանում արհմիութենական շարժման զարգացմանը՝ այդ թվում՝ իրազեկման բարձրացման միջոցով:   

Այս ուղղությունն իրենից ենթադրում է ոչ ֆորմալ կրթական ծրագրերի (օրինակ՝ Հանրային քաղաքականության ամառային դպրոցն), արդի հիմնախնդիրների և թեմաների շուրջ բանախոսությունների և քննարկումների պարբերական իրականացում, ինչպես նաև՝ մեդիա նյութերի (տեսանյութեր, հոդվածներ, այլ) պատրաստում: Կարևոր ուղղություն է մարզերում իրազեկման և կրթական ծրագրերի իրականացումը (օրինակ՝ երիտասարդների և աշակերտների համար):