Աշոտ Տերտերյան
Իրավաբան
Ամերիկացի տնտեսագետ, Նոբելյան մրցանակակիր Միլթոն Ֆրիդմենը աշխարհի ամենաճանաչելի տնտեսագետներից մեկն է։ Ֆրիդմենը Չիկագոյի տնտեսագիտական դպրոցի և ազատական տնտեսագիտության առանցքային ներկայացուցիչներից է։
Նրա ամենահայտնի աշխատությունը 1962 թվականին հրատարակված «Կապիտալիզմ և ազատություն» գիրքն է։ Գիրքը գրված է հրապարակախոսական ոճով և հանրամատչելի է. դրանով այն կարող է ընկալելի լինել նաև տնտեսագիտական կրթություն չունեցող մարդկանց համար։
«Կապիտալիզմ և ազատություն»-ը լույս է տեսել մի ժամանակաշրջանում, երբ ԱՄՆ-ում տարածվում էին ձախական
գաղափարները, որոնց հիման վրա աճում էին նաև պետական ծախսերը և միջամտությունը տնտեսության մեջ։
1950-ականների վերջի և 1960-ականների սկզբի Ամերիկան բավական տարբերվում էր 20-րդ դարի սկզբի Ամերիկայից՝ իր
կառավարության մեծությամբ, ծախսերի աճով և ազատությունների նվազմամբ։
Այս ամենը դրդեց Միլթոն Ֆրիդմենին գրքի միջոցով փորձելու զգուշացնել տնտեսության մեջ պետության միջամտության աճի բացասական հետևանքների մասին և ցույց տալու, որ դա կբերի մարդկանց ազատության նվազման և ավելի վատ տնտեսական հետևանքների։
Ֆրիդմենը փորձում է հիմնավորել, որ ազատ հասարակարգի անհրաժեշտ նախապայմաններից մեկը ազատ շուկայական կապիտալիզմն է։ Գրքի գլխավոր թեման մրցակցային կապիտալիզմի դերն է քաղաքական ազատությունների մեջ, և պետության դերը ազատ հասարակարգում։
Ըստ Միլթոն Ֆրիդմենի, ազատության գլխավոր սպառնալիքը իշխանության կենտրոնացումն է։
Նա նշում է, որ պետությունը անհրաժեշտ է մարդկանց ազատությունը պաշտպանելու համար, և միևնույն ժամանակ այն կարող է սպառնալ նրանց ազատությանը։
Ինչպե՞ս կարող ենք օգտվել պետության պաշտպանած ազատությունից և միևնույն ժամանակ խուսափել ազատության նկատմամբ սպառնալիքներից։ Երկու ձև կա։
Առաջինը, այսպես ասած, պետության կողմից ղեկավարվող ոլորտների սահմանափակումն է պաշտպանության գործառույթով (ներքին և արտաքին ոտնձգողներից) և օրենքի կիրառումն ապահովելու գործառույթով։
Պետությունը պետք է ապահովի օրենքի կիրառումը, դատական իշխանությունը, խրախուսի շուկայական մրցակցությունը։ Պետությունը պետք է նաև օգնի մեզ իրականացնելու այնպիսի ծրագրեր, որոնք միայնակ կամ առանց պետության օգնության իրականացնելը դժվար է կամ անհնար։
Պետության նման սահմանափակումն անհրաժեշտ է, որպեսզի մասնավոր հատվածը հնարավորություն ունենա լինելու հակակշիռ՝ պետության փորձերին՝ իշխանությունը կենտրոնացնելու իր ձեռքում և սպառնալու ազատությանը։
2-րդ ձևն այն է, որ պետության իշխանությունը պիտի տարաբաշխվի․ ավելի լավ է իշխանությունը լինի համայնքում, քան մարզում, մարզում, քան մայրաքաղաքում։
Իշխանության տարաբաշխման նշանակությունը կայանում է նրանում, որ այդ կերպ մենք կարող ենք խուսափել մենաշնորհային իշխանության հարկադրանքից։ Օրինակ, երբ մեր համայնքում իշխանության կայացրած որոշումները մեզ դուր չեն գալիս, մենք կարող ենք տեղափոխվել այլ համայնք, որտեղ այլ իշխանություն է և այլ կարգավորումներ։ Բայց եթե իշխանությունն ամբողջությամբ մայրաքաղաքում է, ապա մենք փախչելու տեղ չունենք. ամեն տեղ էլ կգործեն մայրաքաղաքի որոշումները։
Իշխանությունից նման կերպ խուսափելը բերում է իշխանության հակակշռման։
Ֆրիդմենը առաջ է մղում նաև այն գաղափարը, համաձայն որի՝ իշխանության կենտրոնացումը կառավարության ձեռքում կարող է օգտագործվել երկակի։ Եթե առկա է իշխանություն, ապա այդ իշխանությունը կարող է կիրառվել ինչպես բարիքի համար, այնպես էլ չարիքի։
Չկա երաշխիք, որ, օրինակ, եկամտի վերաբաշխման լիազորությունը պետությունը չի կիրառի նաև վատ նպատակով՝ գիտակցելով դրա մասին, թե ոչ։ Օրինակ, հարստության վերաբաշխման նպատակով բարձր եկամուտ ունեցողների հարկումը շատ բարձր հարկով՝ կբերի տնտեսությունների սնանկացման և փակման։
Հեղինակը մի կարևոր գաղափար է ընդգծում, համաձայն որի՝ կառավարությունը երբեք չի կարող կրկնել անհատական գործողության բազմազանությունը։ Կառավարությունը կարող է միայն ընդհանուր չափանիշներ սահմանել, ինչը կբերի միօրինակության, իսկ դա էլ իր հերթին առաջընթացը կփոխարինի լճացմամբ, որովհետև մարդու՝ փորձարարություն անելու հնարավորությունը կզսպվի։
Իսկ մարդու անհատական գործողության բազամազանությունն ապահովող առավել արդյունավետ կարգն ազատ մրցակցային կապիտալիզմն է. դրանով այն հանդիսանում է տնտեսության և հասարակության զարգացմանն առավել նպաստող համակարգ։
Ըստ Ֆրիդմենի, շուկայի առանձնահատկությունն այն է, որ այն ապահովում է միակարծություն՝ առանց միօրինակության՝ դրանով ապահովելով գործուն ներկայացուցչության արտահայտում։
Որքան շատ հարցեր են թողնված ազատ շուկայի կարգավորմանը, այնքան քիչ անհրաժեշտություն կա քաղաքական
համաձայնության, իսկ որքան շատ կա քաղաքական համաձայնության կարիք, այնքան դժվար է ազատ հասարակությունը պահել։
Այս յուրահատկության շնորհիվ, ազատ շուկայական կապիտալիզմը նվազեցնում է պետական լծակներին տիրելու
գայթակղությունը և իշխանության կողմից բնակչությանը սիրաշահելու անհրաժեշտությունը: Սա օգնում է քաղաքական իշխանության կենտրոնացումից խուսափել, որն էլ իր հերթին նպաստում է ազատությանը։
Վերոնշյալ գաղափարները հիմնավորելու համար Ֆրիդմենն անդրադառնում է մի շարք հասարակական և տնտեսական խնդիրների՝ պետության միջամտության և ազատ զարգացման տեսակետից, օրինակ՝ հարկային, կրթական, առողջապահական, համայնքային քաղաքականությունները, աղքատության հաղթահարման առավել արդյունավետ կապիտալիստական մեթոդները, և այլն:
Միլթոն Ֆրիդմենը, կողմնակից լինելով առավել ազատ տնտեսական հարաբերությունների, քան Քեյնսականները, միաժամանակ կողմ է տնտեսության մեջ պետության ավելի մեծ դերի, քան, օրինակ, Ավստրիական տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները (որոնց առավել ծայրահեղ հեղինակները նույնիսկ համարում են, որ պետությունը չպիտի միջամտի դատական համակարգին կամ հակամրցակցային օրենսդրություն կիրառի)։
Մի շարք գնահատականներով, «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը ճանաչվել է 20-րդ դարի լավագույն 100 ոչ
գեղարվեստական գրքերից մեկը։
Նաև այս գրքի ազդեցությամբ իրականացվեցին խորքային տնտեսական բարեփոխումներ ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, նախկին կոմունիստական ճամբարի մի շարք երկրներում։
Գրքում արծարծված որոշ գաղափարներ, օրինակ, համահարթ հարկումը, կիրառվել են մի շարք պետությունների կողմից, այդ թվում՝ Հայաստանի, Էստոնիայի, Բուլղարիայի, Ռումինիայի։ Վաուչերային կրթական համակարգը կիրառվել է Չիլիի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Կոլումբիայի և այլ երկրների կողմից։
Հայաստանի հասարակությունը, ունենալով կոմունիստական անցյալ, ազդվելով հակաարևմտյան քարոզչությունից, ինչպես նաև՝ ձախական գաղափարախոսությունից, մեծամասամբ զգուշավոր և երբեմն թշնամական վերաբերմունք ունի մրցակցային կապիտալիզմի նկատմամբ: Շատերն այն համարում են սոցիալական անարդարության, տնտեսության քանդման և պետության թուլացման պատճառ։
Պետք է նկատել սակայն, որ մրցակցային կապիտալիզմը Հայաստանում գործում է ընդամենը մի քանի տասնամյակ, և այն էլ սահմանափակված ձևով, ինչը խոչընդոտել է դրա բոլոր դրական արդյունքների ավելի արագ ստացմանը։
Այս համատեքստում կարևոր է, որպեսզի գրքին հնարավորինս լայն զանգվածներ ծանոթանան և պատկերացնեն մրցակցային կապիտալիզմի և պետության միջև իրական կապը, որն իր հիմնական արդյունքով դրական է։
Համաշխարհային պատմությունն ապացուցել է, որ մրցակցային կապիտալիզմը բերում է աղքատության հաղթահարման և պետության հզորացման: Այս պարագայում բացառություն չի կարող լինել նաև Հայաստանը, որտեղ իրական մրցակցային կապիտալիզմի ապահովումը ևս կբերի ընդհանուր բարեկեցության աճի և պետության վերելքի։