Ավետիք Մեջլումյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Ամերիկացի գրող, հոգեբան և գիտական լրագրող Դենիել Գոուլմանի «Հուզական ինտելեկտ» գիրքը, 1995 թ. լույս տեսնելուց հետո, համաշխարհային համբավ է ձեռք բերում՝ դառնալով բեսթսելլեր: Մինչ օրս գիրքը բազմիցս վերահրատարակվել է, թարգմանվել ավելի քան 40 լեզուներով։
Գրքի ստեղծման շարժառիթները և ապագայի տեսլականը ուշագրավ կերպով է ներկայացնում հենց ինքը՝ հեղինակը:
«Հիշում եմ տասը տարվա վաղեմության իմ այն միտքը (այս գրքի հրատարակումից անմիջապես առաջ), որ եթե մի օր լսեմ զրույց, որի ժամանակ երկու անծանոթներ կիրառում են «հուզական ինտելեկտ» արտահայտությունը և երկուսն էլ հասկանում դրա նշանակությունը, ապա հաջողության հասած կլինեմ հասկացությունը հասարակության ավելի լայն շերտերին հասցնելու հարցում: Ես գաղափար անգամ չունի, թե ինչպիսի տարածում կունենա վերջինս:»
Այսօր արդեն կարելի է վստահաբար պնդել, որ Գոուլմանը հաջողել է: Հասկացությունը ոչ միայն լայն ճանաչում է ստացել, այլ նաև՝ կրթության ոլորտում տարածում է գտել սոցիալ-հոգեբանական ուսուցման (ՍՀՈւ) ծրագրերի միջոցով, որոնք պարտադիր են դարձել և ներառվել ԱՄՆ որոշ նահագների կրթական չափորոշիչներում: ՍՀՈւ ծրագրեր կան նաև Սինգապուրում, Կորեայում, Ճապոնիայում, Բրիտանիայում, Ավստրալիայում և այլ երկրներում:
Հուզական գրագիտության կարևորությունն ի ցույց դնելու համար Գոուլմանը մեջբերում է Բրուքլինի ուսուցիչներից մեկի դիպուկ խոսքը:
«Մեզ ավելի շատ անհանգստացնում է երեխայի գրելու և կարդալու ունակությունները, քան արդյոք երեխան ողջ կմնա հաջորդ շաբաթ:»
Գրքի հիմնական ուղերձն այն է, որ հուզական ինտելեկտի կարողությունները և ոչ թե IQ կամ տեխնիկական հմտություններն են «խտրականություն» առաջացնում և լավագույնս կանխատեում, թե փայլուն ուղեղի տեր մարդկանցից ով ավելի ունակ ղեկավար կդառնա:
«Երբ վերլուծում ես, թե ողջ աշխարհում տարբեր կազմակերպություններ միմյանցից անկախ որ հատկանիշներն են կարևորում իրենց լավագույն ղեկավարների մեջ, տեսնում ես՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան IQ-ն և տեխնիկական հմտությունները այդ ցանկի ամենաստորին տեղում են գտնվում: (IQ և տեխնիկական փորձառությունը առաջխաղացման շատ ավելի ազդեցիկ գործոններ են մասնագիտական ավելի ցածր մակարդակներում:)»
Նախքան հուզական ինտելեկտի ուսումնասիրության ձեռնարկումը, Գոուլմանը քողազերծում է դրա շուրջ առկա որոշ միֆեր: Առաջին միֆն այն է, թե իբր հուզական ինտելեկտը կազմում է հաջողության 80 տոկոսը: Ըստ նրա, սա անհեթեթ պնդում է: Կա վիճակագրություն, որ IQ-ն հաջող կարիերայի միայն 20 տոկոսն է: Եվ այդտեղից այն սխալ հետևությունն է կայացվել, թե մնացած 80 տոկոս անորոշությունը հուզական ինտելեկտն է: Մինչդեռ, հաջողության մեջ մեծ է տարատեսակ գործոնների դերակատարությունը՝ ընտանիքից ու կրթությունից մինչև կույր բախտ, խառնվածք և այլն:
Մյուս միֆն, ըստ Գոուլմանի, այն է, թե իբր բոլոր ոլորտներում է հուզական ինտելեկտն ավելի կարևոր: Մինչդեռ զուտ ակադեմիական ձեռքբերումների բնագավառում դա այդպես չէ: Այն կարևոր է այնպիսի ոլորտներում, որտեղ հուզական ինքնակարգավորումն ու ապրումակցումն են ավելի կարևոր:
Վերջապես, շատերն այն թյուր պատկերացումն ունեն, թե իբր հուզական ինտելեկտը հույզերից հրաժարվելու կամ դրանք ճնշելու մասին է: Գրքի ուղերձն այս առումով ևս հստակ է. հույզերն արժեքավոր են, դրանցից հրաժարվել ոչ միայն հնարավոր չէ, այլև՝ պետք էլ չէ: Հարկավոր է քննել ու հասկանալ հույզերը, ուշադիր լինել դրանց նկատմամբ անգամ որոշումներ կայացնելիս: Օրինակ, անցանկալի հույզ համարվող տագնապը կարող է օգտակար լինել նրանց համար, ովքեր այն կարողանում են կառավարել: Տագնապի կառավարելի «չափաբաժինը» լավ խթան է ստեղծագործելիս կամ քննության պատրաստվելիս:
Գոուլմանը տալիս է հույզի իր մեկնաբանությունը:
«Հույզ ասելով ես հասկանում եմ զգացմունքը, վերջինիս բնորոշ մտքերը, հոգեբանական և կենսաբանական վիճակը և գործության մղումները:»
Սակայն հույզից ոչ պակաս և հաճախ ավելի կարևոր է մետահույզը, որը պարզեցված կերպով կարելի է բնորոշել որպես հույզ՝ հույզի մասին: Մետահույզը ցույց է տալիս մեր վերաբերմունքը մեր իսկ հույզի նկատմամբ, տվյալ հույզի առնչությամբ ունեցած մեր հույզերը: Այլ կերպ՝ մետահույզը հույզի նկատմամբ ռեֆլեքսիան է, հույզի ինքնահայեցումը:
Հուզական կոմպետենտությունը սկսում է հույզերը ճանաչելուց և ձևակերպելուց: Իսկ սրանք լեզվի միջոցով են տեղի ունենում. հույզերի հասկացումն անբաժանելի է լեզվից:
Այս առումով, առանձին քննարկման առարկա է հայերենի հուզական արտահայտման ներուժը: Առօրյա, խոսակցական հայերենը գերհուզական է, ինչն էլ արժեզրկում է լեզվական միջոցները՝ բառերն ու արտահայտությունները: Երբ անգամ սովոր հույզերն արտահայտվում են իրենց գերադրական աստիճանով («ահավոր է», «դիմանալու բան չէ», «անկարելի է», «մեռնում եմ», և այլն), այլևս չեն մնում հարմար բառեր՝ իրական ցավն ու տանջող հույզերն արտահայտելու համար:
Իսկ չարտահայտված հույզերն այդպես էլ մնում են անճանաչելի և ուռճացնում են տանջող անորոշության ճնշումը:
Ցավոք, հենց դպրոցական կրթությունն է դեռ տարրական դասարաններից երեխաներին ներարկում պաճուճավոր, շքեղազարդ, բայց իրականում՝ դատարկ ու ոչինչ չասող լեզվամտածողությունը: Հանրակրթությունը և հատկապես դրա հումանիտար առարկաները պետք է հնարավորինս մաքրել պարազիտ բառերից ու ճոռոմախոսությունից: Սովորողները պետք է յուրացնեն պարզ, հասկանալի, ավելորդություններից ու ձևականություններից զերծ լեզուն՝ իրենց հույզերն արտահայտելու, բանականության դաշտ բերելու համար:
Գրքում հաճախ է կրկնվում ու կարևորվում ճշմարտության ճանաչումը: Տվյալ դեպքում՝ հույզերի ճանաչումն այնպիսին, ինչպիսին դրանք կան՝ առանց սեթևեթանքի, առանց կեղծիքի ու վախի:
Մինչդեռ հասարակական հարաբերությունները՝ դպրոցից մինչև ընտանիք և այլուր, կառուցված են ոչ թե իրականության, այլ՝ ցանկալի, խրախուսելի, ապահով ճշմարտությունների յուրացման պարտադրանքի շուրջ: Հասարակությունն է հուշում, թե ինչ է պետք զգալ որոշակի իրավիճակում, ինչպես է պետք դա զգալ, ինչ չափով և ուժգնությամբ: Այդ պարտադրված հույզերի արտահայտման ձևերն էլ նույնպես նորմավորված են՝ վերաբերեն դրանք սգո, ուրախության թե հայրենասիրության արտահայտմանը:
Գրքի գլխավոր ուղերձներից է անկաշկանդ և խիզախ ինքնաճանաչումը: Ոչ թե ընդհանուրի բարոյախոսական մահակի ներքո վերարտադրել ակնկալվող հույզերը, այլ՝ խիզախորեն արձանագրել իրական մղումներն ու մտքերն:
Ճանաչված հույզերը բանական՝ հետևաբար՝ ազատ գործողությունների բանալին են:
Եվ կրկին վերադառնում ենք հանրակրթության դերին: Դպրոցական կրթությունն այժմ հույզերի արտահայտման պատրաստի շրջանակներ է տրամադրում սովորողներին՝ ասմունքի ցերեկույթներից մինչև այլ կրթադաստիարակչական միջոցառումներն ու դասավանդումն՝ ընդհանուր առմամբ: Դրանցում սովորողը հաղորդակից չէ ինքն իր հույզերին, այլ ուրիշների հույզերի արտահայտողն է:
Մենք պետք է փորձենք սովորեցնելու արդյունքում շատ բան… չսովորեցնել: Երբ սովորողը միայնակ մնա ինքն իր հետ՝ առանց հեշտ, պատրաստի կաղապարների, այդ ժամանակ կսկսի ինքն իրեն հարցեր տալ ու քննել՝ անդրադառնալ հույզերին: Դրա համար պարզապես պետք է իջեցնել հույզերը պատվանդանից: