Ավետիք Մեջլումյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Մաքս Վեբերը (1864 — 1920), գերմանացի սոցիոլոգ է, փիլիսոփա և քաղաքական տնտեսագետ։
Նրա անունը հաճախ է հիշատակվում Էմիլ Դյուրկհեյմի և Կարլ Մարքսի անունների հետ՝ որպես սոցիոլոգիայի հիմնադիրներից մեկը։ Վեբերի այլ հայտնի աշխատություններն են՝ «Համաշխարհային կրոնների տնտեսական էթիկան», «Տնտեսություն և հասարակություն», «Քաղաք», «Սոցիոլոգիական հիմնական հասկացություններ»:
Վեբերը հասկացող կամ ըմբռնող սոցիոլոգիայի հիմնադիրն ու ջատագովն է. կարևոր է հասկանալ այն սուբյեկտիվ իմաստներն ու նպատակները, որոնք անհատները դնում են իրենց գործողությունների հիմքում: Միայն այդպես՝ անհատների սոցիալական գործողությունները մեկնաբանելով և դրանց նպատակները հասկանալով կարելի է ուսումնասիրել հասարակությունը:
Վեբերն առանձնացնում է սոցիալական գործողության չորս տեսակ, որոնց ճանաչողական նշանակությունն ակտուալ է մինչ օրս.
• Նպատակառացիոնալ (երբ առարկաները և մարդիկ սեփական ռացիոնալ նպատակներին հասնելու միջոցներ են),
• Արժեքային-ռացիոնալ (երբ գործողությունը կատարվում է հանուն ինչ-որ արժեքի, անկախ իր հետևանքներից),
• Ավանդական (պայմանավորված ավանդույթով կամ սովորույթով),
• Աֆեկտիվ (զգացմունքներով պայմանավորված):
Ռացիոնալ Արևմուտքը
Բողոքականության և տնտեսական վարքի միջև կապերի բացահայտման իր հետազոտությունը Վեբերը մեկնարկում է միայն Արևմուտքին ներհատուկ ռացիոնալության նկարագրությամբ: Նա նշում է, որ թեև հնագույն քաղաքակրթություններում եղել են աշխարհի գիտական ճանաչողության պրակտիկաներ և փորձառություն, սակայն միայն Արևմուտքում գոյություն ունի գիտություն՝ դասական իմաստով, քանի որ մյուսներին պակասում էր մաթեմատիկական հիմնավորումը և ռացիոնալ փորձը:
Ասվածը բնորոշ է ոչ միայն գիտությանը: Ասիական պետական ուսմունքին, օրինակ, պակասում էին համակարգվածությունն ու ռացիոնալ հասկացությունները: Այլ երկրների իրավական ուսմունքի համար պակասում էին խիստ իրավական սխեմաներն ու մտածողության կաղապարները, որոնք Եվրոպայում զարգացել էին հռոմեական իրավունքի հիման վրա: Ռացիոնալ դրույթներով կառուցված սահմանադրություն, պառլամենտ, ռացիոնալ օրենքներով կառավարում. սրանք բնորոշ էին առավելապես Արևմուտքին:
Տպագրական արվեստ կար, օրինակ, Չինաստանում, սակայն կենսունակ գրականություն, պարբերական մամուլ և ամսագրեր առաջացան միայն Արևմուտքում: Եվ հենց Արևմուտքում տպագրությունը դարձավ հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքի վրա ազդեցության հզոր լծակ:
Ռացիոնալ տնտեսվարում
Ռացիոնալությունը ներթափանցել է Արևմուտքի կյանքի բոլոր ոլորտները՝ այդ թվում՝ տնտեսական վարքի մեջ:
Վաստակելու և շահույթի ձգտումը, նշում է Վեբերը, միշտ էլ բնորոշ է եղել տարբեր դարաշրջանների ու սոցիալական խմբերի: Ամենուրեք, հնագույն բոլոր երկրներում (Չինաստան, Հնդկաստան, Բաբելոն, Եգիպտոս) եղել են կապիտալիստական ձեռնարկումներ, սակայն դրանք հիմնականում իռացիոնալ-սպեկուլյատիվ էին (արկածախնդիր) կամ բնութագրվում էին բռնի ձեռքբերումներով:
Միայն Արևմուտքում է զարգացել ազատ աշխատանքի ռացիոնալ կապիտալիստական կազմակերպումը, ինչին նպաստել են հետևյալ երկու կարևոր տարրը.
• Տնային տնտեսության և ձեռնարկության տարանջատումը,
• Դրա հետ սերտորեն կապված ռացիոնալ հաշվապահական հաշվառման զարգացումը:
Եթե ավանդական տնտեսվարման հիմքում կարող էին ընկած լինել ընդունված սովորույթները, իներցիոն կանոններն ու մոտավոր գնահատականները, ապա կապիտալիզմի զարգացումը մեծապես պայմանավորված էր ռացիոնալ, ճշգրիտ հաշվարկով և գնահատմամբ:
Վեբերը կապիտալիստական է համարում տնտեսության այնպիսի վարումը, որը հիմնված է փոխանակման հնարավորության օգտագործման շնորհիվ շահույթ ստանալու ակնկալիքների վրա, այսինքն՝ գործունեություն ծավալելու խաղաղ հնարավորությունների վրա: Դրանում էլ առանցքային նշանակություն ուներ բուրժուական գործարանային կապիտալիզմի առաջացումը՝ ազատ աշխատանքի իր ռացիոնալ կազմակերպմամբ:
Մի քիչ վիճակագրություն. բողոքականներ և կաթոլիկներ
Վեբերը բերում է 1895 թ. մի վիճակագրություն, ըստ որի, Բադենի բնակչության 37 տոկոսը բողոքական էին, 61 տոկոսը՝ կաթոլիկ, 1,5 տոկոսը՝ հրեա: Սակայն ժողովրդական դպրոցներից զատ, ոչ պարտադիր դպրոցներում սովորողների ներգրավվածության հետևյալ պատկերն էր.
• Վարժարաններում 43%-ը բողոքական էին, 46%-ը՝ կաթոլիկ, 9,5%-ը՝ հրեա:
• Միջնակարգ վարժարաններում 69%-ը բողոքական էին, 31%-ը՝ կաթոլիկ, 9%-ը՝ հրեա:
• Ավագ դպրոցներում 49%-ը բողոքական էին, 40%-ը՝ կաթոլիկ, 11%-ը՝ հրեա:
Այսպիսով, նշված կրթական հաստատություններում միջինում սովորողների 48%-ը բողոքական էին, 42%-ը՝ կաթոլիկ, 10%-ը՝ հրեա: Այսպիսով, բողոքականներն ու հրեաները բնակչության մեջ իրենց տեսակարար կշիռն էականորեն գերազանցող ներկայացվածություն ունեին կրթության մեջ:
Բողոքականներն, ըստ Վեբերի, տնտեսական ռացիոնալիզմի առանձնահատուկ հակվածություն են ցուցաբերել, ինչն այդ նույն կերպով չի նկատվել կաթոլիկների մոտ: Ակնհայտ էր աշխատավորության վերին ուսյալ շերտերի, բարձրակարգ տեխնիկական և առևտրական անձնակազմի՝ առավելապես բողոքական լինելը: Կաթոլիկները հիմնականում արհեստավորներ էին, մինչդեռ բողոքականները գնում են ֆաբրիկաներ՝ ղեկավար դիրքերը համալրելու: Հստակ տարբերություն կար նաև այն հարցում, թե ինչ տիպի մասնագիտություններ են ընտրում այս երկու դավանանքները. կաթոլիկները՝ հումանիտար, բողոքականները՝ տեխնիկական:
Վիճակագրությանն այս անդրադարձով Վեբերը հիմնավորում է, որ անհրաժեշտ է հետազոտել տվյալ դավանանքի այն յուրահատուկ տարրերը, որոնք պայմանավորել են վերոնշյալ իրողությունները:
Սակայն նա նաև զգուշացնում է, որ դավանանքային պատկանելությունը ոչ միայն տնտեսական երևույթների պատճառ է, այլ որոշ չափով՝ նման երևույթների հետևանք: Նկարագրված տնտեսական գործառույթներին մասնակցելու նախադրյալներ են մասամբ կապիտալի սեփականությունը և ծախսատար դաստիարակությունը՝ ժառանգված հարստությունը և բարեկեցությունը:
Այլ կերպ ասած, հակադարձ պատճառահետևանքային կապը ևս տեղ ունի. ոչ միայն բողոքականությունն է պայմանավորել կապիտալի սեփականությունը և բարձր կրթական ու սոցիալական աստիճանակարգումը, այլ երբեմն հակառակ ազդեցությունն էլ է նկատվել: Օրինակ, 16-րդ դարում հարուստ քաղաքների բնակչությունն աստիճանաբար շրջվել է դեպի բողոքականություն:
Վերջապես, իր ուսումնասիրության մեկնարկին Վեբերը զգուշացնում է, որ պետք չէ պաշտպանել մի այնպիսի խենթ թեզ, թե իբր կապիտալիստական ոգին կարող էր առաջանալ միայն Ռեֆորմացիայի ազդեցությամբ կամ այն, որ կապիտալիզմը որպես տնտեսական համակարգ՝ ռեֆորմացիայի արդյունք է: Ըստ նրա, նման տեսակետը պետք է մերժել, քանի որ կապիտալիստական գործառնությունների որոշ կարևոր ձևեր Ռեֆորմացիայից ավելի հին են:
Կապիտալիզմի ոգին
Կապիտալիզմի ոգու առանցքային հատկանիշները ցույց տալու համար Մաքս Վեբերը հղում է կատարում Բենջամին Ֆրանկլինի քարոզին, որից առանձնացնում է երկու հիմնարար տարր.
• Վարկունակ, բարեխիղճ մարդու կատարելատիպը,
• Սեփական կապիտալի մեծացման պարտականության գաղափարը:
Սակայն Ֆրանկլինի բարոյական դրույթներն օգտապաշտական հիմնավորում ունեն. ազնվությունը շահավետ է, քանի որ այն վարկ է բերում: Եթե թվացյալ ազնվությունը նույն արդյունքն է տալիս, ապա դա ևս ընդունելի առաքինություն է: Ճշտապահությունը, աշխատասիրությունը, չափավորությունը՝ նույնպես:
Վեբերը նշում է, որ այդ էթիկայի բարձրագույն բարիքը փող և ավելի շատ փող վաստակելն է՝ խուսափելով անկաշկանդ վայելքից, զրկելով բոլոր երջանկապաշտական կամ հաճույքապաշտական (հեդոնիստական) տեսակետներից:
Վեբերի համար կապիտալիզմի ոգին « ….այն մտածելակերպն է, որին հատուկ է մասնագիտության մեջ լեգիտիմ շահույթի սիստեմատիկ և ռացիոնալ ձգտումը»:
Այս առումով պետք է տարբերել կապիտալիզմի ոգին կրող, նոր սերնդի ձեռներեցներին՝ ավանդական տնտեսվարում ունեցող ձեռներեցներից: «Հների» էթոսի հիմքում ընկած էին ավանդական ապրելակերպը, շահույթի ավանդական չափը, աշխատանքի ավանդական ծավալը, գործավարության և աշխատողների ու ավանդական հաճախորդների շրջանակի հետ վերաբերմունքի ավանդական ձևերը, հաճախորդների ներգրավման ու սպառման եղանակները:
Այս հովվերգական վիճակը սկսեց փլուզվել դաժան մրցակցային պայքարի արդյունքում: Կապիտալիզմի ոգու ձևավորումն ու վերելքը զուգակցվում էր նախկին շքեղ ու հանգիստ կենսակերպի փոփոխությամբ. այն իր տեղը զիջում էր կոշտ սթափությանը: Աճում են գործարարից պահանջվող աշխատանքի լարվածությունն ու արտադրողականությունը, ինչն անհամատեղելի է հարմարավետ կյանքը վայելելու հետ: Այս էթիկական հատկանիշները համարժեք չէին անցյալի ավանդականության հատկանիշներին: Շահույթը ներդրվում էր արտադրության մեջ. նպատակը ոչ թե սպառելն էր, այլ՝ շահույթ ստանալը:
Վեբերը հակադրվում է Մարքսի մատերիալիստական մոտեցմանը՝ ցույց տալով, որ այնտեղ, որտեղ կապիտալիստական ոգին առաջանում է, այն ձեռք է բերում իր ազդեցության համար անհրաժեշտ դրամական միջոցներ, բայց հակառակը երբեք չի լինում: Այլ կերպ՝ որտեղ ձևավորվում է կապիտալիզմի ոգին, հայտնվում են կապիտալն ու հավելյալ շահույթը: Հակառակը (Մարքսի մոտեցումը) չի աշխատում. մատերիալիստական հենքը բավարար և անհրաժեշտ պայման չէ կապիտալիզմի ոգու ձևավորման համար:
Նախասահմանվածության և ընտրյալության ուսմունքը
Կապիտալիզմի ոգու վերելքին մեծապես նպաստել է ճգնավորական բողոքականության կրող կալվինականությունը, հատկապես այն տեսքով, որ այն ձեռք է բերել 17-րդ դարում արևմտաեվրոպական տարածքներում:
Կալվինականության գլխավոր դոգման ընտրյալության մասին ուսմունքն է: Կալվինի համար անվիճելի փաստ է, որ մարդկանց միայն փոքր մասն է կոչված երանության: Մեր անհատական ճակատագրի իմաստը շրջապատված է մութ գաղտնիքներով, որոնք բացահայտելն անհնար և անթույլատրելի է: Մարդկանց մի մասը հասնում է երանության, իսկ մյուսները մնում են անիծված: Բոլորովին անքննելի որոշումներով յուրաքանչյուրին բաժին է հասել իր ճակատագիրը: Աստծո ողորմածությունը չեն կարող կորցնել նրանք, ում նկատմամբ նա բարեհաճ է և չեն կարող արժանանալ նրանք, ում նա մերժում է:
Այս ուսմունքի գլխավոր ազդեցությունն առանձին անհատի ներքին միայնության չլսված զգացումն էր: Նա պետք է միայնակ անցներ իր ճանապարհը՝ հավերժությունից իր համար կանխորոշված ճակատագրին ընդառաջ: Ոչ ոք չէր կարող օգնել նրան՝ ոչ քարոզիչը (միայն ընտրյալը կարող է աստծո խոսքը հասկանալ), ոչ էլ սուրբ խորհուրդները, որոնք ևս միջոց չէին՝ աստծո ողորմածությունը նվաճելու համար:
Եկեղեցու և սուրբ խորհրդի միջոցով փրկության վերացումը ամենաորոշիչ տարբերությունն էր կաթոլիկությունից: Սա աշխարհի ապակախարդման մեծ կրոնապատմական գործընթացի եզրափակումն էր, որ մի կողմ նետեց փրկության մոգական միջոցները:
Զարգացած կալվինականության տարածքներում անհետացավ նաև անհատական խոստովանությունը: Մեղքի զգացական գիտակցության պարբերական լիցքաթափման միջոցը չեզոքացվեց:
Ի հակադրություն կալվինականության, «….կաթոլիկի համար ….հոգևորականը մի կախարդ էր ….Նրան կարելի էր դիմել զղջման և ապաշխարության պատրաստ լինելու դեպքում, իսկ նա տալիս էր քավություն, փրկության հույս, ներման վստահություն և դրանով իսկ թեթևացնում այն ահռելի լարվածությունից, որ կալվինականի ճակատագրի անբաժանելի և ոչնչով չմեղմացվող մասն էր:
Կալվինականին ծանոթ չէր կարեկցական ու մարդկային մխիթարությունը ….Կալվինականության աստվածն իր հետևորդներից պահանջում էր ոչ թե առանձին «լավ արարքներ», այլ համակարգային մոտեցման վերաճած սրբանմանություն»:
Ճգնակեցությունը, մասնագիտական կոչումն ու աշխատանքը
Այլևս փրկությունը մոգական միջոցները չէին կամ մեղքերի թողությունը կամ բարեպաշտ արարքները, այլ՝ բնությունից սերված մարդու կենսաոճից միանշանակորեն տարբերվող փոխակերպումը: Ճգնավորությունն այլևս ավելցուկային գործ չէր, այլ աշխատանք, որը կարող էր կատարել յուրաքանչյուր ոք, ով ուզում էր ձեռք բերել սեփական ընտրյալության համոզվածությունը:
Բնական կյանքից տարբերվող այդ առանձնահատուկ կյանքն արդեն տեղի էր ունենում ոչ թե աշխարհից դուրս՝ վանական համայնքային կառույցներում, այլ՝ աշխարհի և դրա կարգերի ներսում: Քրիստոնեական ճգնավորությունը, որ սկզբում ձգտում էր փախուստի դիմել աշխարհիկ կյանքից դեպի միանձնություն, այժմ արդեն եկեղեցական տիրապետություն էր հաստատել այն աշխարհի նկատմամբ, որից հրաժարվել էր: Սա մեր իմացած ավանդական, աշխարհից փախչող ճգնավորությունը չէ: Սա արդեն ճգնավորություն է աշխարհի մեջ. սթափ, արթուն, գիտակից ու ռացիոնալ կյանքը:
«Մասնագիտություն», «կոչում» հասկացությունները հենց բողոքականությունն է բերում ասպարեզ՝ ոչ թե որպես ներքին աշխարհի հոգևոր ճգնավորություն, այլ՝ աշխարհիկ պարտականությունների կատարում:
Աշխարհը գոյություն ունի միայն այն բանի համար, որ ծառայի աստծո ինքնամեծարմանը, ընտրյալ քրիստոնյան գոյություն ունի միայն այն բանի համար, որ աստծո պատվիրանների կիրառման միջոցով փառավորի աստծուն: Սակայն աստված ցանկանում է քրիստոնյայի սոցիալական գործունեությունը, որպեսզի կյանքի սոցիալական պատկերը համապատասխանի իր պատվիրաններին և նպատակին: Դրան ծառայում է հենց մասնագիտական աշխատանքը:
Ըստ Վեբերի, «Կալվինականության մեջ մերձավորի հանդեպ սերը ստանում է առարկայական, անանձնական բնույթ՝ որպես շրջապատող հասարակական տիեզերքի ռացիոնալ ձևավորմանն ուղղված ծառայություն»: Այդ աշխատանքն աստծուն փառավորող և աստվածահաճո աշխատանք է:
Մասնագիտական անխոնջ աշխատանքը միայն կարող է վերացնել սեփական ընտրյալության վերաբերյալ կասկածներն ու ամրապնդել նախասահմանության համոզմունքը. «Աշխարհիկ մասնագիտական աշխատանքը կրոնական վախերով պայմանավորված հուզմունքը հաղթահարելու միջոց է»:
Կալվինականն ինքն է ստեղծում (իր աշխատանքով ու գործունեությամբ) իր համոզվածությունը՝ սեփական ընտրյալության / երանության հարցում: Աստված օգնում է նրան, ով ինքն է իրեն օգնում:
Վայելքների և սպառման կաշկանդումը
Մասնագիտական կոչման գաղափարի ամենահետևողական հիմնավորումը տվել է կալվինականության հողի վրա ի հայտ եկած անգլիական պուրիտանությունը, հատկապես՝ Ռիչարդ Բաքսթերը: Ըստ նրա, դատապարտման է արժանի սեփականության վրա հանգստանալը, հարստությունը վայելելը՝ դրանից բխող անգործության և վավաշոտության հետևանքներով: Որպեսզի երկրի վրա մարդը համոզվի իր փրկության մեջ, պետք է կատարի իրեն ուղարկողի գործերը: Սակայն աստված պահանջում է ոչ թե պարզապես աշխատանք, այլ մասնագիտական ռացիոնալ աշխատանք:
Առաջին և ամենածանր մեղքը ժամանակի վատնումն է՝ հաճույքներն ու ժամանցը, դատարկախոսությունը, պերճանքը և անգամ երկար քնելը: Գայթակղությունների և անմաքուր կյանքի դեմ լավագույն կանխարգելիչ միջոցը աշխատանքն է:
Աշխարհիկ բողոքական ճգնավորությունն իր ամբողջ ծանրությամբ ընդդիմանում էր սեփականության անկաշկանդ վայելքին և զսպում էր սպառումը, հատկապես՝ պերճանքի առարկաների սպառումը: Ճգնավորությունը սեփականատերերից չէր ակնկալում ինքնակեղեքում, այլ պահանջում էր սեփականության օգտագործում անհրաժեշտ և գործնականում օգտակար նպատակների համար: Ճգնավորությունը հավասարապես պայքարում էր ինչպես անկարգապահության, այնպես էլ զուտ բնազդային ընչաքաղցության դեմ:
Ճգնավորական խնայողության պարտադրանքի գլխավոր արդյունքն է դառնում կապիտալի ձևավորումը: Սպառողական օգտագործման խոչընդոտները նպաստում են, որ ձեռք բերվածը՝ որպես ներդրումային կապիտալ, արտադրողական կիրառում գտնի:
Աշխատանքային պարտականության կատարման միջոցով աստծո թագավորությանը հասնելու ձգտումը և խստապահանջ ճգնավորությունը եկեղեցին պարտադրում էր նաև ունեզուրկ խավերին, ինչն էլ նպաստում էր աշխատանքի արտադրողականությանը: Աշխատանքն ու ձեռնարկատիրական ջանքը համարվում էին աստծո առաջ ունեցած պարտականություն:
Վեբերը նշում է, որ հաղթանակած կապիտալիզմն այլևս չունի ճգնավորության ոգու հենարանի կարիքն այն պահից սկսած, երբ այն ձեռք բերեց մեխանիկական հիմք (արտադրության մեքենայացում). «Այսօրվա կապիտալիստական տնտեսակարգը մի ահռելի տիեզերք է: Այստեղ ծնվում է յուրաքանչյուր անհատ և դա նրան տրվում է որպես անփոփոխելի կառույց, որտեղ նա պարտավոր է ապրել: Մերօրյա կապիտալիզմը դաստիարակում և ստեղծում է իրեն անհրաժեշտ տնտեսական սուբյեկտներին՝ գործարարներին և աշխատողներին»:
Քննադատական հայացք
Վեբերի ուշագրավ տեսության քննադատության պակաս երբեք չի եղել: Քննադատները մատնանշել են պատմական փաստեր, որոնք առերևույթ հակասում էին առաջ քաշված մոտեցմանը:
Տարածված տեսակետներից է, օրինակ, այն, որ կապիտալիզմի առաջընթացը Հոլանդիայում և Անգլիայում 16-17-րդ դարերում, ոչ թե պայմանավորված է դրանց՝ բողոքական երկրներ լինելու հանգամանքով, այլ բարձր տնտեսական ակտիվությամբ և աշխարհագրական մեծ հայտնագործություններով։ Քննադատության մեջ հաճախ է բերվում կաթոլիկ Ֆրանսիայի օրինակը, որը շատ արագ հետևել է Հոլանդիայի և Անգլիայի զարգացմանը: Կամ՝ Իտալիայի օրինակը, որտեղ դեռ 14-րդ դարից էր սկսել զարգանալ կապիտալիզմը: Ասիական երկրներում ևս կապիտալիզմը զարգացել է առանց քրիստոնեության:
Այնուամենայնիվ, Մաքս Վեբերի արժեքավոր այս աշխատության գլխավոր բացը մեթոդաբանական է: Վեբերի ուսումնասիրության գլխավոր մեթոդը՝ կրոնական տեքստերի (հիմնականում՝ բողոքական աստվածաբանների և կրոնական գործիչների հեղինակությամբ) վերլուծությունն առերևույթ հակասում է հենց Վեբերի առաջ քաշած մեկ այլ հայեցակետի՝ հասկացող կամ ըմբռնող սոցիոլոգիային: Ըմբռնողական սոցիոլոգիայի նպատակն է՝ հասկանալ այն սուբյեկտիվ իմաստներն ու նպատակները, որոնք անհատները դնում են իրենց գործողությունների հիմքում: Վեբերի ճանաչողական հայեցակարգում հասարակական կյանքի ուսումնասիրությունն այլ կերպ դժվար է պատկերացնել:
Մինչդեռ քննարկվող այս աշխատությունը բավական հեռու է անհատների սոցիալական գործողությունների իմաստները հասկանալու նպատակադրումից: Վեբերը մանրակրկիտ դիտարկում ու քննարկում է տեքստեր. դավանաբանական մեկնություններ, կրոնական քարոզներ, և այլն: Սակայն հասկացման շղթայի մեջ մի կարևոր օղակ է պակասում. ինչպիսի՞ն է եղել գործող անհատների՝ քննարկվող տեքստերի ընկալումն ու մեկնաբանությունը: Կապիտալիզմի ոգու կրող նոր խավերը, ջերմեռանդ ու ասկետիկ ձեռներեցներն այս գրքում լուռ են. նրանց ձայնն ու կերպարն անշոշափելի է:
Ուսումնասիրության հիմքում կարծես այն ենթադրությունն է ընկած, թե կրոնական տեքստերը մարդկանց տնտեսական վարքը վերափոխելու և բարոյական դրույթներն ուղղակի գործողության մեջ դնելու մի անդիմադրելի զորություն ունեն: Թվում է՝ դրանք կյանքի կոչող սոցիալական սուբյեկտներն օժտված չեն կամքով և մեկնաբանության ունակությամբ:
Հնարավոր է՝ աշխատության մեջ սոցիալական սուբյեկտների՝ անհատների կիրառած իմաստների ու նպատակների ուսումնասիրությունը տեղ չի գտել պարզապես էմպիրիկ փաստերի սղության պատճառով: Սակայն մեթոդական հակասությունը չի նվազեցնում Մաքս Վեբերի ուսումնասիրության արժեքը, հատկապես այն ազդեցությունը, որ այն ունեցել է նոր գիտական հետազոտություններ խթանելու և հարցեր առաջադրելու առումով: