Դանիել Քանեմանի՝ մտածողության երկու ռեժիմների տեսությունը

Լևոն Բաբաջանյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

   Յուրաքանչյուրս մեր գործնական, անձնական և հասարակական կյանքում ձգտում ենք մեր որոշումներում և մտածողության մեջ լինել հնարավորինս ռացիոնալ. որոշումներ կայացնելիս հիմնվել մտածողության որոշակի կանոնավորության և փաստերի վրա։ Սակայն, մեր կյանքի փորձով հետհայաց նկատում ենք, որ ռացիոնալ լինելն այդքան էլ դյուրին չէ։ Նախ, մեր գիտելիքներն իրականության մասին օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով սահմանափակ են, հաճախ մեզ անծանոթ են տրամաբանական մտածողության կանոնավորության օրենքները։ Սակայն, անգամ այն դեպքերում, երբ մեր գիտելիքները հնարավորինս կազմավորված են փաստերի հիման վրա և մենք ծանոթ ենք տրամաբանական մտածողության կանոնավորությանը, ճանաչողական-հոգեբանական պատճառներով դժվարանում ենք լինել ռացիոնալ և կատարել ռացիոնալ եզրահանգումներ։ Ինչո՞ւ։ Ահա այս հարցի պատասխանը կարելի է գտնել տնտեսագիտության ոլորտի նոբելյան մրցանակակիր Դանիել Քանեմանի հանրահռչակ «Մտածողություն. արագն ու
դանդաղը» գրքում։
   Այս գիրքն այն մասին է, թե ինչպես է աշխատում մարդկային մտածողությունը, ճանաչողական-հոգեբանական ինչ գործոններ են մարդկանց խանգարում լինել ռացիոնալ իրենց դատողություններում և որոշումների կայացման ընթացքում, որոնք են ճանաչողական խաբկանքների և աղճատումների հանգեցնող հոգեբանական պատճառները, և, հնարավորության դեպքում, ինչպես կարելի է լինել ավելի ռացիոնալ դատողություններում ու որոշումներում։
   Ըստ Քանեմանի, մարդկային մտածողության լաբիրինթոսում մտածողության երկու ռեժիմների բարդ փոխհարաբերություններն ուղղորդում են մեր առօրյա կյանքը, ձևավորում են մեր դատողությունները, կայացնում են որոշումներ և եզրահանգումներ։ Այդ երկու ռեժիմները Քանեմանը պայմանականորեն կոչում է Համակարգ 1 և Համակարգ 2։
   Ընթերցողի մոտ մոլորությունները կանխելու համար՝ հեղինակը բազմիցս նշում է, որ այս երկուսը հորինված կերպարներ են. դրանք գոյություն չունեն մեր գլխուղեղում կամ մեկ այլ տեղ, այլ պարզապես մեր մտածողության ռեժիմները նկարագրող հասկացություններ են, որոնցից յուրաքանչյուրին բնորոշ են որոշակի առանձնահատկություններ։ Ավելի հասկանալի լինելու համար՝ համանմանություն անցկացնենք վազքի հետ։ Պայմանականորեն կարելի է նկարագրել վարքի երկու ռեժիմ՝ արագ և դանդաղ։ Արագ վազքի ռեժիմի դեպքում մարդու օրգանիզմում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ. արագանում է սրտի աշխատանքը, մեծանում է արյան ճնշումը, ինտենսիվանում է քրտնարտադրությունը, արագանում է շնչառությունը, և այլն։ Նման կերպ կարելի է նկարագրել նաև վազքի դանդաղ ռեժիմը։ Նույն կերպ էլ Համակարգ 1 և Համակարգ 2 կամ համապատասխանաբար «Արագ» և «Դանդաղ» մտածողության ռեժիմներն ունեն իրենց բնութագրական հատկությունները։
   Քանեմանը մտածողության ռեժիմների սահմանման այս եզրույթաբանությունը փոխառել է հոգեբաններ Քիիթ Ստանովիչից և Ռիչարդ Ուեսթից, որոնք այդ երկու համակարգերը սահմանում են հետևյալ կերպ․

   • Համակարգ 1-ը գործում է ինքնաբերաբար և արագ, քիչ ջանք կամ գրեթե առանց ջանք գործադրելու և առանց կամային վերահսկման։
   • Համակարգ 2-ը ուշադրությունը տեղափոխում է ջանք պահանջող մտավոր գործունեության վրա՝ ներառյալ բարդ
հաշվարկները։ Համակարգ 2-ի գործողությունները հաճախ զուգորդվում են գործունեության սուբյեկտիվ փորձառությամբ,
ընտրությամբ և կենտրոնացմամբ։

   Ըստ Քանեմանի, Համակարգ 1-ն ունակ է կատարել հետևյալ ինքնավար գործողությունները․
   • Որոշել, թե երկու առարկաներից որն է ավելի մոտ տեղակայված,
   • Տեղորոշել պատահական ձայնի աղբյուրը,
   • Զգալ դիմացինի ձայնում առկա թշնամանքը,
   • Պատասխանել 2 + 2 = ? հարցին,
   • Հասկանալ պարզ նախադասությունները,
և այլն։

   Եթե նկատեցիք, նշված բոլոր մտավոր գործողություններն իրականացնելու համար ձեզնից առանձնապես ջանք չի պահանջվում, այլ կերպ՝ դրանք ծագում են ինքնաբերաբար, Համակարգ 1-ի գործունեության արդյունքում։ Մտածողության այդ ռեժիմով օժտված են նաև կենդանիները։ Մինչդեռ այլ է Համակարգ 2-ի դեպքում։ Համակարգ 2-ի գործողությունները պահանջում են ջանք և կենտրոնացում, ինչպես, օրինակ, հետևյալ դեպքերում.
   • Պատրաստվել վազքի մեկնարկն ազդարարող ատրճանակի ձայնը լսելուն,
   • Փորփրել հիշողությունը՝ անակնկալ ձայնը ճանաչելու համար,
   • Փորձել բնական տեմպից ավելի արագ քայլել,
   • Թելադրել Ձեր հեռախոսահամարը մեկ ուրիշին,
   • Համեմատել երկու լվացքի մեքենաներն ըստ արժողության,
   • Ստուգել բարդ տրամաբանական փաստարկի վավերականությունը,
և այլն։

   Այս բոլոր դեպքերում, որպեսզի գործողությունը լինի արդյունավետ, մարդը պետք է որոշակի մտավոր ջանք գործադրի և կենտրոնացնի ուշադրությունը։ Եթե Համակարգ 1-ի գործառույթները տեղի են ունենում ինքնավար կերպով, ապա Համակարգ 2-ի գործառույթներն իրականանում են ջանադիր կերպով։ Այսպես, եթե մարդաշատ սենյակում մենք ձայն լսենք, ապա Համակարգ 1-ի ակտիվացման շնորհիվ կարող ենք տեղորոշել ձայնի աղբյուրը, սակայն որպեսզի առանց նայելու փորձենք պարզել, թե կոնկրետ ով է տվյալ ձայնի հեղինակը, մեզ անհրաժեշտ կլինի ակտիվացնել մեր Համակարգ 2-ը։
   «2+2=?» հավասարումը հեշտությամբ կարող ենք լուծել Համակարգ 1-ի ակտիվացման շնորհիվ, քանի որ այդ հավասարման լուծումը մեզանից ջանք և կենտրոնացում չի պահանջի, սակայն «17*24=?» հավասարման լուծման համար մենք արդեն կարիք կունենանք որոշակի մտավոր ջանք գործադրելու և կենտրոնացման, և արդեն պետք է ակտիվացնենք մեր Համակարգ 2-ը։
   Ինչպես հեղինակն ինքն է նկատում՝ այլ կերպ այս երկու համակարգերը կարելի էր կոչել «Ինքնավար համակարգ» և «Ջանադիր համակարգ»: Սակայն զուտ օպտիմալության համար Քանեմանը նախընտրում է օգտագործել համապատասխանաբար՝ Համակարգ 1 և Համակարգ 2 անվանումները։
   Սովորաբար առօրյա կյանքում այս մտավոր երկու ռեժիմները գործում են ներդաշնակ և փոխլրացնող կերպով։ Համակարգ 1-ը տպավորությունների, կանխազգացումների և զգացողությունների տեսքով առաջարկություններ է գեներացնում Համակարգ 2-ի համար, իսկ վերջինս դրանք հաստատում է՝ մեր տպավորություններն ու կանխազգացումները վերածելով համոզմունքների, իսկ ազդակները՝ կամային գործողությունների։ Երկու մտավոր ռեժիմների ներդաշնակ աշխատանքն ապահովում է մարդու նորմալ կենսագործունեությունը։ Սակայն, երբեմն Համակարգ 1-ի կանխազգացումները, տպավորությունները, զգացողությունները կարող են իրականության ճշմարիտ արտացոլանքը չլինել։ Այդ դեպքերում անհրաժեշտ է ակտիվացնել Համակարգ 2-ը՝ ստուգելու համար Համակարգ 1-ի առաջարկությունների՝ իրականությանը համապատասխանությունը կամ այդ առաջարկությունների հիման վրա
ձևավորված մեր որոշումների ռացիոնալությունը։ Խնդիրներն առաջանում են այն ժամանակ, երբ մենք կանգնած ենք կարևոր որոշումներ կայացնելու կամ ինչ-որ կարևոր հարցի վերաբերյալ համոզմունքներ ձևավորելու խնդրի առջև։
   Համակարգ 2-ը, ըստ Քանեմանի բնութագրության, չափազանց ծույլ է, քանի որ դրա ակտիվացման համար ջանք և
ուշադրություն է պահանջվում, ինչը մեր ուղեղի համար էներգատար աշխատանք է։ Համակարգ 2 մտածողության ռեժիմը պարզապես ծուլանում է, և մենք թույլ ենք տալիս Համակարգ 1-ի տպավորություններին, կանխազգացումներին և զգացողություններին վերածվել չհիմնավորված համոզմունքների, եզրահանգումների և որոշումների։ Համակարգ 1-ի ինքնաբուխ և անվերահսկելի գործունեության արդյունքում ի հայտ են գալիս ճանաչողական կամ կոգնիտիվ խաբկանքները, որոնք աղճատում են իրականության մասին մեր պատկերացումները, հանգեցնում են ոչ ռացիոնալ եզրահանգումների և որոշումների կայացման։
   Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» գրքում հանգամանալից կերպով ներկայացված են Համակարգ 1-ի կողմից Համակարգ 2-ին «մոլորեցնող» ճանաչողական այդ աղճատումները, ինչպես օրինակ՝ խարսխման էֆեկտը, լուսապսակի էֆեկտը, ըմբռնման պատրանքը, հասանելիության էվրիստիկան, հիմնավորության պատրանքը, հապճեպ եզրահանգումների մեխանիզմը, և այլն։ Քանեմանը պնդում է, որ մենք մեզ նույնականացնում ենք Համակարգ 2-ի հետ, այսինքն՝ երբ մենք մեր մասին մտածում ենք, մեզ թվում է, թե մեր մտածողությունն ու որոշումները բխում են մեր դանդաղ, ջանադիր և կշռադատված մտածողության ռեժիմից։ Սակայն գիտափորձերի, հոգեբանական, տնտեսագիտական և վարքաբանական տարբեր տեսությունների համեմատության, իր անձնական և գործնական կյանքից ներկայացված պատմությունների օրինակների միջոցով Քանեմանը ցույց է տալիս, թե որքան մեծ և որոշիչ է Համակարգ 1-ի ինքնավար և ակտիվ գործունեության արդյունքում ի հայտ եկած ճանաչողական աղճատումների ազդեցությունը մեր մտածողության և որոշումների կայացման վրա։
   Քանեմանը, սակայն, չի բավարարվում միայն մարդկային մտածողությունը և որոշումների կայացման գործընթացը
նկարագրելով, այլև ներկայացնում է առաջարկներ ինչպես հանրային քաղաքականության ոլորտում, այնպես էլ անձնական և գործնական կյանքում որոշումների կայացման «ռացիոնալացման» վերաբերյալ (թեև պետք է նկատել, որ նա այդքան էլ լավատես չէ այդ հարցում)։ Այս համատեքստում Քանեմանը հակադրում է որոշումներ կայացնող մարդու երկու մոդել՝ Էկոններ և Հումաններ։ Էկոնը մարդու տեսական մոդել է, որի վրա գերազանցապես հիմնվում են տնտեսագետները՝ տնտեսագիտական տեսությունների մշակման և կանխատեսումների իրականացման գործում։ «Ավանդական» տնտեսագիտության սուբյեկտ Էկոնը ռացիոնալ է իր որոշումներում, այսինքն՝ հիմնվելով հասանելի տեղեկատվության վրա՝ որոշումներ է կայացնում իր օգուտը հնարավորինս մեծացնելու սկզբունքով։ Էկոնները տեսականորեն չեն ենթարկվում ճանաչողական կողմնակալությունների, հույզերի և սոցիալական հանգամանքների ազդեցությանը։ Այլ կերպ ասած՝ Էկոնների որոշումները կանխատեսելի են և ենթարկվում են որոշակի տրամաբանության։
   Քանեմանը, սակայն, կարծում է, որ մարդու տեսական այս մոդելում բացակայում է Համակարգ 1 մտածողության ռեժիմը։ Նա «ավանդական» տնտեսագիտության՝ մարդու այս մոդելին հակադրում է հոգեբանության և վարքաբանության ուսումնասիրության առարկա հանդիսացող «Հուման» մոդելը, որը բացի Համակարգ 2-ից ունի նաև Համակարգ 1։ Ըստ Քանեմանի՝ աշխարհի մասին Հումանների պատկերացումը սահամանափակված է տվյալ պահին հասանելի տեղեկատվությամբ (գրքում այս ֆենոմենը կոչվում է WYSIATI), ուստի նրանց վարքը չի կարող լինել այնքան կանխատեսելի ու տրամաբանական, որքան Էկոնների վարքն է։ Քանի որ Հումաններն ունեն Համակարգ 1, նրանք ենթակա են ճանաչողական աղճատումների ազդեցությանը, ուստի իրենց մտածողության և որոշումների կայացման մեջ ռացիոնալ չեն։
   Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրական կյանքում մարդիկ ոչ թե Էկոններ, այլ Հումաններ են՝ Քանեմանն առաջարկում է հանրային քաղաքականություն մշակողներին առաջնորդվել ազատական պատերնալիստական մոտեցումներով, համաձայն որի՝ կառավարությունները պետք է նպաստեն (սակայն չսահմանափակեն կամ չպարտադրեն) անհատի՝ ռացիոնալ որոշումների կայացմանը: Զուտ ազատական մոտեցումը ելնում է այն կանխադրույթից, որ մարդիկ Էկոններ՝ ռացիոնալ էակներ են, և կառավարությունները չպետք է միջամտեն հասարակության շուկայական կյանքին, քանի որ ազատ և ռացիոնալ Էկոնները լավագույնս են գիտակցում, թե ինչն է իրենց համար նախընտրելի և լավ, ուստի կարող են իրենց համար լավագույն որոշումները կայացնել։ Մինչդեռ երբ մարդուն դիտարկում ենք որպես Հուման, ապա այս դեպքում մարդը, ենթակա լինելով Համակարգ 1-ի աշխատանքի հետևանքով ծագող ճանաչողական կողմնակալությունների ազդեցությանը, շատ հաճախ չի կարող ինքնուրույն ընտրել և որոշել, թե որ որոշումներն են իր համար լավագույնը։ Ուստի կառավարությունները պետք է օգնեն մարդկանց՝ կայացնելու
«ճիշտ» որոշումներ, պետք է պաշտպանեն նրանց՝ իրենց իսկ ճանաչողական կողմնակալություններից։
   Ասվածի մասնավոր օրինակ կարող են լինել այն դեպքերը, երբ բանկերը տրամադրվող վարկային պայմանագրերի կարևոր կետերը գրում են փոքր տառաչափով՝ քաջ գիտակցելով, որ հաճախ մարդիկ պարզապես դրանք չեն կարդա։ Եթե մարդիկ իրապես Էկոն լինեին, ապա նրանք ջանադրաբար կկարդային վարկային պայմանագրերի բոլոր կարևոր կետերը, սակայն քանի որ մարդիկ Հումաններ են, հաճախ ջանք չեն գործադրում պայմանագրի բոլոր կարևոր կետերը կարդալու համար և, ճանաչողական կողմնակալություններին ենթարկվելով, պարզապես ստորագրում են այդ պայմանագրերը։ Ըստ ազատական պատերնալիստական մոտեցման, կառավարությունները պետք է գիտակցեն, որ մարդիկ Հումաններ են, և այնպիսի օրենքներ ու տնտեսական խաղի կանոններ սահմանեն, որ կազմակերպություններին հարկադրեն պայմանագրերը կազմել այնպես, որ դրանք մոլորեցնող չլինեն ճանաչողական կողմնակալությունների ենթակա Հումանների համար։ Այս մոտեցումը կիրառելի է նաև տնտեսական և քաղաքական կյանքի այլ դեպքերի նկատմամբ ևս, ինչպես օրինակ՝ կուտակային կենսաթոշակային համակարգերին միանալու, օրգանների դոնոր
դառնալու, կեղծ տեղեկատվության տարածումը կանխելու և այլ դեպքերի համար։
   Կարելի է վստահաբար պնդել, որ Քանեմանի գիրքն անհրաժեշտ ընթերցանության աշխատանք է բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են մարդկային մտածողության, ռացիոնալ որոշումների կայացման, ճանաչողական աղճատումների, հանրային քաղաքականության արդյունավետ մշակման և պարզապես ինքնակատարելագործման խնդիրներով։

Առնչվող նյութեր