Հանրային քաղաքականության ինստիտուտի ստեղծման գաղափարը ծագել է 2012թ.-ից, երբ մի խումբ հետազոտողներ որոշել են հիմնել անկախ վերլուծական կենտրոն, որը կունենա քաղաքականության հետազոտության, վերլուծության և քարոզչության զգալի կարողություններ և կնպաստի Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը։ Կարևոր էր ապահովել, որ վերլուծական կենտրոնը կարող է ազդեցություն ունենալ երկրի հանրային քաղաքականության օրակարգի վրա և հանդես գալ քաղաքականության փոփոխության վերաբերյալ գործնական առաջարկություններո:
Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում հենվում է հետևյալ արժեքների վրա՝
Արդարություն
Այն ենթադրում է օրենքի գերակայություն։ Երաշխավորվում է, որ բոլոր որոշումները համապատասխանում են գործող օրենքներին և կանոնակարգերին:
Կազմակերպությունը նաև պաշտպանում է աշխատակիցների իրավունքները եւ ապահովիում հավասար վերաբերմունք բոլորի նկատմամբ: Աշխատակիցները պետք է հնարավորություն ունենան արդյունավետորեն վերականգնելու իրենց խախտված իրավունքները:
Անկախություն և անաչառություն
Իր գործունեության մեջ կազմակերպությունը ելնում է առաջին հերթին հանրության եւ շահառու խմբի շահերից եւ չի ենթարկվում որեւէ քաղաքական, առեւտրային, անձնական կամ այլ շահերի, որոնք կարող են որեւէ կերպ վնասել կազմակերպության պրոֆեսիոնալ դիրքին, անկախությանը եւ անաչառ գործունեությանը, շահառուների բարօրությանը եւ կազմակերպության բարի համբավին։ Շահառուների ընտրության, աշխատակիցների հավաքագրման, գնումների իրականացման եւ մնացած բոլոր գործընթացներում կազմակերպությունը ղեկավարվում է բացառապես օբյեկտիվ, տվյալ գործընթացին վերաբերող չափորոշիչներով։
Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ
Կազմակերպությունն իր աշխատանքում հարգում է ժողովրդավարական արժեքներն ու մարդու իրավունքները եւ իր գործունեության միջոցով ձգտում նպաստել Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը եւ մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանմանը, իշխանությունների տարանջատման սկզբունքի կայացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանն ու սոցիալական արդարության հաստատմանը:
Թափանցիկություն և հաշվետվողականություն
Կազմակերպության կանոնադրությունը, ծրագրային հիմնական տեղեկությունները բաց են բոլոր շահագրգիռ կողմերի եւ հանրության համար։ Կազմակերպությունն իր կատարած աշխատանքի, ֆինանսական աղբյուրների ու ծախսերի վերաբերյալ իր անդամներին, շահառուներին ու համայնքին հաշվետվություններ է ներկայացնում։
Խտրականության բացառում
Խտրականությունը անձի սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակի, առողջական վիճակի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի եւ անձնական
կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով անձի իրավունքների ու ազատությունների սահմանափակումն է;
Ըստ այդմ, կազմակերպությունն իր գործունեությամբ եւ կեցվածքով օրինակ է ծառայում այս, ինչպես նաեւ ժողովրդավարության ու մարդու իրավունքների գաղափարների հետ անհամատեղելի այլ երեւույթների դեմ պայքարի համար, եւ իր աշխատանքով հնարավորինս նպաստում է նմանատիպ դրսեւորումների վերացմանը։
Հանրային շահի առաջնություն
Կազմակերպությանը վստահված ռեսուրսները, անկախ դրանց սերման աղբյուրից, հանրային բարօրության համար են նախատեսված, եւ կազմակերպությունը անում է հնարավորինս՝ այդ ռեսուրսները կազմակերպության նպատակին ծառայեցնելու համար: Կազմակերպության ընթացիկ կարիքների համար կատարվող ծախսերը կատարվում են միայն այն պայմանի դեպքում, եթե դրանք հիմնավորված են եւ ի վերջո ծառայելու են հանրային շահին եւ մասնավորապես այն նպատակին, որի համար հիմնվել է կազմակերպությունը։ Կազմակերպության ռեսուրսները երբեւէ չեն կարող օգտագործվել կազմակերպության հիմնադիրների, անդամների կամ աշխատակիցների նեղ անձնական շահերի համար։
Հանրային քաղաքականության ինստիտուտի գործունեության հիմքում ընկած գլխավոր նպատակներն են զարգացնել կազմակերպությունը որպես՝
- Հանրային քաղաքականության վերլուծություն (Policy Watch) իրականացնող և հանրային քաղաքականության վրա ազդող կառույց, որը գնահատում է տարբեր ոլորտներում հանրային քաղաքականության միտումները, հանդես գալիս վերլուծություններով և առաջարկություններով, որդեգրելով պրոակտիվ մարտավարություն՝ առաջանցիկ հետազոտությունների միջոցով ձևավորում հանրային քաղաքականության նոր օրակարգ:
- Ոչ ֆորմալ կրթության և հանրային կարծիքի ձևավորման հարթակ: Այս նպատակով կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է ոչ ֆորմալ կրթական ծրագրեր (օրինակ՝ Հանրային քաղաքականության ամառային դպրոց), կազմակերպում բանախոսություններ և քննարկումներ ընթացիկ, կարևոր թեմաների շուրջ, ինչպես նաև պատրաստում հանրամատչելի և ինֆորմատիվ մեդիա նյութեր (տեսանյութեր, հոդվածներ, այլ):