Լիբերալի հավատամքն՝ ընդդեմ պատերնալիզմի

Ավետիք Մեջլումյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

   Միլթոն Ֆրիդմենը (1912 — 2006) տնտեսագիտության նորդասական ուղղության Չիկագոյի դպրոցի ներկայացուցիչ էր, 1976-ին՝ Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ տնտեսագիտության ասպարեզում։ Եղել է ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի և ՄեծԲրիտանիայի վարչապետ Մարգարետ Թետչերի խորհրդականը:
   «Կապիտալիզմ և ազատություն» գիրքը լույս է տեսել 1962-ին, Չիկագոյի համալսարանի հրատարակությամբ՝ մինչ օրս բազմակի վերահրատարակվելով և թարգմանվելով տասնյակ լեզուներով:
   Ազատ շուկայի ջատագովությունը Ֆրիդմենի համար պարզապես հերթական ուսումնասիրությունը չէ, այլ՝ կյանքի գործ և հավատամք, որ նաև անձնական արժեքների վրա է հիմնված: 1982-ին գրքի վերահրատարակության նախաբանում նա գրում է.
   «….նման գրքերը թույլ են տալիս հարցերը բաց պահել այնքան, մինչև հանգամանքների բերումով փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա: Մասնավոր և հատկապես պետության գործերում իշխում է իներցիան կամ, այլ կերպ ասած, ստատուս քվոյի բռնապետությունը: Միայն ճգնաժամը (իրական կամ մտացածին) կարող է փոփոխություններ առաջ բերել: ….հենց դա էլ մեր հիմնական գործառույթն է` մշակել այլընտրանքներ գոյություն ունեցող քաղաքականությանը, դրանք կենդանի և պատրաստ պահել այնքան, մինչև քաղաքականապես անհնարինը կդառնա քաղաքականապես անխուսափելի»:

Շուկայի և ազատության կապը
   Գիրքն առաջին հերթին արժեքավոր է շուկայի և ազատության փոխադարձ կապերի հիմնավորմամբ:
   Մի կողմից, տնտեսական հարաբերությունների ազատությունն ինքնին, լայն իմաստով, ազատության բաղադրիչ է: Շուկան ազատության անմիջական բաղադրիչ է՝ ինքնին նպատակ:
   Մյուս կողմից, տնտեսական ազատությունը քաղաքական ազատության հասնելու անհրաժեշտ միջոց է. շուկայական
հարաբերությունները նպաստում են քաղաքական ազատությանը: Շուկան տնտեսական իշխանությունը տարանջատում է քաղաքական իշխանությունից՝ մեկը մյուսին հակակշիռ դարձնելով: Իհարկե, պետք է ընդունել, որ կապիտալիզմը քաղաքական ազատության անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է:
   Ազատությունը պահպանելու համար հարկավոր է ապակենտրոնացնել իշխանությունը: Տնտեսական ուժը պետք է սահմանափակի և զսպի քաղաքական իշխանությունը, այլ ոչ թե զորացնի այն: Դրանք պետք է գտնվեն տարբեր ձեռքերում:
   Ազատ հասարակության առանձնահատկություններից է նաև այն, որ մարդն իրավունք ունի բացեիբաց քարոզել հասարակության կառուցվածքի արմատական փոփոխություններ, եթե, իհարկե, նրա քարոզչությունը սահմանափակվում է համոզելով և չի վերածվում ուժի կիրառման կամ հարկադրանքի այլ ձևերի: Կապիտալիստական հասարակության քաղաքական ազատությա առանձնահատկությունն այն է, որ հասարակության անդամներն, օրինակ, իրավունք ունեն բացեիբաց սոցիալիզմ քարոզել և պայքարել դրան հասնելու համար:
   Մինչդեռ սոցիալիստական հասարակության մեջ կապիտալիզմի ջատագովությունը գրեթե անհնար է, քանի որ բոլոր աշխատատեղերը քաղաքական իշխանության ուղղակի հսկողության տակ են: Որևէ բան քարոզելուց առաջ, մարդը նա պետք է կարողանա ապրուստ վաստակել:
   Այսպիսով, ազատ շուկան թե՛ աշխատանքից ու ձեռներեցությամբ ստացվող եկամտի, թե՛ նվիրատվությունների ու այլ աղբյուրներից ֆինանսների ներգրավման անհամեմատ լայն հնարավորություններ է տալիս: Դա ապահովում է անհատի բարեկեցության որոշակի մակարդակն ու կամքի ազատ դրսևորումը՝ զերծ սահմանափակումներից ու գրաքննությունից:

   Իրապես ազատ կարելի է համարել այնպիսի շուկան, որտեղ փոխանակումն առանց պարտադրանքի է տեղի ունենում: Ազատ մրցակցային կապիտալիզմին բնորոշ պայմաններն են.
   • Ձեռնարկությունները մասնավոր են, այսինքն՝ պայմանավորվող վերջնական կողմերը անհատներն են:
   • Անհատներն ունեն որևէ գործարքի մեջ մտնելու կամ չմտնելու լիակատար ազատություն, այնպես որ բոլոր գործարքները խիստ կամավոր են:
   Հետևաբար, եթե կա պարտադրանք, այդտեղ ազատ շուկայական հարաբերություններ չկան: Հաճախորդին վաճառողի հարկադրանքից պաշտպանում է այլ վաճառողների առկայությունը, որոնց հետ նա կարող է գործարքի մեջ մտնել: Աշխատակցին գործատուի հարկադրանքից պաշտպանում է այլ գործատուի առկայությունը:
   Ֆրիդմենի այս դիտարկումներն անչափ կարևոր են՝ կողմնակալ հարձակումներից ազատ շուկան պաշտպանելու համար: Շուկայի քննադատությունների զգալի մասը թիրախավորում են արհեստականորեն ձևավորված մենաշնորհները, քրեական և այլ ապօրինի եղանակներով կապիտալի վերաբաշխումը, տնտեսական հարաբերություններում տարատեսակ խարդախություններն ու իշխանական դիրքի չարաշահումները: Մինչդեռ, իրապես ազատ շուկան նշվածների հետ կապ չունի, ինչն էլ համոզիչ կերպով ցույց է տրվում գրքի էջերում:

Շուկան՝ քվեարկության և ներկայացուցչականության մեխանիզմ
   Քաղաքական խողովակներով իրականացվող գործողություններին բնորոշ է զգալի միօրինակությունը (որպես կանոն, դրանք որոշակի պարբերականությամբ կազմակերպվող ընտրություններն են, քաղաքական բանավեճերը, պայքարի այլ ձևերը):
   Մինչդեռ շուկայի գլխավոր առավելությունը բազմազանությունն է: Քաղաքական լեզվով ասած՝ շուկան համամասնական ներկայացուցչության համակարգ է: Շուկան նեղացնում է այն խնդիրների շրջանակը, որոնք պետք է լուծել քաղաքական միջոցներով՝ նվազագույնի հասցնելով կառավարության անմիջական մասնակցությունը խաղին:
   Յուրաքանչյուր ոք կարող է, այսպես ասած, քվեարկել իր փողկապի գույնի համար. նա պարտավոր չէ անհանգստանալ, թե ինչ գույն է նախընտրում մեծամասնությունը, կամ ենթարկվել նրանց կարծիքին, եթե հանկարծ հայտնվի փոքրամասնության շարքերում: Շուկայի լայն կիրառումը վերացնում է ընդհանուր կարծիքին ենթարկվելու անհրաժեշտությունը՝ շուկայի ենթակայության տակ գտնվող գործունեության բոլոր ոլորտներում: Որքան մեծ է շուկայի գործունեության շրջանակը, այնքան քիչ են քաղաքական որոշումներ պահանջող հարցերը, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ընդհանուր համաձայնություն ձեռք բերել:
   Բացի այդ, շուկան անաչառ է. հաց գնողը չգիտի, թե ով է աճեցրել հացահատիկը՝ կոմունիստը թե հանրապետականը, ֆաշիստը, սևամորթը թե սպիտակամորթը: Այն տնտեսական գործունեությունը հստակ տարանջատում է քաղաքական հայացքներից և մարդկանց պաշտպանում խտրականությունից:
   Լինելով երդվյալ ազատական՝ Ֆրիդմենը դեմ է ցանկացած բնույթի խտրականության և ճնշման. նա քննադատում է հենց իր ժամանակներին բնորոշ կոմունիստների հետապնդումն ԱՄՆ-ում, չնայած վերջիններիս հետ անհաշտ գաղափարական վեճին:

Պատերնալիզմ և ազատություն
   Ֆրիդմենը հիշեցնում է, որ ազատության հասնելն իմաստ ունի միայն իրենք իրենց համար պատասխանատու անձանց համար: Ըստ նրա, հնարավոր չէ խուսափել գործելու ընդունակ և անգործունակ անձանց միջև բաժանարար գիծ տանելու անհրաժեշտությունից: Պատերնալիզմն անխուսափելի է նրանց նկատմամբ, ովքեր, մեր պատկերացմամբ, սեփական արարքների համար պատասխանատվություն չեն կրում:
   Պետական գործունեության պատերնալիստական հիմքերն ամենից շատ անհանգստացնում են լիբերալին, քանի որ դրանք պահանջում են ընդունել «որոշ մարդիկ կարող են որոշում կայացնել մյուսների փոխարեն» սկզբունքը:
   Օրինակ, սոցիալական բնակարանաշինությունն արդարացվում է միայն պատերնալիզմի հիմքով, ըստ որի՝ աղքատ ընտանիքները բնակարանի կարիք ավելի շատ ունեն, քան մեկ այլ բանի և ունակ չեն իրենց հատկացված գումարը խելամիտ ծախսել: Լիբերալն այս փաստարկը չի ընդունում, եթե խոսքը վերաբերում է մեծահասակներին:
   Սակայն հետևողական լիբերալն անարխիստ չէ. նա ընդունում է պետության հետևյալ կարևոր գործառույթները.
   • Տրամադրել միջոցներ, որոնց օգնությամբ կարող ենք փոխել կանոնները:
   • Հանդես գալ որպես միջնորդ, երբ կանոնները մեկնաբանելիս տարաձայնություններ ենք ունենում:
   • Այդ կանոնները պարտադրել այն քչերին, որոնք հակառակ դեպքում չէին մասնակցի խաղին:
   Պետության միջամտության կարիքը տարբեր անհատների ազատությունների միջև գոյություն ունեցող հնարավոր կոնֆլիկտները լուծելու անհրաժեշտությամբ է պայմանավորված: Պետությունն է ապահովում կարգ ու կանոնը (բացառվում է մեկ անհատի հարկադրանքը մյուսի նկատմամբ), կամավոր համաձայնագրերի կատարումը, սեփականության իրավունքի մեկնաբանումն ու այդ իրավունքի իրագործումը, դրամավարկային համակարգի գործունեությունը:

Լիցենզավորման «աքցանները»
   Երբ օրենսդիրներին փորձում են համոզել, որ մասնագիտական լիցենզիաներ տրամադրելն անհրաժեշտություն է, որպես փաստարկ միշտ բերում են հանրային շահերի պաշտպանությունը: Սակայն այս պահանջը հազվադեպ է գալիս հասարակության այն անդամներից, որոնք իսկապես տուժել են տվյալ մասնագիտության ներկայացուցիչների պատճառով: Հակառակը, լիցենզավորման պահանջը բխում է հենց այդ մասնագիտությունների ներկայացուցիչներից: Արտադրողների ու մասնագետների կազմակերպված խմբերը կարողանում են ավելի մեծ ճնշում գործադրել օրենսդիրների վրա, քան սպառողները:
   Լիցենզավորման ինստիտուտի քննադատության շրջանակում Ֆրիդմենն ամենաարմատական դիրքերից է խոսում՝ որպես օրինակ թիրախավորելով առողջապահության ոլորտը: Ըստ նրա, եթե բժիշկը վնաս է հասցնում միայն իր հիվանդին, դա կամավոր համաձայնության և բժշկի ու հիվանդի միջև հարաբերությունների հարց է: Այս պարագայում միջամտելու որևէ պատճառ չկա: Իհարկե, կարող են իրավիճակներ լինել, երբ բժշկի սխալ բուժումը հանգեցրել է համաճարակի՝ վնաս հասցնելով երրորդ կողմին, որն անմիջական կապ չունի պայմանագրային հարաբերությունների մեջ մտած անձանց հետ:
   Սակայն լիցենզավորման կողմնակիցների գլխավոր փաստարկը վերը նշվածը չէ, որն ինչ-որ չափով ընդունելի է լիբերալի համար, այլ խիստ պատերնալիստական մի փաստարկ, որն ընդունելը բարդ է: Դրա համաձայն, մարդիկ ունակ չեն ինքնուրույն ընտրել նրանց, ովքեր կարող են իրենց որակյալ ծառայություն մատուցել՝ ջրմուղագործ, բժիշկ կամ վարսահարդար: Պատերնալիստները հավատում են, որ մեզնից շատերը կոմպետենտ չեն, և մեզ պետք է պաշտպանել մեր սեփական անտեղյակությունից:
   Գրանցումը, սերտիֆիկացումը կամ լիցենզավորումը, գրեթե անխուսափելիորեն, գործիք են դառնում արտադրողների որոշակի խմբի ձեռքում, որը ձգտում է մենաշնորհային դիրք գրավել՝ ի հաշիվ հասարակության մյուս անդամների: Նրանք, անշուշտ, ամեն ինչ անելու են, որպեսզի գրանցումը վերածվի սերտիֆիկացման, սերտիֆիկացումը՝ լիցենզավորման:
   Ֆրիդմենը համոզված է, որ այն փաստարկը, թե մեր անտեղյակությունը թույլ չի տալիս մեզ դատել մասնագետների
որակավորման մասին, կարելի է չեղյալ համարել՝ անհրաժեշտ տեղեկությունը հասանելի դարձնելով: Եթե, տիրապետելով գիտելիքի ամբողջ ծավալին, մենք նախկինի նման ցանկանանք օգտվել առանց հավաստագրի բժշկական պրակտիկայով զբաղվող մարդու ծառայություններից, ապա դա միայն ու միայն մեր անձնական գործն է:
   Ի վերջո, որևէ ոլորտ մուտք գործելու տարատեսակ լիցենզիաներն ու արգելքները մարդկանց մեջ առաջացնում են դրանք շրջանցելու դրդապատճառներ, և առողջապահությունն էլ բացառություն չէ: Օրինակ, առաջ են գալիս այլ՝ բժշկության գերակա ուղղություններից տարբերվող անվանումներ կրող, այլընտրանքային բժշկական պրակտիկաներ (նոր, անսովոր անվանումներն օգտագործվում են՝ արգելքները շրջանցելու համար):
   Լիցենզավորման հետևանքով բժիշկների թվի սահմանափակումը բերում է նրան, որ բարձր որակավորում ունեցող բժիշկներն իրենց ժամանակի զգալի մասը ծախսում են այնպիսի գործողությունների վրա, որոնք նրանց փոխարեն կարող էին հեշտությամբ անել ուրիշները՝ ավելի ցածր որակավորում ունեցողները: Բժշկական պրակտիկան միայն ընտրյալներին հասանելի դարձնելը նվազեցնում է փորձարկումների ծավալը՝ դանդաղեցնելով տվյալ ոլորտում գիտելիքի աճի տեմպը:
   Ֆրիդմենը հանգում է արմատական թվացող, բայց պարզ ու հիմնավոր լուծմանը. լիցենզավորումը, որպես բժշկությամբ զբաղվելու անհրաժեշտ պայման, պետք է վերացվի:

Դպրոցական վաուչերները՝ դպրոցների միջև քվեարկության մեխանիզմ
   Կրթության բնագավառում Ֆրիդմենը ջատագովում է դպրոցական վաուչերների գաղափարը: Վաուչերների միջոցով
ընտանիքներն ունեն որոշակի ֆիքսված գումարներ, որոնք պետք է ծախսեն պաշտոնապես հաստատված ուսումնական ծրագրերի վրա: Այդ դեպքում ծնողները կարող են ծախսել նաև հավելյալ գումարներ՝ իրենց նախընտրած ուսումնական հաստատությունից կրթական ծառայություններ գնելու համար: Նման ծառայություններ կարող են մատուցել մասնավոր առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունները:
   Եթե կրթության ոլորտին պետության հատկացված միջոցները տրամադրվեն ծնողներին, անմիջապես կհայտնվեն մի շարք դպրոցներ՝ պատրաստ բավարարելու նոր ի հայտ եկած պահանջարկը: Ծնողները կստանան իրենց վերաբերմունքը տարբեր դպրոցների հանդեպ ուղղակի արտահայտելու ավելի լայն հնարավորություն՝ երեխաներին մի դպրոցից հանելով և մյուսն ուղարկելով: Մրցակցությունը կխթանի դպրոցների զարգացմանը և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը՝ ոչ թե ստանդարտ դրույքաչափով, այլ՝ ըստ որակի:

Եկամուտների վերաբաշխում և աղքատության դեմ պայքար
   Ֆրիդմենը գտնում է, որ աղքատության դեմ պայքարի շրջանակում աղքատ ֆերմերին պետք է օգնել ոչ թե նրա համար, որ նա ֆերմեր է, այլ որովհետև աղքատ է: Սոցիալական ծրագրերը պետք է օգնեն կարիքավորներին՝ անկախ նրանց մասնագիտությունից կամ զբաղմունքից, տարիքից կամ որոշակի խմբի պատկանելությունից: Այլ կերպ ասած, պետության միջամտությունը պետք է չխաթարի շուկայի գործունեությունը:
   Պետական ծրագրերի գլխավոր թերությունն այն է, որ պետական լծակներ կիրառելու միջոցով մարդկանց ստիպում են գործել իրենց շահերին հակառակ, իբրև թե հանուն ընդհանուր նպատակի: Դրանք փոխարինում են մասնակիցների արժեքները կողմնակի մարդկանց արժեքներով, փորձում են մարդկանց ուղղորդել հակառակ իրենց կամքի, խլում են մեկից ու տալիս ուրիշին: Այդ պատճառով նման միջոցառումները հանդիպում են մարդկությանը հայտնի ամենահզոր և ստեղծարար ուժի հակազդեցությանը՝ սեփական շահերն ու արժեքները պաշտպանելու միլիոնավոր մարդկանց ձգտմանը:
   Ահա այս պատճառով է նաև, որ Ֆրիդմենը, որպես լիբերալ, խստորեն քննադատում է եկամտի պրոգրեսիվ հարկման համակարգը: Ըստ նրա, դա հարկադրանքի տիպիկ դեպք է՝ մեկից խլելու և մյուսին հատկացնելու նպատակով, ինչն ուղղակիորեն հակասում է անհատի ազատությանը:

Լիբերալի հավատամքը
   Լիբերալ փիլիսոփայությունը հիմնված է մարդու արժանապատվության, ազատությունների, իր ունակությունների նկատմամբ հավատի վրա: Հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է ապրել, ինչպես ուզում է, ու անել, ինչ ցանկանում է՝ պայմանով, որ չի խանգարի այլոց նույնն անել:
   Ազատությունը բացարձակ արժեք է: Եթե հավատում ենք ազատությանը, ապա պետք է հավատանք նաև մարդու՝ սխալներ գործելու ազատությանը: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ապրել այսօրով և իր բոլոր ռեսուրսները ծախսել հաճույքների վրա՝ չմտածելով իր ծերության մասին, ապա պետությունը իրավունք չունի հարկադրելու վերջինիս՝ պարտադիր վճարումներ կատարելու կենսաթոշակային ֆոնդերին:
   Լիբերալը հստակ տարբերակում է մտցնում իրավունքների հավասարության ու հնարավորությունների հավասարության միջև՝ մի կողմից և նյութական հավասարության կամ արդյունքների միջև՝ մյուս կողմից:
   Մինչդեռ էգալիտարիստը, ըստ Ֆրիդմենի, պաշտպանում է մեկից խլելու և մյուսին հատկացնելու գաղափարը: Սակայն ոչ այն պատճառով, որ այդպես «մյուսը» կկարողանա ավելի արդյունավետ հասնել իր նպատակին, այլ քանի որ այդպես ավելի «արդար» է: Այստեղ հավասարությունը սուր հակասության մեջ է մտնում ազատության հետ, և անհրաժեշտ է ընտրություն անել: Այս իմաստով, հնարավոր չէ միաժամանակ և էգալիտարիստ լինել, և լիբերալ:
   Սոցիալական ինստիտուտները գնահատելիս լիբերալներն անհատի կամ ընտանիքի ազատությունն են դիտարկում որպես վերջնանպատակ: Ընդհանուր նպատակների շուրջ համաձայնության հասնելու ընդունելի միջոցներն են ազատ քննարկումը և կամավոր գործակցությունը: Լիբերալի իդեալը միաձայնությունն է, որը ձեռք է բերվել պատասխանատու անհատների միջև ազատ և սպառիչ քննարկումների հիման վրա:

Առնչվող նյութեր