Դավիթ Սարգսյան
«Հրապարակն ու աշտարակը» գրքի թարգմանիչ
Եթե կարծում եք, թե սոցիալական ցանցերը զուտ մեր դարաշրջանին հատուկ երևույթ են, ապա ձեր պատկերացումները գլխիվայր կշրջվեն, երբ կարդաք այս գիրքը: Պարզվում է, որ դրանք միշտ են եղել, ավելին՝ ունեցել են վճռորոշ դեր, պարզապես պատմաբանները, որպես կանոն, պատմությունը դիտարկել են այլ կողմից՝ կենտրոնանալով պետությունների, թագավորների, պատերազմների, հաղթանակների ու պարտությունների վրա:
«Հրապարակն ու աշտարակը» աշխարհահռչակ պատմաբան Նիլ Ֆերգյուսոնի կենսագրության մեջ յուրատեսակ հանգրվան է: Նա ցանցերի նշանակությունը հասկացել էր Հենրի Քիսինջերի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելու ընթացքում: Այս գրքում հեղինակը մարդկության ամբողջ պատմությունն է քննում ցանցերի դիտանկյունից, ինչի արդյունքում բոլորիս հայտնի իրադարձությունները (Ֆրանսիական Մեծ հեղափոխությունից մինչև Դոնալդ Թրամփ, ԱՄՆ ստեղծումից մինչև Հայոց Ցեղասպանություն) հնարավոր է դառնում տեսնել բոլորովին նոր հայացքով, քաղել դասեր, որոնք նախկինում անտեսանելի են եղել:
Գրքի առանցքում ցանցերի ու հիերարխիաների, այսինքն՝ հորիզոնական և ուղղահայաց իշխանությունների (հրապարակի և աշտարակի) միջև մշտական պայքարն է: Այս գիրքը ցույց է տալիս, որ մարդկության պատմության մեջ անհայտ մարդիկ ու այդ մարդկանց միջև անձնական կապերը հաճախ ավելի վճռորոշ դեր են ունեցել և ունեն, քան հայտնի դեմքերն ու դեպքերը, որոնք սովորաբար ցանցային անտեսանելի կապերի արդյունքն ու հետևանքն են:
Ցանցերը հատկապես կարևոր դեր են ունեցել երկու դարաշրջանում։ Ըստ Ֆերգյուսոնի, առաջին «ցանցային դարաշրջանը» սկսվել էր Եվրոպայում՝ 15-րդ դարում, երբ ստեղծվեց տպագրահաստոցը։ Այն շարունակվեց մինչև 18-րդ դարի վերջը։ Երկրորդը մեր դարաշրջանն է, որը սկսվեց 1970-ականներին ու շարունակվում է առ այսօր: Այս երկու դարաշրջանների միջակայքում՝ 1790-1960 թթ. միտումը հակառակն է եղել. հիերարխիկ ինստիտուտները վերականգնել են իրենց իշխանությունը և հաջողությամբ ճնշել կամ կլանել են ցանցերը։ Հիերարխիկ կազմակերպված իշխանության գագաթնակետը 20-րդ դարի կեսին էր՝ տոտալիտար ռեժիմների և տոտալ պատերազմի դարաշրջանը։
Կարևոր դիտարկում. թեև գրքի վերնագրից կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքը հակագիտական դավադրության տեսությունների մասին է, իրականությունը ճիշտ հակառակն է: Ֆերգյուսոնը կոտրում է անհեթեթ կարծրատիպերը՝ բացատրելով, թե իրականում ինչ դեր են ունեցել մասոնական օթյակները, իլյումինատները կամ հրեա բանկիրները պատմության ընթացքում. բացատրում ու հիմնավորում է՝ միաժամանակ տալով աղբյուրների հետ աշխատանքի վարպետության դաս:
Գիրքը գիտական բարձրարժեք աշխատություն է, որտեղ հեղինակը հաճախ հանգում է սենսացիոն բացահայտումների՝ իր փաստարկներին տալով ծանրակշիռ հիմնավորումներ: Գիրքը ստիպում է խորհել ու վերաիմաստավորել մարդկության ամբողջ պատմությունը:
Այն չի շրջանցել նաև Հայոց Ցեղասպանությունը: Ֆերգյուսոնը թուրքական մեծ հանցագործությունը վերլուծել է հենց
ցանցային դիտանկյունից՝ հանգելով անսպասելի և հատկապես մեզ համար ուշագրավ բացահայտումների: Եվ այո՛, արևմտյան գիտական մտքի վառ ներկայացուցիչ, Օքսֆորդի շրջանավարտ, Հարվարդի ու Ստենֆորդի դասախոս, ամերիկաբնակ, բրիտանացի, պահպանողական, աշխարհահռչակ գիտնական Նիլ Ֆերգյուսոնը Հայոց Ցեղասպանությունն անվանում է Հայոց Ցեղասպանություն:
Թարգմանության վերաբերյալ. գրքում օգտագործված աղբյուրների թվում են Շեքսպիրի, Ստենդալի, Բայրոնի և այլ
հեղինակների գեղարվեստական ստեղծագործությունները, որոնցից արված մեջբերումները մենք ոչ թե թարգմանել, այլ
վերարտադրել ենք հայերեն՝ մեջբերելով ու ծանոթագրելով նույն հատվածների հայերեն գոյություն ունեցող թարգմանությունները (օրինակ՝ Ջորջ Բայրոն, «Դոն Ժուան», թարգմանությունը Հենրիկ Սևանի, Երևան, Սովետական գրող, 1988 թ., էջ 380): Կան որոշ ստեղծագործություններ (օրինակ՝ Աննա Ախմատովայի մի բանաստեղծություն կամ Հենրի Ուոդսվորթ Լոնգֆելոյի պոեմից մի հատված), որոնց հայերեն թարգմանություններն առկա չէին: Այդ դեպքում տվյալ ստեղծագործությունները թարգմանել է գրքի թարգմանիչը, կատարելագործել՝ խմբագիրը:
Այսօրինակ աշխատանքները մեզ մոտ սովորաբար ընթերցվում են անգլերեն կամ ռուսերեն, ինչը սահմանափակում է գիտական բարձրորակ արտադրանքի սպառումը Հայաստանում: Գիրքը հայերեն թարգմանվել ու հրատարակվել է «Լույս» հիմնադրամի աջակցությամբ՝ նպատակ ունենալով հայ ընթերցողին հայերեն մատուցել ու հայերեն տարածել գիտական համաշխարհային, ժամանակակից ու բարձրարժեք գրականություն:
Եվ վերջում, «Հրապարակն ու աշտարակը» գիրքը հայերեն գոյություն ունի փոքր, բայց շատ արդյունավետ ցանցի շնորհիվ, որը կոչվում է Newmag հրատարակչություն: Այս գրքից առաջ հրատարակչությունը թարգմանել ու հրատարակել է նաև Ֆերգյուսոնի «Մեծ անկում»-ը, որը ծավալով շատ ավելի փոքր, բայց գիտական նշանակությամբ՝ նույնքան կարևոր աշխատություն է: Այն ևս միջգիտակարգային հետազոտություն է՝ համաշխարհային պատմական, ֆինանսական, տնտեսական դինամիկայի, ճգնաժամերի ու սպասվող զարգացումների վերաբերյալ:
«Ցանցերը հասկանալու համար ես ստիպված էի գլուխ հանել գրեթե ամեն ինչից: Դառնալ մի փոքր ֆիզիկոս, մաթեմատիկոս, սոցիոլոգ, տնտեսագետ, նույնիսկ մարդաբան ու ինժեներ:
Այնպես որ, այս գիրքը ամենատարբեր ոլորտների հետազոտություն է»:
Նիլ Ֆերգյուսոն