Ավետիք Մեջլումյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Նիլ Ֆերգյուսոնը պատմաբան է և հանրային ինտելեկտուալ, ով ակտիվորեն հանդես է գալիս ելույթներով ու
դասախոսություններով: Նա պրոֆեսոր է, արևմտյան առաջնակարգ համալսարանների դասախոս և հետազոտող:
Գիտական աշխատանքների և դասավանդման շրջանակը ներառում է աշխարհի քաղաքական, տնտեսական ու ֆինանսական պատմությունը և բրիտանական ու ամերիկյան կայսերական պատմությունը։ Ունի պահպանողականի և բրիտանական կայսրության ջատագովի համբավ: Կենսագրության ուշագրավ դրվագներից մեկն այն է, որ 2024-ին ասպետի կոչման է արժանացել թագավոր Չարլզի կողմից:
Ֆերգյուսոնի «Հրապարակն ու աշտարակը» առաջին հերթին արժեքավոր է որպես պատմության (վերա)շարադրման անսովոր մոտեցում ու դիտանկյուն:
Իր ուսումնասիրության մեկնարկին նա իրավացիորեն նշում է, որ պատմաբանների ուշադրությունից ցանցերը հիմնականում դուրս են մնացել: Ուսումնասիրվում են այն մեծ կառույցները, որոնք արխիվներ են թողել: Սա, այսպես կոչված, պաշտոնական պատմագրությունն է, որ հիմնվում է պաշտոնական գրագրության և կանոնակարգված արխիվի վրա: Դրանցում պատմական իրադարձությունները միայն որոշակի՝ հստակ դիրքի ու շահերի դիտանկյունից են ներկայացվում:
Մյուս ակնհայտությունն այն է, որ իրենց մասին հիշատակություններ հիմնականում թողել են հիերարխիկ՝ աստիճանակարգված համակարգերը: Մինչդեռ ամենամեծ պատմական փոփոխությունները տեղի են ունեցել ոչ պաշտոնապես միավորված մարդկանց խմբերի՝ ցանցերի կողմից, որոնք գրեթե թղթաբանություն չեն թողել: Ֆերգյուսոնը նշում է, որ մի անձի գրագրությունը կարող է ավելի լավ պատկերացում տալ իրադարձությունների մասին, քան ժամանակի պաշտոնական փաստաթղթերը:
Վերոնշյալից ելնելով՝ ուրվագծվում է նրա մեթոդը. պատմել ուրիշ՝ «չերևացող» պատմություն, որ պաշտոնական,
արձանագրված պատմությանը զուգահեռ ու աննկատ է հոսել: Պատմել ժամանակակիցների անձնական արխիվների՝
վկայությունների, օրագրերի, նամակագրության ուսումնասիրության միջոցով. այն նյութերի, որոնց ակադեմիական
պատմագրությունը վերապահումով կամ քամահրանքով է վերաբերվել:
Թեև գրքում կրկնվող մոտիվ է ցանցերի և հիերարխիաների հակադրությունը, սակայն Ֆերգյուսոնը դրանց «հաշտեցնող» մի դիտարկում է անում. հիերարխիան ցանցի հակապատկերը չէ, հակառակը՝ ցանցի տարատեսակ է: Դրա գլխավոր սկզբունքն է՝ նոր հանգույցներ ավելացնել վերևից ներքև, բայց երբեք դրանք չկապել հորիզոնական կապով: Մյուս հանգույցները կարող են այլ հանգույցների կապվել միայն վերևի իշխող հանգուցակենտրոնի միջոցով:
Ցանցերի մեծ մասը հիերարխիկ բնույթ ունի, քանի որ որոշ հանգույցներ ունեն ավելի մեծ կենտրոնայնություն: Իսկ
հիերարխիան ցանցի հատուկ տարատեսակ է, որում տեղեկության կամ ռեսուրսների հոսքերն ուղղվում են միայն որոշ կողերի միջոցով, որպեսզի առավելագույն չափով ավելացնեն իշխող հանգույցի կենտրոնայնությունը:
Ավելի պարզ՝ հիերարխիաներում գործում է «բաժանիր, որ տիրես» սկզբունքը: Ստորին օղակներում գտնվողները հնարավորինս քիչ հորիզանական կապեր պետք է ունենան, որպեսզի կանխվեն հեղաշրջումներն ու անակնկալ փոփոխությունները: Ամբողջ համակարգը մտածված է այնպես, որ հնարավորին չափ ավելանա վերևի հանգույցի տեղեկություն ստանալու և վերահսկելու կարողությունը:
Սա նշանակում է, որ իրենց համար էլ աննկատ՝ ցանցերը կարող են վերածվել-վերաճել հիերարխիաների: Հակառակի վկայությունները կարծես թե քիչ են (երբ հիերարխիան է վերածվել ցանցի):
Ցանցերը կարող են հաջող գործառել նաև հիերարխիաների ներքո և նույնիսկ նպաստել դրանց բարգավաճմանը: Ֆերգյուսոնը ցույց է տալիս, որ բրիտանական կայսրության ծավալի ու երկարակեցության գլխավոր բացատրությունը հարաբերական չմիջամտության սկզբունքն է, որին հետևում էր կենտրոնական իշխանությունը: Իշխանության զգալի մասը պատվիրակվում էր տեղական կառավարիչներին և մասնավոր ցանցերին. «… բրիտանական կայսրությունը կառավարում էր ոչ թե հանճար-միկրոմենեջեր, այլ ոչ պրոֆեսիոնալ ջենտլմենների մի ամբողջ ակումբ, որի թվացյալ անճիգ-գերիշխանությունն իրականում պայմանավորված էր տեղական գործակալների ու գործակցող բնիկների ամենօրյա աննկատ ջանքերով: «Գլխամասը» Լոնդոնում էր, սակայն «տեղում գտնվող մարդն» օգտվում էր զգալի ինքնուրույնությունից, քանի դեռ ցույց չէր տալիս «տեղանքի հետ հարազատանալու» նախանշաններ»:
Համանման՝ չմիջամտելու սկզբունքով էր զարգանում նաև Բրիտանիայի առևտրական ցանցը: Բրիտանական Արևելահնդկական ընկերությունը վերահսկում էր Հնդկաստանի և Արևմտյան Եվրոպայի առևտրի հիմնական մասը: Սակայն նավապետները հաճախ անօրինական առևտրային արշավներ էին ձեռնարկում՝ շեղվելով ընկերության նախագծած ճանապարհից: Դրա շնորհիվ մասնավոր առևտուրը ստեղծում էր կապեր, որոնք միավորում էին մինչ այդ միմյանցից անջատ գործող տարածաշրջանային կենտրոնները (նավահանգիստներն ու տրանսպորտային հանգույցները):
Ընկերությունն աչք էր փակում այս անօրինական գործունեության վրա, քանի որ դրա շնորհիվ հարստանում էր: Իրենց մասնավոր շահը հետապնդելով՝ անհատներն ակամա նպաստում էին հիերարխիկ կառույցի կապերի ընդլայնմանը:
Ի վերջո, որո՞նք են գրքի հիմնական դասերը: Որքան էլ զարմանալի է՝ դժվար է այս ծավալուն ու մանրակրկիտ
ուսումնասիրությունից կիրառական եզրահանգումներ դուրս բերել: Թե ցանցերը, թե հիերարխիաներն ունեն իրենց ուժեղ և խոցելի կողմերը: Պետություններն այլ կերպ չեն կարող գոյատևել, քան՝ միայն և միայն գործելով որպես հիերարխիա: Հիերարխիան է, որ կարող է ազգային անվտանգություն ապահովել և մասշտաբային այլ նախագծեր իրագործել: Որտեղ կարևոր են ստեղծագործական լուծումների փնտրտուքն ու կապերի ընդլայնումը, այնտեղ անփոխարինելի են ցանցերը:
Սակայն չկան դեղատոմսեր և կայուն օրինաչափություններ: Հավասարապես և նույն հաճախականությամբ են տապալվում թե՛ ցանցերը, թե՛ հիերարխիաները: Կարող է ճաքեր տալ ու կործանվել երբեմնի անխախտ թվացող կայսրությունը, կարող է կարծրանալ ու հիերարխիայի վերածվել գիտնականնների՝ գաղափարների ազատ շրջանառություն խրախուսող ցանցը: Երբեմն լավ է մեկը, երբեմն՝ մյուսը: Ֆերգյուսոնի գիրքն, այս առումով, չի սովորեցնում ոչինչ:
Գրքի գլխավոր բացը հստակ հայեցակետի բացակայությունն է. պատմական փաստերի երկարաշունչ շարադրանքը հաճախ չի կապակցվում ուսումնասիրության թիրախին` «Ցանց – Հիերարխիա» երկընտրանքին: Երբեմն դժվար է տարբերակել անգամ՝ նկարագրվող կազմակերպությունն ավելի շատ ցանց է հիշեցնում թե՞՝ հիերարխիա: Ռոտշիլդների տպավորիչ հաջողությունների նկարագրությունից այդպես էլ հստակ չէ՝ նրանց ցանցային հատկություններն են որոշիչ դեր կատարել, թե՞՝ ցանցերի կառավարման հիերարխիկ մեթոդները: Ի վերջո, որտե՞ղ է ցանցի և հիերարխիայի նուրբ սահմանը: Ո՞ր պահից սկսած և հատկությունների ո՞ր համախումբն է ցանցի՝ հիերարխիկ կառույցի վերածման ազդանշանը:
Պատմության՝ մեզ հայտնի փաստերի նորովի շարադրանքն ու բացահայտումները, իհարկե, հետաքրքիր են, սակայն ընթերցողը, որ բացել է գիրքը՝ հենց ցանցերի ու հենց հիերարխիաների վերաբերյալ օրինաչափություններ գտնելու համար, թերևս հուսախաբ կլինի: Ակնկալիքների ճշգրտման կարիք կա. եթե սիրում ենք պատմական բացահայտումներ և, ընդհանրապես, ծանոթ իրադարձությունների նորովի մեկնություններ, արժե հենց այդ նպատակով կարդալ այս գիրքը: