Ավետիք Մեջլումյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Ռոբերտ Փեն Ուորենը (1905-1989) ամերիկացի բանաստեղծ է, վիպասան և գրաքննադատ։ 1947-ին Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Արքայի ամբողջ թիկնազորը» (1946) վեպի համար, իսկ 1958 և 1979 թվականներին՝ բանաստեղծությունների ժողովածուների համար։ Միակ գրողն է, որ Պուլիտցերյան մրցանակ է ստացել թե՛ արձակի, թե՛ պոեզիայի համար։
Գրքի գլխավոր հերոս Վիլլի Ստարկի նախատիպը Հյու Փիրս Լոնգն է (1893-1935), Լուիզիանայի նահանգապետը: Ուորենն առնչվել էր վերջինիս, երբ դասավանդում էր Լուիզիանայի պետական համալսարանում:
Իր հոդվածներից մեկում հեղինակն անդրադարձել է գրքի ստեղծման նախապատմությանը՝ նկատելով, որ եթե չգնար ապրելու Լուիզիանայում և եթե գոյություն չունենար Հյու Լոնգը, վեպն էլ չէր գրվի: Բայց Ուորենը նաև զգուշացնում է. դա չի նշանակում, թե գրքի միջավայրը հենց Լուիզիանան է կամ ԱՄՆ որևէ այլ նահանգ: Եվ Վիլլի Ստարկն էլ հանգուցյալ նահանգապետ Լոնգը չէ: Պարզապես Լուիզիանան և նրա նահանգապետը գրողի մտքերին ու հույզերին ուղղություն են տվել՝ նպաստելով վեպի ստեղծմանը:
Վեպը գրելու խթաններից էին նաև նահանգապետի գործունեության մասին ժողովրդական միֆերը: Դրանցում նա աղքատ ու ճնշված խավերի հերոսն է, ով ձեռնոց է նետում կոռումպացված ու փչացած էլիտաներին և անվճար բարիքներ (կամուրջներ, ճանապարհներ) ստեղծում հասարակ ժողովրդի համար: Հանուն արդարության, պետք է նշել, որ հերոսի նախատիպն, իր ողջ հակասականությամբ հանդերձ (ինչպես, թերևս, ցանկացած քաղաքական գործիչ), իրապես մեծ ներդրում է ունեցել նահանգի կյանքում: Նրա կառավարման տարիներին ոչ միայն տպավորիչ շինարարական բում է եղել, այլ նաև՝ կարևոր սոցիալական ծրագրեր են իրագործվել՝ աշակերտների համար անվճար դասագրքեր ապահովելուց՝ մինչև աղքատ ընտանիքների սովորողների համար կրթական հնարավորությունների ընդլայնում և սևամորթների անգրագիտության մակարդակի էական նվազեցում:
Հյու Լոնգն ընդգծված հակաէլիտիստական հռետորաբանություն էր կիրառում՝ հանդես գալով խոշոր ընկերությունների հարկերի բարձրացման և, ընդհանուր առմամբ, հարստության արդար վերաբաշխման օգտին: Հնարավոր է՝ սա էր պատճառներից մեկը, որ նահանգի բարեկեցիկ ընտանիքներն ատում էին նրան, ինչի մասին նաև Ուորենն է պատմում՝ վերը նշված իր հոդվածում: Ատելության շարժառիթները որոշ դեպքերում ազնիվ էին, որոշ դեպքերում՝ ոչ այնքան: Բայց այդ մարդկանցից ոչ ոք, ըստ Ուորենի, չէր խորհել այն ակնհայտ փաստի մասին, որ եթե նահանգի նախորդ կառավարություններն ինքնագոհ, ծույլ ու ապաշնորհ չլինեին, ներքաշված չլինեին կոռուպցիայի մեջ և զուրկ չլինեին ստեղծագործ մոտեցումից, ապա չէր լինի և Հյու Լոնգը:
Վեպի այս համատեքստն է հիմք դարձել, որպեսզի այն մեկնաբանվի որպես պոպուլիզմի և քաղաքականության մասին մի գիրք: Վեպին հղում են անում նաև ժամանակակից քաղաքագիտական տեքստերը, ինչպես, օրինակ, քաղաքագետ Յան-Վերներ Մյուլլերն՝ իր «Ինչ է պոպուլիզմը» գրքում:
Սակայն գլխավոր միտքը, որ ծագում է այս գիրքը կարդալու ընթացքում, հետևյալն է. սա վեպ չէ պոպուլիզմի մասին: Եվ ոչ էլ նույնիսկ՝ քաղաքականության մասին: Այո, քաղաքական պայքարն այս վեպի միջավայրն է և հավանաբար դրա նկատմամբ մարդկային հետաքրքրությունն է նպաստել վեպի՝ առնվազն երեք անգամ էկրանավորմանը (1949-ին՝ օսկարի մրցանակաբաշխությանը ճանաչվելով տարվա լավագույն ֆիլմ, 1971-ին՝ ԽՍՀՄ-ում և 2006-ին՝ կրկին Հոլիվուդում):
Բայց քաղաքականությունն ու պոպուլիստական հռետորաբանությունն այստեղ ֆոն են միայն: Վեպը գրականության հավերժական թեմաների շուրջ է՝ մարդու բարոյական անկման ու վերածննդի, մեղքի և դրանից փախուստի, սիրո ու դավաճանության: Սա քրիստոնեական ոգով լեցուն, աստվածաշնչյան պատում է՝ բազմաթիվ հղումներով ու աստվածաշնչյան մեջբերումներով: Համընդհանուր խղճահարության ոգին է թևածում այստեղ՝ ազատ անկման մեջ գտնվող բոլորի ու ամենայնի հանդեպ:
Առանցքային գիծն իշխանության մեջ հայտնված մարդու փչացումն է, փոխզիջումը՝ հռչակված սկզբունքների և իրականության պարտադրանքի միջև:
«Մարդը հղանում է մեղքի ու ծնվում անբարոյականության մեջ, ճանապարհ է անցնում գոզաբույր բարուրից մինչև գարշահոտ սավան:»
Սա է Վիլլի Ստարկի հավատամքը: Բայց վեպի աշխարհում խավարը խտանում է ոչ թե այս հավատամքի գոյության փաստից, այլ այն բանից, որ այն աշխատում է՝ իրական է: Յուրաքանչյուր դրվագում այս համոզմունքն իր հիմնավորումն է փնտրում: Եվ, ցավոք, գտնում է:
Սա պատում է գերմարդու մասին, որ թույլ է տալիս՝ միջավայրը խժռի իրեն և կարծես ծանր չի տանում այդ փաստը:
«Ես պետք է հավատամ, որ Վիլլի Ստարկը մեծ մարդ է եղել: Թե ինչ պատահեց նրա մեծության հետ, արդեն ուրիշ խնդիր է: Գուցե նա իր մեծությունը շաղ տվեց գետնին, ճիշտ ինչպես հեղուկն է թափվում ջարդված շշից: Գուցե իր մեծությունը լցրեց մի կույտի մեջ և միանգամից հրկիզեց խավարում, ինչպես մի մեծ խարույկ, ու հետո ոչինչ չմնաց խավարից ու կայծկլտացող խանձողներից բացի: Գուցե նա չէր կարողանում իր մեծությունը զանազանել իր ոչնչությունից և դրանք այնպես միախառնեց, որ ամեն ինչ փչացրեց: Բայց նրա մեջ մեծություն կար: Ես պարտավոր եմ դրան հավատալ:»
Կարելի է հիշել հայտնի «Խաղալիք» ֆիլմը՝ մասնակցությամբ Պիեռ Ռիշարի, որտեղ շեֆը փորձարկում է անում՝ կարգադրելով ենթականերից մեկին՝ հանվել: Երբ վերջինս անխոս հնազանդվում է պահանջին, շեֆը հռետորական հարց է տալիս այն մասին, թե իրենցից ով է ավելի մեծ հրեշ՝ ինքը, որ նման հրաման է տվել, թե դրան անտրտունջ ենթարկվողը:
«- Գրողը տանի,- պատասխանեց,- դրանք այնպիսի աչքեր ունեն, որ մարդ ուրիշ կերպ խոսել չի կարող: Սա, օրինակ, պնակալեզի մեկն է: Անմիջապես երևում է: Նրա հետ այլ կերպ վարվել չի կարելի:
- Այո,- ասացի,- այդ մարդը մի երկար ճիճվի է նման:
- Ես նրան բոլոր հնարավորությունները տվեցի,- մռայլ արձագանքեց Բոսը: Նա հազար անգամ կարող էր հրաժարվել կրկնելուց իմ ասածը: Նա կարող էր չլսել ինձ: Կարող էր վեր կենալ, դուռը շրխկացնել ու գնալ: Կարող էր վերջապես ամսաթիվ դնել այդ թղթի վրա ու երեսիս շպրտել: Բայց ոչ, գրողը տանի: Բայրամը դա անողը չէ:»
Ուորենի վեպում հերոսներն ու միջավայրը նույն տրամաբանությամբ կամ տրամադրությամբ են միմյանց առնչվում. մեկը մյուսին արժանի են և ոչ ոք ենթակա չէ ափսոսանքի: Հերոսներն աղտոտում են միջավայրը և նույնչափ էլ իրենք են աղտոտվում:
«Բայց նրանց էլ կարելի էր առարկել. ոչ, ի վերջո, մեղավորը, այնուամենայնիվ, ամբոխն էր, անուղղակի կերպով, քանի որ նա թույլ էր տվել Մակմերֆիին անցկացնել այդ մարդկանց, և ուղղակի, քանի որ նա, ի հեճուկս Մակմերֆիի, ընտրել էր Վիլլի Ստարկին: Բայց ինչո՞ւ էր նա ընտրել Վիլլի Ստարկին: Նրա համար, որ հանգամանքները ստիպեցի՞ն, որ ամբոխը դառնա այն, ինչ որ է, թե՞ նրա համար, որ Վիլլի Ստարկը կարողանում էր թեքվել ու խոնարհվել դեպի նա՝ ձեռքերը երկնքին պարզած ու աչքերը չռած:»
Անաղարտության ձգտող հազվագյուտ կերպարներն էլ իրականում երեսպաշտ են: Նրանք գիտեն, որ չարիքն անխուսափելի է, բայց ձգտում են մաքուր մնալ, ավելի ճշգրիտ՝ մաքուր երևալ.
«- Ուրեմն նա աշխատում էր ինձ հետ… որպես գլխավոր դատախազ և հրաժարական տվեց: Իսկ գիտես ինչո՞ւ,- պատասխանի չսպասելով Բոսը շարունակեց,- հրաժարական տվեց, որովհետև չէր ուզում թաթիկները կեղտոտել: Ուզում էր տուն կառուցել, բայց չգիտեր, որ ցեխի մեջ աղյուս շաղախող մարդիկ չկան: Նա ճիշտ նման էր այն մարդուն, որը սիրում է բիֆշտեքս ուտել, բայց ատում է սպանդանոցի մասին միտքն անգամ, որովհետև այնտեղ վատ, անտաշ, անասուն չսիրող մարդիկ կան, որոնց վրա միայն պետք է գանգատ տալ Կենդանիների պաշտպանության ընկերությանը: Ուստի և հրաժարական տվեց:»
Մարդկային այդ տափաստանում, ուր գետնաքարշ, գորշ թփեր են և անգործ թավալվող մացառներ, հանկարծ կաղնու պես խոյանում է նահանգապետը, որ բարոյապես հաճո չէ գուցե, բայց գործող մեկն է և խորություն ունի կարծես: Տեքստն ակնարկում է, որ յուրաքանչյուրն, ով թաթախված է քաղաքականության մեջ, սրիկա է: Ուրեմն մնում է պատմել գոնե այն մեկի մասին, ով ևս սրիկա է, բայց վառ կերպար է՝ կաղնի՝ մյուսներից վեր բարձրացող:
Վեպի բոլոր հերոսները, թվում է, միևնույն հավաքական անձի այլընտրանքային ես-երն են, ալտեր էգոները: Վիլլի Ստարկը մյուսների թաքուն ու վախենալու մղումների իրագործողն է, այն ցանկությունների, որ քաջություն չունեն խոստովանելու: Նա ուրիշների՝ հայեցողների իրացված ես-ն է, գործող ես-ը: Մինչ մյուսները փորձում են մաքուր պահել ձեռքերը, Վիլլին խիզախաբար մտնում է բեռի տակ:
«Դուք ուզում եք Ձեր հարվարդյան ձեռքերը մաքուր պահել, բայց հոգու խորքում լավ գիտեք, որ ես ճշմարտությունն եմ ասում, Ձեզ պարզապես անհրաժեշտ է, որ ուրիշն աղտոտվի:»
Վիլլի Ստարկն ու պատմողը՝ Ջեկ Բարդենը, նույն անձի երկու կերպն են՝ բևեռային, տարբեր, բայց՝ սերտաճած արյունատար անոթներով և միմյանցից սնվող: Մեկը հայեցող է, մյուսը՝ գործող, մեկը տեսության մարդ է, մյուսն՝ իրականության, մեկը գաղափարների հետ է խաղում, մյուսը դրանք կարծր փաստերի է վերածում:
Ինչո՞ւ կարդալ այս գիրքը: Եվ ինչո՞վ է այն օգտակար հենց հայաստանցի ընթերցողին:
Առաջին հերթին այն բանի համար, որ հասկանանք-տեսնենք՝ Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը՝ անկախացումից ի վեր, պատմական եզակի մի ֆենոմեն չէ:
Վեպում հյութալի կերպով ցույց են տրվում ԱՄՆ 30-ականների բարքերը, այն ամենը, ինչի դեմ մեզնից շատերը պայքարում էին կամ պայքարում են. կոռուպցիան՝ իր հիասքանչ մանրամասներով, պետական գնումներն ու կատաղի մրցակցությունը՝ դրանցից կտոր փախցնելու համար, քաղաքական մրցակիցների ահաբեկումն ու քվեներ հայթայթելը: Որքան ծանոթ է այս ամենը:
Գեղարվեստական արժանիքներից զատ, գիրքը պետք է կարդալ նաև՝ հասկանալու համար, որ մենք ինչ-որ եզակի ու անկրկնելի ողբերգության օբյեկտները չենք, այլ՝ պատմության հերթական, կրկնվող արարի մասնակիցներ: Այն քողազերծում է ԱՄՆ լուսապսակը, պատմության ամենացավոտ կողմերն ի ցույց դնում՝ ստրկատիրությունից մինչև քաղաքացիական պատերազմ, և դրանով հիշեցնում, որ ազգերի տառապանքն ինչ-որ յուրահատուկ անեծք չէ՝ առաքված միայն «ընտրյալներին»:
Վեպի գեղարվեստական արժանիքներից է հետթարթերի (flashback) գերազանց կիրառությունը՝ ընթերցողին պատմության էջերում այս ու այն կողմ նետելը: Բայց այս հետթարթերից գլխապտույտ չի առաջանում, հակառակը՝ փոշոտ պատումներն այնքան ներդաշնակ հյուսվում են այս պահի պատմությանը: Եվ հակարծ պարզվում է, որ դրանք միևնույն պատմությունն են, և առանց մեկի մյուսը թերի է, և իրականում ոչինչ չի ավարտվում, այլ տեղի է ունենում անընդհատ: Այդպիսի մի ճյուղ է Կասս Մաստերնի մասին պատումը, որ վիպակ է՝ վեպի մեջ: Այն սկզբում խորթ մարմին է թվում, բայց տեքստի ծավալման ընթացքում բացահայտում է իր առանցքային նշանակությունը՝ գլխավոր պատումի նկատմամբ:
Վեպի կրկնվող մոտիվներից է մեքենայով ճամփորդությունը՝ տեղից տեղ գնալը, որ այդքան հատուկ է ամերիկյան վեպին ու պատմվածքին՝ Նաբոկովի Լոլիտայից մինչև Սարոյանի հերոսներ: Այստեղ ավտոմեքենան մի լրացուցիչ իմաստ էլ է ստանում. այն փախուստի միջոց է: Մեքենայով ճամփորդությունը ժամանակակից ուխտագնացություն է՝ ինքն իրենից, ես-ից, ինքնությունից պոկվելու միջոց:
Վեպի հիանալի կտորներից մեկը պատմողի՝ Ջեկ Բարդենի մեքենա վարելն է՝ դեպի Արևմուտք, դեպի Կալիֆոռնիա: Ոչինչ տեղի չի ունենում ոչ ճանապարհին, ոչ նպատակակետում, ոչ էլ տունդարձի ժամանակ: Եվ այդ՝ «ոչինչ տեղի չունենալու»՝ իրադարձությունների ծանծաղության հանգամանքն էլ ավելի է ընդգծում մեկշաբաթյա ճամփորդության իրական իմաստը: Սա օրեր տևող մեդիտացիա է, ծես, անհավատի աղոթք ու խոկում, որ տեղի է ունենում ժամանակակից մարդու շարժական տաճարում՝ ավտոմեքենայում:
Ռոբերտ Փեն Ուորենի վեպը հանգիստ խղճով կարելի է դասել մեծ վեպերի շարքին: Ինչպես գրականության այլ նշանակալի տեքստերը, սա ևս չունի մի կոնկրետ ասելիք, մի հստակ ուղերձ: Այն տարողունակ է, մասշտաբային, լի՝ բազում շերտերով: Ուստի ներողամիտ լինենք «գիրք է՝ պոպուլիզմի մասին» մարկետինգային հնարի նկատմամբ, քանի որ լավ խայծը երբեք չի վնասում լավ գրականությանը: