Արշակ Բալայան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Բաշխական արդարության տեսությունները ձգտում են բացահայտել այն սկզբունքները, որոնց համաձայն պետք է բաշխել բարիքները։
Այստեղ «բարիք» եզրույթը կկիրառենք խիստ լայն առումով. «բարիք» ասելով նկատի կունենանք այն ամենն, ինչին մարդիկ ձգտում են և/կամ կարող են որևէ այլ նպատակով կիրառել։
Քաղաքական համայնքում բարիքները կարող են բաշխվել ըստ տարբեր սկզբունքների, օրինակ՝ լիակատար ազատ շուկայական գործարքների միջոցով։ Այս դեպքում բացարձակապես ամեն ինչ, ներառյալ անհատների հիմնարար ազատությունները, քվեները, դատական որոշումները, և այլն, կլինի առուվաճառքի առարկա։ Բնականաբար, ոչ մի իրական քաղաքական համայնքում, չկա այսպիսի «լիակատար ազատ շուկայական» համակարգ. անգամ տնտեսական առումով ամենաազատ քաղաքական համայնքներում է արգելվում մի շարք բարիքների ազատ առուվաճառքը։
Ո՞ր բարիքներն է, որ պետք է բաշխվեն ազատ շուկայի միջոցով, իսկ որոնք՝ ըստ այլ սկզբունքների, օրինակ՝ ըստ մարդկանց կարիքի։
Վարը սեղմ շարադրված են բաշխական արդարության երեք տեսությունների հիմնական դրույթները։
Ըստ Ջոն Ռոլսի՝ արդարության սկզբունքները պետք է դիտարկել քաղաքական համայնքի անկյունաքարային, առանցքային հաստատությունների հետ համատեղ։ Առանցքային հասարակական հաստատություններ են, օրինակ, մտքի և խղճի ազատությունները, մրցակցային շուկաները և մասնավոր սեփականությունը (Ռոլս 2024, էջ 124)։
Այս հաստատություններն անհատների միջև որոշակի անհավասարություններ են ստեղծում։ Ըստ Ռոլսի՝ բաշխական արդարության սկզբունքները պետք է կիրառել առաջին հերթին այս անհավասարությունների նկատմամբ (Ռոլս 2024, էջ 125)։
Արդարության կարևորագույն բաղադրիչն անաչառությունն է. քաղաքական համակարգը բարիքները պետք է անաչառ կերպով բաշխի։ Իսկ ինչպե՞ս կարելի է պարզել, թե որն է բարիքների անաչառ բաշխումը։ Քանի որ մարդիկ բավական եսասեր են, նրանցից յուրաքանչյուրը կգերադասի բարիքների բաշխման այնպիսի սկզբունքներ, որոնք ձեռնտու են հենց իրեն։ Արդարության անվան ներքո սեփական շահն առաջ մղելու վտանգը շրջանցելու համար Ռոլսն առաջարկում է մտածել ոչ թե իրական, այլ իդեալական գործորդների միջև տեղի ունեցող քննարկման և նրանց միջև կնքվող դաշինքի մասին։
Պատկերացնենք գործորդներ, որոնք ձգտում են սեփական շահն առաջ մղել, ռացիոնալ են, բանիմաց են՝ գիտեն բնագիտություն, տնտեսագիտություն, սոցիոլոգիա և այլն, բայց չգիտեն, թե ով են իրենք. չգիտեն իրենց ո՛չ սեռը, ո՛չ տարիքը, ո՛չ ազգությունը, ո՛չ տնտեսական վիճակը, ո՛չ առողջական վիճակը… սեփական անձի վերաբերյալ ոչինչ չգիտեն՝ գտնվում են «անտեղյակության քողի» ետևում։
Այս գործորդները քննարկում են, թե ինչպիսի սկզբունքներով պետք է բարիքները բաշխվեն հասարակության մեջ։ Նրանք գիտեն, որ այս անտեղյակության քողի ներքո համաձայնությամբ ընդունված սկզբունքները վերջնական են. երբ այդ անտեղյակության քողն ընկնի, հասարակությունը պետք է առաջնորդվի ըստ այդ սկզբունքների։
Ի՞նչ սկզբունքներ կընտրեն այս գործորդները։ Ըստ Ռոլսի՝ նրանք չեն ընտրի մի այնպիսի սկզբունք, որը, օրինակ, արտոնյալ վիճակում է դնում քրիստոնյաներին։ Չէ՞ որ անտեղյակության քողը վայր ընկնելուց հետո կարող է պարզվել, որ իրենք բոլորն էլ մահմեդական են։ Արդյունքում կստացվի, որ իրենք համաձայնության են տվել մի սկզբունքի, որն իրենց դեմ է։ Նույն կերպ, անտեղյակության քողի ներքո գտնվողները կխուսափեն որևէ այլ հատուկ խմբի արտոնյալ վիճակում դնող սկզբունքներ ընդունելուց։
Իսկ արդյո՞ք նրանք կընտրեն հետևյալ սկզբունքը. «Յուրաքանչյուրին պետք է տրվի այնքան, որքան նա ներդրում է ունեցել քաղաքական համայնքի ընդհանուր բարիքների ստեղծման գործում»։ Ըստ Ռոլսի՝ ո՛չ։ Չէ՞ որ անտեղյակության քողը վայր ընկնելուց հետո կարող է պարզվել, որ մարդկանց գերակշիռ մասը ոչ մի ներդրում էլ քաղաքական համայնքի ընդհանուր բարիքների ստեղծման գործում չի ունեցել։ Այս դեպքում այդ գերակշիռ մասը ոչինչ չի ստանա։
Ըստ Ռոլսի՝ անտեղյակության քողի ներքո գտնվողները կընտրեն հետևյալ երկու սկզբունքները.
1. Բոլորը պետք է ունենան հավասար հիմնական իրավունքներ և պարտականություններ։
2. Եթե ինչ-ինչ սոցիալական ու տնտեսական անհավասարություններ նպաստավոր են բոլորի, «մասնավորապես, հասարակության ամենաքիչ ապահովված (least advantaged) անդամների համար», դրանք թույլատրելի են (Ռոլս 2024, էջ 136)»։
Այս սկզբունքները պետք է հարգել, քանի որ սրանք հենց այն սկզբունքներն են, որոնք մենք կընտրեինք սեփական շահն առաջ մղել ձգտող, ռացիոնալ, բանիմաց և անշահախնդիր լինելու դեպքում։
Անհատների հիմնական իրավունքներն, ըստ Ռոլսի, որևէ պարագայում չեն կարող զոհաբերվել հանուն որևէ հանրային նպատակի։ Բայց հասարակության մեջ կարելի է թույլատրել տնտեսական (հարստության), սոցիալական (հեղինակության, հանրային ուշադրության) և քաղաքական (իշխանության) անհավասարություն, եթե այդ անհավասարությունից օգտվում են բոլորը։
Մայքլ Ուոլցերի արդարության տեսությունը մի շարք հարցերում հակադրվում է Ջոն Ռոլսի տեսությանը։
Ուոլցերի կարծիքով, չկա «… մի չափանիշ կամ փոխկապակցված չափանիշների մի կազմ բոլոր բաշխումների համար» (Ուոլցեր 2024, էջ 155)։ Տարբեր բարիքներ բաշխվում են ըստ տարբեր սկզբունքների։ Որոշ բարիքներ բաշխվում են ըստ անձանց մարդկային արժանիքների, մյուսներն՝ ըստ մասնագիտական որակավորման, բարիքների մի երրորդ խումբն՝ ըստ մարդկանց կարիքների, և այլն։
Այն, թե ինչպես պետք է տվյալ բարիքը բաշխվի, ըստ Ուոլցերի, կախված է տվյալ բարիքի սոցիալական իմաստից կամ «հասարակական նշանակությունից»։ Սնունդը, կրթությունը, հանրային պաշտոնը, տեղաշարժվելու ազատությունը և այլն (հիշենք, որ «բարիք» եզրույթն այստեղ խիստ լայն առումով է կիրառվում) պետք է բաշխել տարբեր սկզբունքներով (Ուոլցեր 2024, էջ 157-158)։ Ամեն մի բարիք «պահանջում է» իր բաշխման ձևը. ամեն մի բարիքի բաշխում պետք է տեղի ունենա իր «ներքին տրամաբանությամբ» (Ուոլցեր 2024, էջ 163-4)։ Սնունդը, թերևս, պետք է բաշխել ըստ կարիքի, հանրային պաշտոններն՝ ըստ արժանիքի, տեղաշարժվելու ազատությունը՝ բոլորին հավասար։
Գործնականում երբեմն այնպես է ստացվում, որ բարիքներն իրենց «ներքին տրամաբանությամբ» չէ, որ բաշխվում են։ Օրինակ, երբեմն այնպես է ստացվում, որ դրամ ունեցողը կարողանում է գնել դատարանի որոշում կամ համալսարանական դիպլոմ։
Տվյալ բարիքը տիրապետող է՝ գերիշխող է, եթե զուտ այդ բարիքն ունենալու շնորհիվ հնարավոր է ձեռք բերել այլ բարիքներ։ Լիակատար ազատ շուկայական հասարակություններում հաճախ տիրապետող բարիք է դրամը։ Տիրապետող բարիքները հաճախ մենաշնորհվում են. նրանք, ովքեր այդ բարիքը ձեռք են բերում, ձգտում են այլոց հետ այդ բարիքը չկիսել՝ ստեղծելով արհեստական խոչընդոտներ, որպեսզի նոր գործորդներ այդ բարիքը ձեռք չբերեն (Ուոլցեր 2024 , էջ 166):
Կան բարիքների՝ մեկը մյուսով փոխարկման ընդունելի ոլորտներ (Ուոլցեր 2024, էջ 181)։ Օրինակ, համակարգչային ծրագիր գրելու կարողությունը փոխարկվում է այս կամ այն ընկերությունում պաշտոնի և համապատասխան աշխատավարձի։ Այս ոլորտները մենք բացահայտում ենք ինտուիտիվ կերպով։ Բայց բարիքները երբեմն մեկը մյուսով փոխարկվում են անընդունելի ձևերով և ոլորտներում։ Օրինակ, փողը գնում է սեր, գիտելիքը՝ համակրանք, և այլն։ Ուոլցերը հակադրվում է հենց սրան՝ առաջարկելով ռեսուրսները բաշխելիս հաշվի առնել այդ բարիքների սոցիալական իմաստները՝ հասարակական նշանակությունները (Ուոլցեր 2024, էջ 181)։
Ըստ Ուոլցերի՝ արդարությունը պահանջում է վերացնել տիրապետող բարիքները՝ ստեղծել այնպիսի հասարակություն, որտեղ որևէ բարիք տնօրինելը տվյալ գործորդին այլ բարիքներ մեխանիկորեն ձեռք բերելու հնարավորություն չի տա (Ուոլցեր 2024, էջ 177)։ Սրա համար պետք է «… նեղացնել այն շրջանակը, որի ներսում որոշակի բարիքներ փոխարկելի են, և պաշտպանել բաշխական ոլորտների ինքնավարությունը» (Ուոլցեր 2024, էջ 178)։
Ասվածը լուսաբանենք օրինակով։ Քաղաքական իշխանությունը բարիք է։ Այդ բարիքն, ըստ Ուոլցերի, չպետք է իշխանավորին օգնի, որ նա արտոնյալ ձևով ձեռք բերի, օրինակ, հարստություն կամ լավ կենսաբանի համբավ:
Իսկ բաշխական ի՞նչ սկզբունքներ կան։ Ուոլցերը դիտարկում է բաշխական երեք սկզբունք. բարիքները կարելի է բաշխել կա՛մ ազատ փոխանակման միջոցով, կա՛մ ըստ անձանց մարդկային արժանիքների, կա՛մ էլ ըստ մարդկանց կարիքի։
Դեյվիդ Միլերը համաձայն է Մայքլ Ուոլցերի հետ այն առումով, որ չկան բաշխական արդարության այնպիսի սկզբունքներ, որոնք կիրառելի են բոլոր բաշխումների դեպքում։ Նրա կարծիքով, կան բաշխական «արդարության բազմաթիվ սկզբունքներ, որոնցից յուրաքանչյուրն ունի կիրառության սահմանված տիրույթ» (Միլեր 2024, էջ 213)։
Այս առումով Դ. Միլերն ու Մ. Ուոլցերը համակարծիք են, սակայն արդարության սկզբունքները բարիքների սոցիալական իմաստներից բխեցնելու փոխարեն, Դ. Միլերը փորձում է դրանք բխեցնել մարդկանց «փոխհարաբերության կերպերից» (Միլեր 2024, էջ 214)։
Մարկային փոխհարաբերության ի՞նչ տեսակներ կան։ Ըստ Միլերի՝ հասարակության անդամների միջև ձևավորվում են հարաբերությունների երեք հիմնական տեսակ. «համերաշխական համայնք, գործիքային միություն և քաղաքացիություն»։
Համերաշխական են այն համայնքները, որոնց անդամներն ունեն ընդհանուր բարքեր ունեցող համեմատաբար կայուն խմբի ընդհանուր ինքնություն։ Այսպիսի համայնքները հաճախ ձևավորվում են անհատների միջև անձնական շփումներից։ Այսպիսի համայնքներ են ընտանիքը, կրոնական համայնքը, և այլն։ Դրանցում «արդարության առարկայական սկզբունքն ըստ կարիքի բաշխումն է» (Միլեր 2024, էջ 216)։
Համերաշխական համայնքներում անձինք համերաշխ են՝ պատրաստ են միմյանց իրենց ուժերի ներածին չափով աջակցել։ Իսկ այն, թե որքան է անձը պարտական, կախված է տվյալ համայնքային կապերի սերտության չափից. եղբորից ավելի շատ կարելի է պահանջել, քան գործընկերոջից։
Գործքային միությունն ի հայտ է գալիս այն դեպքում, երբ մարդիկ միմյանց հետ շփվում են միմյանցից օգտվելու, օգուտ քաղելու նպատակով։ Գործիքային փոխհարաբերություններով ձևավորված միություններում արդար է բարիքները բաշխել ըստ արժանիքի։ Խոսքն այստեղ մարդկային արժանիքի մասին չէ։ Տվյալ անձի արժանիքն, ըստ Միլերի, կախված է նրանից, թե նրա ներդրումը որքանով է օգնում հասնել տվյալ գործիքային միության նպատակներին։ Բնականաբար, գործնականում դժվար է գնահատել տվյալ անձի ներդրումը։
Հարաբերության երրորդ տեսակը քաղաքացիությունն է (Միլեր 2024, էջ 222)։ Քաղաքացիական միության բաշխական սկզբունքը հավասարությունն է. քաղաքացիները պետք է ունենան հավասար իրավունքներ և ազատություններ։ Թե որքան ընդգրկուն պետք է լինի հավասարությունների ոլորտը, առանձին քննարկման հարց է։ Քաղաքացիների համար միևնույն իրավունքներն ունենալը բավարա՞ր է, թե՞ պետք է ապահովել նաև քաղաքացիների սոցիալական հավասարությունը (Միլեր 2024, էջ 223)։
Ոմանց կարծիքով, քաղաքացիական հարաբերությունները պահանջում են մարդկանց ոչ միայն հավասար իրավունքներ տալ, այլ նաև քայլեր ձեռնարկել, որպեսզի բոլորը գործնականում կարողանան լինել հավասար քաղաքացիներ։ Ծայրահեղ աղքատության մեջ գտնվողը չի կարող այլոց հետ հարաբերվել որպես նրանց հավասար քաղաքացի։
Գրականության ցանկ
Միլեր, Դ. (2024), Արդարության տեսության համառոտ ակնարկ. Պլյուրալիզմ, ժողովրդավարություն, սոցիալական արդարություն. ժամանակակից քաղաքական մտքի ժողովածու, Երևան, Ժամանակակից արվեստի ինստիտուտ: 206-247:
Ռոլս, Ջ. (2024), Արդարությունը որպես անաչառություն. Պլյուրալիզմ, ժողովրդավարություն, սոցիալական արդարություն. ժամանակակից քաղաքական մտքի ժողովածու, Երևան, Ժամանակակից արվեստի ինստիտուտ: 118-151:
Ուոլցեր, Մ. (2024), Բարդ հավասարություն. Պլյուրալիզմ, ժողովրդավարություն, սոցիալական արդարություն. ժամանակակից քաղաքական մտքի ժողովածու, Երևան, Ժամանակակից արվեստի ինստիտուտ: 153-205: