Ինչպես է ծուլությունը պայմանավորում մեր մտածողությունը

Ավետիք Մեջլումյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

   Դանիել Քանեմանը (1934 – 2024) հրեական ծագմամբ ամերիկացի տնտեսագետ և հոգեբան է, ով 2002-ին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ վարքագծային տնտեսագիտության ոլորտում իր աշխատանքների, հատկապես՝ անորոշության պայմաններում որոշումների կայացման վերաբերյալ հետազոտությունների համար։ Դասավանդել է Երուսաղեմի հրեական համալսարանում, այնուհետև՝ Պրինսթոնի, Հարվարդի, Բերքլիի և այլ համալսարաններում: Համագործակցել է բազմաթիվ հեղինակների (այդ թվում՝ իր քննադատների) հետ՝ համատեղ հետազոտությունների շրջանակներում:
   «Մտածողություն. արագն ու դանդաղը» գիրքը հրատարակվել է 2011-ին և անմիջապես դարձել բեսթսելլեր։ Գրքի հիմքը դարձած, տարբեր տարիներին իրականացված հետազոտությունների մեջ մեծ է Քանեմանի գործընկեր և բարեկամ Ամոս Տվերսկիի ներդրումը՝ որպես համահեղինակ:

Ծուլությունը՝ մտածողության ռեժիմների տարբերակիչ գործոն

   Գրքի առանցքը մտածողության երկու համակարգերի գործառման և փոխառնչության նկարագրությունն է՝ հիմնված բազմաթիվ գիտափորձերի վրա.
   • Համակարգ 1-ը գործում է ինքնաբերաբար և արագ, քիչ ջանք կամ գրեթե առանց ջանք գործադրելու և առանց կամային վերահսկողության:
   • Համակարգ 2-ն ուշադրությունը տեղափոխում է ջանք պահանջող մտավոր գործունեության վրա՝ ներառյալ բարդ
հաշվարկները:
   Թեև մենք մեզ նույնացնում ենք Համակարգ 2-ի հետ (գիտակից, բանական ես-ի, որն ունի համոզմունքներ, ընտրության հնարավորություն և որոշում է՝ ինչ անել), սակայն մեր բազմաթիվ գործողությունների շարժիչ ուժը Համակարգ 1-ն է: Այն առանց ավելորդ ջանքերի ստեղծում է տպավորություներ ու զգացողություններ, որոնց վրա հիմնվում է Համակարգ 2-ը՝ համոզմունքներ ձևավորելիս ու նպատակային գործողությունների կատարելիս:
   Ինչո՞ւ է այդպես: Որովհետև ծուլությունը մարդկանց բնության կարևոր հատկանիշներից է: Մտավոր ջանքը դժվար է և էներգատար, հաճախ՝ տհաճ: Ուստի Համակարգ 2-ը հետևում է նվազագույն ջանքի կանոնին. երբ կան նույն նպատակին հասնելու մի քանի ուղիներ, մարդիկ ընտրում են ամենաքիչ ջանք պահանջողը: Համակարգ 1-ն ինքնաբերաբար աշխատում է, իսկ Համակարգ 2-ը ջանք խնայող կարգավիճակում է և իր հնարավորությունների միայն փոքր մասն է գործածում:

Լեզուն կարևոր է

   Գրքում քննարկվում են կոգնիտիվ աղճատումների տեսակները: Դրանցից մեկն, օրինակ, շրջանակման էֆեկտն է. միևնույն միտքն այնպիսի տարբերվող ձևակերպումներով արտահայտելը, որն ազդում է որոշակի տպավորությունների և համոզմունքների ձևավորման վրա: Օրինակ, «Վիրահատությունից հետո առաջին ամսում ողջ մնալու ցուցանիշը 90% է» և «Վիրահատությունից հետո առաջին ամսում մահացության ցուցանիշը 10% է» դատողությունները միևնույն միտքն են արտահայտում: Սակայն առաջինի դեպքում շեշտադրված է դրական, իսկ երկրորդի դեպքում՝ բացասական ելքը:
   Որքան էլ զարմանալի է, ձևակերպման շեշտադրումներն ազդում են անգամ մասնագետների՝ բժիշկների որոշումների վրա: Փորձերը ցույց են տվել, որ առաջին ձևակերպումը լսելու կամ կիրառելու դեպքում բժիշկների 84%-ն է ընտրում վիրահատությունը՝ որպես բուժման միջոց, իսկ երկրորդ ձևակերպման դեպքում՝ միայն 50%-ը:

Դժվար հարցերի փոխարինում՝ հեշտ հարցերով

   Ըստ Քանեմանի, երբ հարցը բարդ է, և հմտություն պահանջող լուծում հասանելի չէ, ինտուիցիան, միևնույն է, փորձում է լուծում առաջարկել: Պատասխանն անմիջապես ծագում է մտքում, սակայն այն ի սկզբանե տրված հարցի պատասխանը չէ: Գրքում բերված օրինակներից մեկում հարցը, որ ծառացել էր ներդրումների մասնագետի առջև («Արժի՞ արդյոք ձեռք բերել «Ֆորդ»-ի բաժնետոմսեր») բարդ էր, բայց ավելի հեշտ ու շաղկապված հարցի («Հավանո՞ւմ եմ արդյոք «Ֆորդ»-ի ավտոմեքենաները») պատասխանը արագորեն ծագել էր մտքում ու որոշել իրավիճակի ելքը:
   «Ֆորդ»-ի բաժնետոմսեր գնելու հարցը վճռելիս ոչ թե Համակարգ 2-ն է վերլուծել բաժնետոմսերի եկամտաբերությունը, հուսալիությունն ու այլ ֆինանսական ցուցանիշները, այլ՝ ակտիվացել է Համակարգ 1-ը, որը տվել է նենգափոխված, սակայն հեշտ հարցի («Հավանո՞ւմ եմ արդյոք «Ֆորդ»-ի ավտոմեքենաները») պատասխանը: Այսպիսով, ռիսկեր պարունակող գնումը կարող է իրականացվել ոչ միայն բարդ հաշվարկների ու վերլուծության (ինչպես ենթադրվում է, որ պետք է լինի), այլ՝ առօրեական համակրանք-հակակրանքի բախման արդյունքում:
   Քանեմանը հարցերի նենգափոխման այս երևույթն անվանում է ինտուիտիվ էվրիստիկաներ (ծագում է Էվրիկա բառից): Բարդ հարցի բախվելիս մենք հաճախ պատասխանում ենք մեկ ուրիշ՝ ավելի դյուրին հարցի՝ որպես կանոն չնկատելով հարցերի փոխարինումը: Կրկին դեր է խաղում Համակարգ 2-ի ծուլությունն ու նվազագույն ջանք գործադրելու ձգտումը:

Ռացիոնալությունը՝ որպես համոզմունքների ներդաշնակություն

   Քանեմանը նշում է, որ առօրյա լեզվում մենք մարդկանց ողջամիտ ենք անվանում, եթե հնարավոր է նրանց հետ քննարկել որևէ բան և եթե նրանց համոզմունքներն ընդհանուր առմամբ համապատասխանում են իրականությանը: Ռացիոնալ բառը զուգորդվում է ավելի շատ կշռադատության և խելամտության, հաշվարկի և պակաս տաքարյունության հետ: Սակայն տնտեսագետների և որոշման ընդունման ոլորտի մասնագետների համար ռացիոնալ ածականը միանգամայն այլ նշանակություն ունի:
   Ըստ Քանեմանի, ռացիոնալության ստուգման միակ ձևը ոչ թե անձի համոզմունքների և նախընտրությունների ողջամտությունն է, այլ դրանց ներքին համապատասխանությունը: Ռացիոնալ անձը կարող է հավատալ ուրվականների գոյությանը, եթե նրա այլ համոզմունքները չեն հակասում այդ հավատին:
   Ռացիոնալ անձը կարող է ավելի շատ նախընտրել, որ իրեն ատեն, քան սիրեն, քանի դեռ նրա նախընտրությունների միջև բախում չկա: Ռացիոնալությունն, այսպիսով, տրամաբանական կապակցվածություն է (անկախ ողջամտության աստիճանից):
   Այստեղ կարևոր է հստակեցնել, որ Համակարգ 2-ը ռացիոնալության մարմնացում չէ: Միշտ չէ, որ մենք ճիշտ ու տրամաբանված ենք մտածում: Հաճախ Համակարգը 2-ն ընդունում ու ռացիոնալացնում է (հիմնավորումներ է փնտրում, «արդարացնում») Համակարգ 1-ի զգացողությունները: Համակարգ 2-ի վերահսկողության միակ միջոցը մտածողական գործընթացը դանդաղեցնելն է և պատասխանի ինքնուրույն կառուցումը (ինչն էլ դժվար է վերը քննարկված ծուլության պատճառով):
   Գրքում առաջ քաշված հիմնական գաղափարներից մեկն այն է, որ մարդիկ ոչ միշտ են ռացիոնալ, կամ, եթե ավելի ճշգրիտ լինենք՝ հիմնականում ռացիոնալ չեն: Նրանք հաճախ օգնության կարիք ունեն ավելի ճշգրիտ դատողություններ անելու և որակյալ ընտրություններ կատարելու հարցում:
   Միլթոն Ֆրիդմանը, օրինակ, ով Չիկագոյի տնտեսագիտության դպրոցի երևելի ներկայացուցիչներից էր, անհատին դիտարկում էր որպես ռացիոնալ սուբյեկտ, որն ազատ է և ում պետք չէ պաշտպանել իր իսկ ընտրությունից: Մարդիկ պետք է կրեն սեփական անձի մասին հոգ տանելու պատասխանատվությունը: Պետությունը պետք է չմիջամտի, քանի դեռ անձի ընտրությունները վնասակար չեն ուրիշների համար:
   Սակայն վարքաբանական տնտեսագետներն ավելի բարդ են համարում կյանքը: Նրանց առաջ քաշած համեմատաբար նոր մոտեցումներից է առաջին հայացքից հակասական թվացող մի հիբրիդ՝ «ազատական պատերնալիզմը»: Այս տեսության շրջանակներում պետությունը և կազմակերպությունները կարող են «հրել» (խթանել, աջակցել, դրդել, նպաստել) մարդկանց՝ կայացնելու այնպիսի որոշումներ, որոնք նրանց շահերից են բխում:
   Օրինակ, կենսաթոշակային պլանին միանալու լռելյայն տարբերակն այդպիսի «հրում» է: Կենսաթոշակի համար վճարումներ կատարելուց հրաժարվելը հնարավոր է անձի ջանադիր գործողության՝ համապատասխան հայտարարությունը ստորագրելու արդյունքում: Քանի որ մարդիկ հիմնականում հակված են ջանք խնայելուն, նրանց բացարձակ մեծամասնությունը պարզապես կծուլանա ուսումնասիրել կենսաթոշակային համակարգից հրաժարվելու հարցը և հատուկ ջանք էլ չի գործադրի՝ դրանից դուրս գալու համար: Ազատական պատերնալիզմի նկատմամբ ներկայումս հետաքրքրություն են ցուցաբերում Մեծ Բրիտանիայի և Հարավային Կորեայի կառավարությունները:

Հետևություններ՝ կրթության և կոգնիտիվ կարողությունները զարգացնելու համար

   Քանեմանի՝ թե վերը բերված, թե գրքում առկա այլ դիտարկումներն արժեքավոր են հատկապես կրթության և ուսումնառության կազմակերպման գործում:
   Սովորեցնողի, մենթորի խնդիրներից մեկը պետք է լինի հետևելը, որպեսզի սովորողները պատասխանեն հենց դրված հարցերին և ոչ թե փոխարինեն դրանք հեշտ կամ դուրեկան հարցերով: Իրապես դրված հարցերին պատասխանելը սովորելու մշակույթի առանցքային տարրերից է: Երբ սովորողը ստիպված է պատասխանելու առաջադրված հարցերին, զրկվում է խուսանավելու հնարավորությունից և մտածողությունը հասցեական ու ջանադիր եղանակով է գործադրում: Միտքը զարգանում է իրական խնդիրները լուծելով, ոչ թե դրանց փոխարինած դյուրին հարցերը քննարկելով:
   Իհարկե, Համակարգ 1-ը հեշտությամբ կրթելի չէ: Բայց հնարավոր է զարգացնել սխալվելու բարձր հավանականություն պարունակող իրավիճակների ճանաչման կարողությունը: Դա ավելի հեշտ է անել անել ուրիշների սխալները ճանաչելու միջոցով: Միշտ ցավոտ ու դժվար է ընդունել սեփական սխալները, մինչդեռ այլոց մտածողական սայթաքումները մարդիկ հետաքրքրությամբ են մատնացույց անում: Ինչպես Քանեմանն է նշում, ավելի հեշտ է ճանաչել ականադաշտը, երբ ինքդ չես քայլում այնտեղ և դիտում ես ուրիշների թափառումները: Իսկապես, մեր մտածողությունը նման է ականապատ դաշտի, որտեղ ամեն քայլափոխի առկա են կոգնիտիվ աղճատումների ծուղակներ:
   Մտածողական սխալների հավանականությունը կարելի է նվազեցնել նաև՝ սովորելով կազմակերպություններից, որոնց որոշումներն ավելի դանդաղ են կայացվում և ենթարկվում են որոշակի ընթացակարգերի: Կազմակեպությունները հաճախ հատուկ լեզու և բառապաշար են գործածում՝ որոշումների կայացման գործընթացներում: Խնդիրներին հնարավորինս ճշգրիտ ձևակերպումներ են տրվում, և սահմանումների որակը վերահսկվում է: Անհատները ևս կարող են բարդացնել սխալվելու իրենց հնարավորությունը, եթե կիրառեն ավելի ճշգրիտ ձևակերպումներ և չշտապեն որոշումներ կայացնելիս:
   Կրթությունը պետք է խթանի մտածելու անսովորի մասին՝ զարմացնելով և նոր բացատրություն գտնելու անհրաժեշտության առջև կանգնեցնելով: Երբ երևույթների ավանդական մեկնաբանությունները մերժվում-հերքվում են, սովորողներին այլ ելք չի մնում, քան փնտրելու կամ ստեղծելու նոր բացատրություններ: Սովորեցնելու համար անհրաժեշտ է զարմացել: Քանեմանը նշում է, որ անսովոր դեպքերն ազդեցիկ հետևանք են ունենում՝ ստիպելով նոր պատճառահետևանքային կապեր գտնել: Ընդ որում, սովորողներն ավելի հեշտությամբ են ինչ-որ նոր բան սովորում, երբ հենց սեփական վարքում են անակնկալ ու շփոթեցնող բացահայտումներ անում, ոչ թե՝ ուրիշ մարդկանց մոտ:
   Այս գրքի ընթերցանության արդյունքում կրթության վերաբերյալ մի անսպասելի հետևության էլ կարելի է հանգել: Կոգնիտիվ դյուրությունը հաճախ վնասում է սովորելուն: Հեղինակը ցույց է տալիս, որ լավ տրամադրությունը թուլացնում է Համակարգի 2-ի զգոնությունը. երբ ամեն ինչ ապահով ու հեշտ է, կարելի է վերահսկողությունը թուլացնել և մտածողական գործընթացները վստահել Համակարգ 1-ին: Օրինակ, փորձերից մեկում թեստի դժվարընթեռնելի տառատեսակը նպաստել է, որ ուսանողներն ավելի ուշադիր լինեն, մտավոր ջանք գործադրեն, ինչի շնորհիվ արդյունքներն ավելի բարձր են եղել, քան լավ տառատեսակով տպված թեստերի պարագայում:
   Որքան էլ զարմանալի է, ուսումնառության դյուրությունը կարող է խանգարել նոր գիտելիքի ձևավորմանը: Հանգստի ձգտող Համակարգը 2-ը հակված է ընդունելու Համակարգ 1-ի տված հեշտ ու ինտուիտիվ պատասխանները, առանց քննելու դրանց ճշմարտացիությունը: Եվ հակառակը, կոգնիտիվ լարումը մոբիլիզացնում է Համակարգ 2-ը:
   Այսպիսով, ուսումնառության ժամանակակից ձևաչափերը, որ խրախուսում են սովորողի ջանքերի խնայումը, առաջին տեղում են դնում գործընթացի գրավչությունն ու մատչելիությունը, հակառակ՝ անցանկալի ազդեցություն կարող են ունենալ: Իրական կրթությունը դժվարության, հետևաբար՝ մտավոր ջանքի տարր պետք է ունենա իր մեջ՝ հենց սովորողի շահերից ելնելով:

   Գիրքն արժեքավոր է ոչ միայն իր դրույթներով ու հետաքրքիր փորձերի նկարագրությամբ, այլ՝ որպես սթափության կոչ: Քանեմանի այս գիրքը ոչ թե կոնկրետ ինչ-որ բան է սովորեցնում, այլ՝ անընդհատ հիշեցնում է մեր կոգնիտիվ սխալների մասին՝ դրանով խթանելով կանոնավոր մտածողությունը:

Առնչվող նյութեր