Պոպուլիզմը՝ «ժողովուրդ» հասկացությունը մանիպուլացնող հակապլյուրալիզմն է

Էդգար Վարդանյան
Անկախ հետազոտող, քաղաքագետ

  Յան-Վերներ Մյուլլերի «Ի՞նչ է պոպուլիզմը» գիրքը «պարտադիր է կարդալու համար» շարքից է։ Այն պետք է որ հետաքրքրի բոլոր նրանց, ովքեր հաճախ են լսում, առավել ևս, օգտագործում պոպուլիզմ բառը։ Իսկ այդպիսիք այսօր բազմաթիվ են ողջ աշխարհում, այդ թվում, նաև Հայաստանում։
  Պատահական չէ, որ 2017-ին Քեմբրիջի բառարանը պոպուլիզմը տարվա բառ էր հռչակել։ Բայց խնդիրն այն է, որ, ինչպես նշում են հետազոտողները, այդ բառը շատ տարբեր կերպ է օգտագործվում, ինչի արդյունքում էլ վերջինիս բովանդակության շուրջ խառնաշփոթ է տիրում։ Այս գրքում պոպուլիզմը կիրառվում է այն բովանդակությամբ, որով այն հիմնականում ներկայացված է Եվրոպայի սոցիալ-քաղաքական կյանքում, մեդիայում և ժամանակակից ակադեմիական շրջանակներում։

  Գրքի հեղինակը նշում է, որ շատ հաճախ պոպուլիզմ բառն օգտագործվում է որպես դեմագոգիա (ժողովրդահաճություն) բառի հոմանիշ, ինչը չի բացահայտում պոպուլիզմ կոչվող ժամանակակից երևույթը։ Ավելին, Մյուլլերը պնդում է, որ պոպուլիզմը, օրինակ, տեղ չուներ աթենյան դեմոկրատիայում, որում տարածված էր հենց դեմագոգիան։

  Եվ ուրեմն՝ ի՞նչ է պոպուլիզմը։ Չկա պոպուլիզմի հստակ մեկ սահմանում։ Սակայն ակադեմիական գրականությունում տարածված է հոլանդացի քաղաքագետ Քաս Մուդեի սահմանումը, ըստ որի, պոպուլիզմը նեղ գաղափարախոսություն է, որը հասարակական-քաղաքական կյանքը դիտարկում է որպես երկու սուբյեկտների՝ անփոփոխ կամք ունեցող բարոյական ժողովրդի և բարոյազուրկ էլիտաների միջև պայքար։ Ըստ պոպուլիստների, քաղաքականության միակ նպատակն է ժողովրդի բարոյական անփոփոխ կամքի արտացոլումը։
  Յան-Վերներ Մյուլլերը գրեթե նույն սահմանումն է տալիս, բացառությամբ նրա, որ վերջինս պոպուլիզմը չի որակում որպես «նեղ» գաղափարախոսություն: Նա պոպուլիզմը դիտարկում է որպես «քաղաքականության բարոյական երևակայություն»: Սակայն, ըստ իս, խոսքը նույն նեղ գաղափարախոսության մասին է, քանզի գործ ունենք քաղաքականության վերաբերյալ որոշակի պատկերացման հետ և այդ պատկերացումները չեն ենթադրում քաղաքականության բոլոր ասպեկտների վերաբերյալ մոտեցումների առկայություն։

  «Նեղ» գաղափարախոսություն ասելով՝ պետք է հասկանանք հետևյալը. դա գաղափարախոսության այնպիսի տեսակ է, որում չկան սեփական մոտեցումներ հասարակական-քաղաքական կյանքի մի շարք կարևորագույն հարցերի մասին, ինչպիսիք են, օրինակ, հարկահանության համակարգը, պետության մասնակցությունը տնտեսությունում, սոցիալական աջակցության համակարգը, և այլն։ «Նեղ» գաղափարախոսությունը, այսպես ասած, «նստում է» քաղաքական գաղափարախոսական սպեկտրի որևէ հատվածի վրա։ Այսպիսով, կարող ենք խոսել ձախ և աջ պոպուլիզմի մասին, իսկ ավելի հաճախ՝ ծայրահեղ ձախ կամ ծայրահեղ աջ պոպուլիզմի մասին։

  Պոպուլիզմի կարևորագույն հատկանիշն է պլյուրալիզմի (բազմազանության, բազմակարծության) ժխտումը։ Պոպուլիստի տրամաբանությունը հետևյալն է. եթե ժողովուրդը միշտ ճիշտ է և եթե ժողովուրդը միասնական կամք ունի, ապա ինչի համար է պետք բազմակարծությունը / բազմազանությունը։ Պոպուլիստական հայեցակարգի մեջ տարբեր մոտեցումների առկայությունը, բազմազանությունը նշանակում է ժողովրդի կամքին հակառակ մոտեցումների առկայություն։ Պոպուլիստական տրամաբանությունն այն է, որ եթե բացի այն մեկ ճշմարիտից (որը ժողովրդի կամքն է) այլ մոտեցումներ կյանքի կոչվեն, դա կնշանակի, որ ժողովրդի կամքը խաթարված է, որ ժողովրդի շահերին դեմ գնացող քաղաքականություն է իրականացվում։ Իսկ քաղաքականությունը, ըստ պոպուլիստի, ոչ այլ ինչ է, քան ժողովրդի միասնական կամքի արտահայտման գործընթաց։

  Բնականաբար, պոպուլիստը հայտարարում է կամ հասկացնել է տալիս, որ գոյություն ունեցող մեկ անփոփոխ ճշմարտությունը հենց միայն ինքն է արտահայտում։ Սակայն նա միշտ ասում է, որ այդ ճշմարտությունը ժողովրդի կամքն է։ Եվ այստեղ պետք է խոսել այն մասին, թե ինչ է ժողովուրդը, ըստ պոպուլիզմի։ Առանց այս հարցի պարզաբանման, կարծում եմ, պոպուլիզմի մասին պատկերացումներն առնվազն թերի կլինեն։
  Յան-Վերներ Մյուլլերն ասում է, որ պոպուլիստական մոտեցումն այն է, որ բոլոր նրանք, որոնք չեն կիսում պոպուլիստական կուսակցության գաղափարները, ժողովուրդ չեն։ Այսինքն, պոպուլիստների համար ժողովուրդն արհեստական կոնստրուկտ է, ժողովուրդը քաղաքացիների ամբողջությունը չէ։ Նրանք, օրինակ, երեք միլիոնանոց ժողովրդի միայն, ենթադրենք, տասը հազար մարդու աջակցությունն ունենալով կարող են ասել, որ հենց այդ մարդիկ են ժողովուրդը, որ ժողովուրդն իրենց հետ է։ Սա, իհարկե, չի նշանակում, որ նրանք հրաժարվում են հանդես գալ ողջ ժողովրդի անունից: Նրանք հասկացնել են տալիս, որ բոլոր նրանք, որոնք չեն սատարում իրենց, ուղղակի դեռ չեն հասկացել, թե որն է ճիշտ ուղին։

  Պոպուլիզմը լիբերալ-դեմոկրատիայի ստվերն է՝ նշում է Մյուլլերը: Նա նաև պնդում է, որ պոպուլիզմը չի լրացնում լիբերալ- դեմոկրատիայի բացերը, ինչպես ոմանք են ասում, քանի որ պոպուլիստներին իրականում չի հետաքրքրում ո՛չ ազատականությունը, ո՛չ էլ ժողովրդավարությունը։ Իրականում պոպուլիստներն ուղիղ դեմոկրատիայի մեխանիզմներին են դիմում միայն նրա համար, որպեսզի իրենց առաջարկած, իրենց ձեռնտու լուծումները ներկայացնեն որպես ժողովրդի կամքից բխող, որպես միակ ճշմարտություն։
  Իշխանական լծակներ ձեռք բերելով՝ պոպուլիստները փորձում են այնպես անել, որ հավասար հնարավորություններ չլինեն տարբեր տեսակետներ, մոտեցումներ գեներացնելու և հնչեցնելու համար։ Իսկ հանրաքվեներն ու ընտրությունները նրանք օգտագործում են սեփական իշխանությունը, սեփական քաղաքականությունը լեգիտիմացնելու համար։ Այնպես չէ, որ պոպուլիստները հրաժարվում են դեմոկրատական ինստիտուտներից, սակայն նրանք բովանդակազրկում են վերջիններս։
  Այդ պատճառով է, որ պոպուլիզմը դիտարկվում է որպես լիբերալ-դեմոկրատիայի գոյությանը սպառնացող հիմնական ժամանակակից մարտահրավերներից մեկը։ Պոպուլիստները, ի տարբերություն, օրինակ, տարատեսակ ֆունդամենտալիստների, չեն հայտարարում, որ իրենք դեմոկրատիայի դեմ են և իրավական շրջանակներից դուրս իրենց չեն դնում։ Նրանք հաճույքով օգտվում են դեմոկրատական ինստիտուտներից, որպեսզի թողնելով ձևը՝ վերացնեն վերջիններիս բովանդակությունը։

  Այսօր կա բանավեճ առ այն, թե ինչպես պետք է դեմոկրատական պետությունները և դեմոկրատական հանրությունները պայքարեն այս երևույթի դեմ։ Մյուլլերն առաջարկում է պայքարել պոպուլիզմի դեմ առանց գրաքննությանը դիմելու, առանց պոպուլիստներին քաղաքականությունից դուրս մղելու։
  Համաձայն լինելով այդ սկզբունքի հետ, կարծում եմ՝ պետությունը պետք է նաև պատժիչ մեխանիզմներ կիրառի պոպուլիզմ որոշակի կոնկրետ դրսևորումների նկատմամբ։ Օրինակ, պոպուլիստները, հատկապես ծայրահեղ աջ, ծայրահեղ ազգայնական պոպուլիստները, հաճախ են դիմում ատելության խոսքի կիրառմանը։ Իսկ ատելության խոսքը, շատ եվրոպական երկրներում, այդ թվում, Հայաստանում՝ քրեականացված է։ Ուստի ատելության խոսքի դեմ արդյունավետ պայքարն էապես կարող է կրճատել պոպուլիստների տարածքը։

Առնչվող նյութեր