Քրիստինա Ծատուրյան
Կրթության փորձագետ
Դենիել Գոուլմանը ամերիկյան հոգեբան, հետազոտող և գրող է, ով առավել հայտնի է «Հուզական ինտելեկտ» («Emotional Intelligence») գրքով։ Նա համարվում է հուզական բանականության (EQ) հասկացության առաջատարներից մեկը, ում շնորհիվ այս գաղափարը մեծ ճանաչում է ստացել ամբողջ աշխարհում։ 1995 թ. հրատարակված այս գրքում զետեղված են տարբեր հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ մարդկանց հաջողության և լավ հարաբերություններ կառուցելու համար կարևոր դեր ունի ոչ միայն ինտելեկտը (IQ), այլ նաև հուզական բանականությունը։
Գոուլմանը հուզական բանականությունը բնութագրում է որպես կարողություն, որը թույլ է տալիս մարդկանց հասկանալ և կառավարել իրենց սեփական և ուրիշների զգացմունքները՝ դրանով իսկ բարելավելով իրենց վարքագիծը, որոշումների կայացման գործընթացն ու սոցիալական փոխհարաբերությունները։ Նա առանձնացնում է հետևյալ կարևոր հմտությունները.
1. Ինքնագիտակցություն (Self-Awareness)
• Հասկանալ սեփական զգացմունքներն ու տրամադրությունը։
• Իմանալ սեփական ուժեղ և թույլ կողմերը։
• Գնահատել և վստահել սեփական անձին։
2. Ինքնակառավարում (Self-Regulation)
• Կառավարել հույզերն ու պահվածքը՝ անկանխատեսելի իրավիճակներում։
• Հարմարվողականություն և պատասխանատվություն։
• Պահպանել ներքին հանդարտությունն ու ինքնատիրապետումը։
3. Մոտիվացիա (Motivation)
• Նպատակաուղղվածություն և ձգտում հաջողության։
• Ինքնապարտադրանք և բարձր պատասխանատվություն։
• Լավատեսություն և հաստատակամություն դժվարությունների դեմ։
4. Ապրումակցում (Empathy)
• Մյուսների հույզերը հասկանալու ունակություն։
• Զգացմունքային կապեր հաստատելու ունակություն։
• Կարեկցանք և հարգանք։
5. Սոցիալական հմտություններ (Social Skills)
• Կարողություն՝ կառուցելու և պահպանելու լավ հարաբերություններ։
• Համագործակցություն և թիմային աշխատանք։
• Ինքնավստահություն ու հաղորդակցման հմտություններ։
Գրքի նշանակալիությունը պայմանավորված է նրանով, որ Գոուլմանը ստիպում է ընթերցողին ներհայել և մտածել սեփական վարքագծի, հույզերի և այլոց հետ փոխհարարաբերությունների մասին։ Նա հատկապես անդրադառնում է մանկությանը և մանուկ հասակում ուղեղի տարբեր հատվածների ձևավորմանը, նյարդային համակարգին, կապերին և դրանց զարգացման վրա տարբեր գործոնների ազդեցությանը։ Գրքի յուրաքանչյուր բաժնում սկզբում ներկայացվում է իրավիճակ, այնուհետև այդ իրավիճակի բացատրությունն է տրվում նյարդաբանության, վաղ տարիքի զարգացման առանձնահատկությունների, երեխայի համար նշանակալի խնամակալի հետ հարաբերությունների տեսանկյունից։
Գոուլմանն անդրադառնում է նաև, թե ինչպես է հուզական բանականությունը, կամ հուզական բանականության՝ վաղ տարիքում ձևավորումը նպաստում ուսումնառությանը և առաջադիմությանը։ Օրինակ, նա ներկայացնում է մի դրվագ «մարշմելոու մարտահրավերը» փորձից, որին մասնակից երեխաներին հետազոտել են երկարատև ժամանակ և արձանագրել, որ այն երեխաները, որոնք ցուցաբերում էին համբերություն և մինչև նախանշված ժամանակը չէին դիպչում մարշմելոուին, հետագայում առավել հաջողակ էին և տոկուն։
Այս թեման Հայաստանում առավելագույնս հետաքրքրական է դառնում՝ կրթության և աշխատաշուկայի պահանջների անհամապատասխանության, մասնագիտական ներուժի կամ փափուկ հմտությունների բացակայության, հետպատերազմյան և օրեցօր աճող ագրեսիայի համատեքստում։
Համաձայն 2023 թ. Երջանկության համաշխարհային զեկույցի՝ Հայաստանի երջանկության միջին միավորը 5.38 է (10-ից), ինչը մի փոքր ցածր է համաշխարհային միջին ցուցանիշից՝ 5.59-ից:
Gallup-ի 2023 թ. Հույզերի համաշխարհային զեկույցում Հայաստանն ընդգրկվել է հինգ ամենաբարկացած երկրների շարքում՝ Լիբանանի, Թուրքիայի, Իրաքի և Աֆղանստանի կողքին։ Նույն կերպ, կրթության ցուցանիշները Հայաստանում վերջին տարիներին անկում են գրանցել, իսկ տարբեր ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ անհրաժեշտ են կրթության կազմակերպման նոր և համապարփակ մոտեցումներ։
Գոուլմանն այս կապակցությամբ նշում է, որ 80-ականներին ԱՄՆ-ում մեծ թափ ստացան սոցիալ-հուզական ուսումնառության ծրագրերը։ Տարբեր հետազոտություններ ցույց տվեցին, որ նմանատիպ ծրագրերը կարողանում են նվազեցնել ագրեսիան և անհանգստությունն աշակերտների մոտ, ինչպես նաև խթանում են ապրումակցումը, համագործակցությունը և կոնֆլիկտների լուծման հմտությունները։ Նմանատիպ ծրագրերը միտված են զարգացնելու ինքնագիտակցությունը, ինքնակարգավորումը, սոցիալական հմտությունները, ապրումակցումը և մոտիվացիան, որոնք հուզական բանականության կարևոր տարրերն են։
Այս գիրքը հանրամատչելի կերպով ներկայացնում է հուզական բանականությունը՝ հղում անելով տարբեր ուսումնասիրությունների: Այն հետաքրքիր կլինի ծնողներին, ուսուցիչներին, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետներին։