Ավետիք Մեջլումյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Պոպուլիզմը դեմագոգիան չէ
«Պոպուլիզմ» բառի լայնածավալ և անհարկի կիրառության պակաս ակնհայտորեն չկա: Բանավիճող յուրաքանչյուր կողմ սեփական իմաստն է ներարկում այս հասկացության մեջ, ինչի պատճառով այն դառնում է բովանդակազուրկ: «Պոպուլիստ» պիտակը վերածվել է ընդդիմախոսին լռեցնելու գործիքի, ինչից հաճախ օգտվում են հենց իրենք՝ պոպուլիստները:
Յան-Վերներ Մյուլլերի աշխատությունն արժեքավոր է նրանով, որ առաջարկում է հասկացության մեկնաբանության լավ հիմնավորված մի շրջանակ: Դրանից դուրս են մնում, օրինակ, պոպուլիզմի հետ սխալմամբ նույնականացվող դեմագոգիան և նմանատիպ այլ ֆենոմեններ:
Մյուլլերի մոտեցման շրջանակում դեմագոգիան (ամբոխավարություն, ամբոխահաճություն) կարծես այդքան էլ արժեքավոր շրջանակ չէ՝ քաղաքական կյանքը նկարագրելու համար: Ինչ-որ իմաստով, քաղաքական գործիչների ու կուսակցությունների մեծ մասը դեմագոգ է: Նրանք բարդ խնդիրներին պարզ (բայց չաշխատող) լուծումներ են խոստանում, հաճոյանում ու սիրաշահում են ժողովրդին, հաճախ անպատասխանատու կոչեր են հնչեցնում, քանի դեռ ընդդիմության մեջ են: Յուրաքանչյուրը փորձում է հղում անել ժողովրդին, մեծ թվով մարդկանց համար ընկալելի բաներ ասել, հաղորդակից լինել հասարակ մարդկանց ապրումներին ու մտածումներին:
Դժվար է տարբերակել, թե այդ բոլոր գործիչներից ու քաղաքական խմբերից որն է իրականում պատասխանատու կամ անպատասխանատու, անկեղծ կամ կեղծավոր: Հնարավոր է, որ դեմագոգ թվացող ուժերն իրապես արտահայտում են հասարակական որոշակի խավերի կարիքներն ու շահերը: Հետևաբար, դեմագոգիայի մեղադրանքը դժվար է հիմնավորել, փաստարկել: Այն օգտակար սխեմա չէ՝ քաղաքական դաշտի դերակատարներին դասակարգելու համար: Այլ հարց է պոպուլիզմը, որն իրական վտանգ է սպառնում ժողովրդավարական կարգին և որի ուսումնասիրությունը պահանջված է:
Պոպուլիզմի առանցքային հատկանիշները
Մյուլլերի հայեցակարգն առաջ է քաշում պոպուլիզմին բնորոշ մի շարք առանցքային հատկանիշներ.
• Պոպուլիստների աշխարհում էլիտաները բարոյազուրկ են, կոռումպացված և դավադիր, իսկ նրանց հակադրվող ժողովուրդը՝ բարոյական ու համասեռ հանրույթ, որ չի կարող սխալվել:
Պոպուլիստներն անմեղ ու քրտնաջան աշխատող մարդկանց հակադրում են կոռումպացված էլիտային, որին միայն իր շահերն են հետաքրքրում: Յուրաքանչյուր պոպուլիստ փորձում է միավորել իր ժողովրդին, այսինքն՝ միակ իրական ժողովրդին: Բնականաբար, այդպիսի ժողովուրդը հորինվածք է:
• Պոպուլիստները հակապլյուրալիստ են. ըստ նրանց, բազմազանությունն ու բազմակարծությունը վտանգավոր են, քանի որ մասերի են բաժանում անարատ և համախմբված ժողովրդին:
Պոպուլիստները երազում են հոլիզմի՝ ամբողջապաշտության մասին: Հանրույթն այլևս պետք է բաժանումների չենթարկվի: Քանի որ իրական ժողովուրդը միասնական է, այդ ժողովրդի բոլոր մասնիկները միասին կարող են ունենալ մեկ իսկական ներկայացուցիչ:
• Դեմ չլինելով ժողովրդավարությանն ու քաղաքական ներկայացուցչությանը՝ պոպուլիստները պնդում են, որ միայն իրենք են ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչները:
Դրա համար կարելի է արանքից հանել բարդ կուսակցական կազմակերպություններին՝ որպես միջնորդների: Եթե նախկինում կուսակցությունները լեգիտիմ միջնորդ էին՝ պլյուրալիստական հասարակության և քաղաքական համակարգի միջև, ապա պոպուլիստների համար դրանք անհարկի տարանջատում ու լարվածություն ստեղծող մարմիններ են:
Թվերը խաբում են, կարևորը ժողովրդի ոգին է
Ըստ պոպուլիստների, ընտրության ժամանակ գրանցված թվերը դեռ ոչ մի բանի մասին չեն վկայում: Երբ պոպուլիստ գործիչը պարտվում է ընտրություններում, նա միշտ հղում է անում այն բանին, որ ինչ-որ մի տեղ կա մի իսկական, մաքուր ժողովուրդ, որը դեռ համախմբված չէ, հնարավոր է՝ մոլորված է և դրա համար իր ձայնը չի բարձրացրել:
Ենթադրյալ իսկական ժողովուրդը՝ լուռ, չհամախմբված կամ մոլորված, հակադրվում է ընտրությունների արդյունքներին: Հաշվարկված քվեաթերթիկները կարևոր չեն, կարևորը ժողովրդի ծպտյալ ինքնությունն ու կամքն է, որի արտահայտման աստղային ժամը դեռ կգա: Ստացվում է, որ պոպուլիստները ժողովրդի ինչ-որ անտեսանելի, խորհրդավոր էությունն են ներկայացնում, ոչ թե նրա կամքը՝ արտահայտված թվերով և այլ էմպիրիկ փաստերով:
Պոպուլիստների այդ մեկնաբանությամբ ժողովուրդը դուրս է դրվում ժողովրդավարական, քաղաքական գործընթացներից և հակադրվում է դրանց իրական արդյունքներին: Իսկ այդ անհամապատասխանությունն էլ բացատրվում է էլիտաների՝ ժողովրդին շփոթեցնող դավադրություններով:
Մինչդեռ իրական ժողովրդավարների համար ներկայացուցչությունը միշտ վարկածային է: Նրանք ընդունում են, որ ժամանակի ինչ-որ պահի ունենալով ժողովրդի, ենթադրենք, 54%-ը, կարող են այն կորցնել՝ հաջորդ ընտրություններում ավելի քիչ ձայն ստանալով: Ընդ որում, նույնիսկ այդ բավական բարձր 54%-ն ամբողջ ժողովրդի կամքի արտահայտումը չէ, այլ՝ մեծամասնության, որը հաջորդ պահին կարող է մտափոխվել, կասկածել իր իսկ կատարած ընտրության նպատակահարմարությանը:
Ճիշտը մեկն է
Միասնական ժողովրդի հայեցակետից բխում է, որ կա մեկ որոշակի ընդհանուր բարիք և քաղաքական գործչի կամ կուսակցության խնդիրն է՝ անշեղորեն իրագործել այդ քաղաքականությունը: Այդ առումով հատկանշական է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետևյալ միտքը, որ մեջբերում է Մյուլլերը՝ գրքի էջերում. «Տնտեսությունը վերականգնելու համար տեսություններ պետք չեն: Պետք են պինդ, վստահելի տղերք՝ մի երեսուն հոգի, որոնք կանեն այն, ինչ բոլորս էլ գիտենք, որ պետք է անել»:
Օրբանի մոտեցումը տեղ չի թողնում կասկածի և բանավեճի համար. այն հղում է անում բոլորի կողմից ընդունելի և ակնհայտ ճշմարտության գոյությանը: Ժողովուրդը, իբր, խոսում է մեկ լեզվով և տալիս է իմպերատիվ մանդատ, որը քաղաքական գործիչներին թելադրում է, թե ինչ պետք է անել:
Պոպուլիստները խոսում են այնպես, կարծես ժողովուրդը կարող է մշակել և ունենալ միասնական դատողություն, միասնական կամք և միասնական մանդատ: Պոպուլիստական կառավարության որևէ գործողություն չի կարող հարցականի տակ դրվել, քանի որ դրա հենքը ժողովրդի կամքն է:
Եթե նույնիսկ իշխանության մեջ գտնվող պոպուլիստներն ունեն ձախողումներ, ապա դրանք հիմնականում մեղսագրվում են կուլիսային (արտաքին կամ ներքին) էլիտաներին: Հետաքրքիր է, որ իշխանություն վերցրած պոպուլիստները հաճախ իրենց պահում են որպես այդ էլիտաների դավադրությունների և սաբոտաժի զոհեր: Տպավորություն է, որ գործող կառավարություն լինելով, նրանք դեռ իրական իշխանություն չունեն և ստիպված են անընդհատ պայքար տանել էլիտաների դեմ՝ դիմելով ժողովրդի աջակցությանը և վերջինիս լարվածության մեջ պահելով:
Ի՞նչն է սնում պոպուլիզմը
Մյուլլերը նշում է, որ պոպուլիզմին 1970-ականներից սկսած նպաստել են ներգաղթը, նահանջը բարեկեցությունից, եվրաճգնաժամը: Պոպուլիզմը ծաղկում է, երբ գերիշխող են դառնում ժողովրդի ինքնության և ինքնիշխանության` վտանգված լինելու մտավախությունները:
Թրամփի 2016-ի հաղթարշավին նպաստեց այն տարածված մտահոգությունը, որ ԱՄՆ-ն վերածվում է «մեծամասնական փոքրամասնության» երկրի: Մտավախություն կար (և կա), որ իսկական ժողովրդի (սպիտակամորթ և բողոքական) ավանդական կերպարը կվերանա: Բացի այդ, ամերիկացիների մի ստվար հատվածի տնտեսական շահերը ներկայացված չէին Վաշինգտոնում:
Պոպուլիզմի հիմքերից է նաև այն զգացումը, որ տեխնոկրատ և լիբերալ փորձագետներն անարձագանք են թողնում ժողովրդի ձայնը և հեռացել են նրանից: Անտեսված խավերը պոպուլիստ առաջնորդների մեջ են տեսնում իրենց շահերի անկեղծ ու անշահախնդիր արտահայտողներին:
Պոպուլիզմը սնուցող աղբյուրներ են նաև մարդկանց հակազդեցությունն անզուսպ կապիտալիզմին (որտեղ ուժեղները միշտ հաղթում են) և փոքրամասնությունների իրավունքների ընդլայնմանը: Շատ մարդիկ վախենում են նեոլիբերալ փաթեթավորմամբ ժողովրդավարությունից, որը կապում են անհատապաշտության, մատերիալիզմի և աթեիզմի հետ:
Սնվելով այս վախերից ու դժգոհությունից՝ պոպուլիզմը, ձևականորեն հավատարմություն ցուցաբերելով ժողովրդավարական ընթացակարգերի ու արժեքների հանդեպ, իրականում փորձում է խարխլել դրանք: Ժողովրդավարությանը սպառնացող վտանգները ոչ թե դրսից են՝ այլ գաղափարախոսությունների կամ ծայրահեղական համակարգերի կողմից, այլ՝ ներսից՝ պոպուլիզմի ձևով, որն այլասերում է ժողովրդավարությունը:
Քննադատական հայացք
Մյուլլերի տեսական սխեման զերծ չէ որոշ բացերից, կամ, ավելի ճշգրիտ ձևակերպմամբ, այն որոշ հարցեր անպատասխան է թողնում:
Խնդիրներից մեկը պոպուլիստական հռետորաբանության չափելիությանն է վերաբերում: Ինչպե՞ս նույնականացնել պոպուլիստական դիսկուրսը: Քանի՞ դատողությունն է բավարար՝ պոպուլիստ կոչվելու համար: Մեկ-երկու անգամ, ենթադրենք, հանրահավաքների ժամանակ հնչեցրած զգայական կոչերը բավարա՞ր են արդյոք, որպեսզի տվյալ գործչին համարենք պոպուլիստ: Ի՞սկ եթե այդ ելույթը ոչ թե հանրահավաքում է հնչել, այլ՝ ուրիշ միջավայրում, օրինակ՝ կուսակցության համագումարի, կառավարության նիստի կամ պառլամենտում ընդդիմախոսի հետ բանավեճի ժամանակ: Արդյո՞ք անմիջական լսարանն ու միջավայրը պոպուլիստական տեքստը ձևավորող համատեքստն են թե ոչ: Պոպուլիզմի գնահատմանն առնչվող այս հարցերը բավարար չափով քննարկված չեն գրքում:
Սրան ուղղակիորեն առնչվող մյուս դժվարությունն «ո՞վ է ասում» հարցի պատասխանը գտնելն է: Ենթադրենք, քաղաքական ուժն աշխատանքի բաժանում է կատարել և, համաձայն դրա, պոպուլիստական կարգախոսներ են հնչեցնում կուսակցության միայն և միայն որոշակի գործիչներ, մինչդեռ կուսակցական վերնախավն ու առաջնորդը հանրայնորեն զերծ են մնում նման հռետորաբանությունից: Այդ դեպքում որքանո՞վ է արդարացի ամբողջ քաղաքական ուժին պոպուլիստ կոչելը: Չէ որ միշտ կարելի է այն արդարացումը բերել, թե պոպուլիստական տեքստերը տվյալ անհատների անձնական կարծիքն ու նախաձեռնությունն են: Առաջնորդները մաքուր են մնում, մինչ նրանց փոխարեն հանրային կարծիքի ձևավորման սևագործ աշխատանքը կատարում են կուսակցական ընկերները, հավատարիմ լրագրողներն ու հանրային այլ դեմքերը: Դժվար է որսալ ուրիշների միջոցով խոսող պոպուլիստ գործիչներին:
Վերջապես, պոպուլիստների կառավարմանը բնորոշ՝ հեղինակի կողմից առանձնացված գծերը՝ զանգվածային կլիենտալիզմ, պետության զավթում կամ յուրացում, հարձակում սահմանադրության, անկախ դատարանների և իշխանության այլ հակակշիռների վրա, բնորոշ են քաղաքական տարբեր դավանանք ունեցող ուժերի ևս: Իրապես ժողովրդավարական ուժերն էլ, իշխանության գալուց հետո, զերծ չեն նշված գայթակղություններից: Ամուր հիմնավորումներ և պատմական փաստեր չեն բերվում առ այն, որ թվարկվածները հենց և միայն իշխանություն ստացած պոպուլիստների վարքին են բնորոշ: Սրանք այն արգելված պտուղներն են, որոնց ձգտում է ցանկացած իշխանություն, եթե չունի բավարար հակակշիռներ: Սա արդեն իշխանության չար բնույթն է, ոչ պոպուլիզմի:
Պոպուլիզմը հարմարված ամբողջատիրությունն է
Ժամանակակից պոպուլիզմն ամբողջատիրության ձևափոխված և հմուտ հարմարված տարբերակն է: Իրապես ամբողջատիրական ռեժիմները ժամանակակից աշխարհում գոյատևման սուղ հնարավորություններ ունեն: Թե՛ միջազգային հարաբերությունների համակարգը (զսպումների, խրախուսանքների ու պատիժների իր զինանոցով), թե՛ հասարակությունների ընդհանուր զարգացումն ու մշակութային փոխանակումը, դժվարացնում է դրանց գործառումը: Սակայն ամբողջապաշտությունը՝ որպես կիրք, ոչ մի տեղ չի անհետանում: Այն իր արտահայտումն է գտնում միասնական ու անաղարտ ժողովրդի անունից խոսող պոպուլիստների կերպարով:
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պոպուլիստ լինելու կարիք չունի: Եթե չկան ազատ և մրցակցային ընտրություններ, հետևաբար, ժողովրդին սիրաշահելու և նրան զգայական կոչեր հղելու անհրաժեշտություն էլ չկա: Հենց ժողովրդավարությունն է «ստիպում», որ ամբողջապաշտական հակումներ ունեցողները դժկամությամբ ընդունեն խաղի կանոնները: Նրանք կիրառում են ժողովրդավարության բառապաշարն ու գործիքները, իրականում, սակայն, այլակարծությունը վերացնելու համար:
Պոպուլիստներին նյարդայնացնում է «ուրիշը», որ դուրս է «իսկական» ժողովրդի հավաքական կերպարից: Երբ այդ ուրիշները՝ տարբերվողները շատ են և ձայն ունեն, վտանգվում է պոպուլիզմի հիմքը. հավատն առ այն, թե իբր կա ժողովրդի մի խորհրդավոր էություն` ՄԻաձայն, ՄԻադեմ և ՄԻահամուռ:
Հարկավոր է պոպուլիզմից խլել նրա հենարանը՝ ժողովրդին: Ժողովուրդը միշտ էլ ամբողջական է հանդես գալու, դա անխուսափելի է: Հենց այդ բառն օգտագործեցինք, մեր աչքի առաջ է հառնելու տղամարդու կամ կնոջ մի կերպար, որ այնքան նման է մեր հարևանին կամ ազգականին: Նրա մտքերն ու դիմագծերը շատ համոզիչ են թվալու, շատ պայծառ ու իմաստուն: Եվ զարմանքով անդրադառնալու ենք, որ ով չի տեղավորվում այդ կերպարի մեջ, այնքան էլ ժողովուրդ չէ, ճիշտ ժողովուրդ չէ: Մեր կերտած պայծառ ժողովուրդը խժռելու է իր պայծառ զավակներին՝ անհատապես:
Հասարակություն vs. ժողովուրդ
Ուրեմն, ժողովրդից հրաժարվել է պետք: Բառից, իհարկե: Ինչո՞վ է վատ հասարակությունը:
Եթե ժողովուրդն արտակարգ մի կուռք է՝ իմաստուն էությամբ ու միահամուռ կամքով, ապա հասարակությունը բավական համեստ է: Հասարակությունը հասարակ է:
Հասարակությունը սխալական անհատներն են: Ո՛չ ամբողջություն, ո՛չ հավաքական կամք կամ բնավորություն: Հիմա ունեն այս հատկություններն ու քաղաքական նախասիրությունները, հաջորդ պահին՝ այլ:
Ժողովուրդն ինքն է, հասարակությունը՝ նրանք:
Ժողովուրդն անսխալ է և միակ «ճշտի» կրող, հասարակությունը՝ բազմաթիվ սխալների ու բազմաթիվ ճշմարտությունների մեկտեղում:
Ժողովրդի անունից խոսում են՝ ով ուզի և ինչպես ուզի: Կարևորը՝ ժողովրդին հղում անելն է:
Հասարակության անդամը խոսում է իր անունից և ոչ մեկի միջնորդը չէ:
Պոպուլիզմի կազմաքանդումը լեզվի միջոցով է հնարավոր: Երբ անհատներին հասարակություն կկոչենք և հանգիստ կթողնենք ժողովրդին, վերջինիս փրկության միջնորդներն ասպարեզից դուրս կգան: