Ազգերի ու պետությունների հանելուկային երկընտրանքը«Ինչու են ձախողվում պետությունները» գրքում

Աղասի Թադևոսյան
Մշակութային մարդաբան

Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները» գրքին անդրադարձը կցանկանայի սկսել վերնագրի հայերեն թարգմանությունից։ Անգլերենում այն հնչում է «Why Nations Fail: The Origins of Power, Prosperity, and Poverty»: Այստեղ գլխավոր քննարկվելիք հարցը վերաբերում է «nation» բառի «պետություն» թարգմանությանը։ Կա կարծիք, որ հայերենում «nation»-ը նշանակում է «ազգ» և պետք է այդպես թարգմանել։
Հայտնի է, որ «ազգ» եզրույթը հայերենում երկու հիմնական իմաստ ունի։ Առաջինի համաձայն, այն նշանակում է ազգարյունակցական խումբ։ Այս բառի երկրորդ իմաստով նշվում է էթնիկական հանրույթը կամ ազգը որպես էթնոս, նկատի ունենալով, որ այդ էթնիկական հանրույթն իրենից ներկայացնում է մեկ ընդհանուր նախնուց սերված արյունակիցների մեծ համախումբ, որը ձևավորել է իր ինքնությունը ընդհանուր պատմական մի տարածքում, ընդհանուր մշակույթի ու լեզվի միջոցով։
Սակայն խնդիրն այն է, որ վաղուց արդեն հասարակագիտական ու հումանիտար ոլորտներում գործածվող լեզվում «nation» եզրույթը կիրառվում է գերազանցապես հենց «պետություն» իմաստով և այս գրքի բովանդակությունից էլ հասկանալի է, որ խոսքը ոչ թե էթնիկական ազգերի բարգավաճման կամ անկման մասին է, այլ՝ ազգի, որպես քաղաքական միավորի կամ պետության։

Ինչու են կարևոր ինստիտուտները

Աճեմօղլուի և Ռոբինսոնի գրքի հիմնական պնդումն այն է, որ աղքատ և հարուստ պետությունները կազմակերպված են տարբեր կերպ և դրանում առանցքային տարբերությունները վերաբերում են ինստիտուտներին։ Որոշիչ չեն ոչ աշխարհագրական ու կլիմայական պայմանները, ոչ մշակույթը կամ ռասայական գործոնը։ Կարևոր չէ նաև վերնախավերի քաղաքական գրագիտության աստիճանը։ Կարևորը ինստիտուտների կայացման ընթացքն է և, թող զարմանալի չթվա, սակայն հեղինակների պնդմամբ՝ պատահականությունները։ Հաճախ պատահականություններն են պայմանավորում բեկումնային փուլերի կամ բարենպաստ շրջանի ձևավորումը, որոնք առանցքային են համարվում հատկապես ներառական ինստիտուտների ձևավորման համար։
Հեղինակների սիրելի օրինակներից է ԱՄՆ և Մեքսիկայի սահմանին գտնվող Նոգալես քաղաքի երկու տարբեր հատվածների համեմատությունը։ Ամերիկյան հատվածում չափահաս բնակչության մեծ մասն ավարտել է ավագ դպրոց, մարդիկ օգտվում են առողջապահական ապահովագրական համակարգից, ունեն տնտեսական գործունեություն ծավալելու հավասար իրավունքներ, չկան հատուկ արտոնություն վայելող խավեր, օրենքը բոլորի համար գործում է հավասար կերպով։ Առկա են զարգացած ենթակառուցվածներ, որոնք համապատասխանում են ամերիկյան ընդունված չափանիշներին։ Այդ ամենի շնորհիվ մարդիկ ապրում են բավական բարեկեցիկ կյանքով, իսկ կյանքի միջին տևողությունը միջազգային չափանիշներով բարձր է։
ԱՄՆ-ն և Մեքսիկան միմյանցից սահմանազատող ցանկապատի մյուս կողմում գտնվող մեքսիկական Նոգալեսում ճանապարհները ողբալի վիճակում են, մնացած ենթակառուցվածները նույնպես։ Առկա է մանկական մահացության բարձր աստիճան։ Բնակչության մեջ տարածված են տարատեսակ վարակներ ու հիվանդություններ։ Չափահասների մեջ շատ քիչ մարդ ունի որակյալ կրթություն: Այստեղ բավական բարձր է կոռուպցիայի մակարդակը, և շատ բարդ է բիզնես սկսելն ու վարելը, եթե կապեր ու հովանավորներ չլինեն իշխանություններում։ Մարդկանց կյանքի միջին տևողությունը երկար չէ, և բարեկեցության աստիճանը մի քանի անգամ ցածր է ամերիկյանից։ Ի՞նչն է պատճառը այս խորը և էական տարբերության, որ գոյություն ունի նույն աշխարհագրական ու կլիմայական
պայմաններում ապրող մարդկանց կյանքում, որոնք բաժանված են ընդամենը երկու երկրները տարաջատող սահմանային ցանկապատով։
Պատճառն, ինչպես պնդում են գրքի հեղինակները, աշխարհագրական կամ կլիմայական պայմանները չեն և ոչ էլ մշակույթը։ Պատճառը քաղաքական ու տնտեսական ինստիտուտներն են, որոնք ԱՄՆ-ում ունեն ներառական (inclusive), իսկ Մեքսիկայում և ընդհանրապես Լատինական Ամերիկայի երկրներում՝ կորզող-վանող (extractive) բնույթ։
Նոգալես քաղաքի երկու մասերի խորը տարբերությունը գալիս է Իսպանիայի և Անգլիայի կողմից Ամերիկա մայրցամաքի գաղութացման շրջանից։ Լատինական Ամերիկայի բնիկների ձևավորած պետություններում կային բավականին հարուստ վերնախավեր, ովքեր ունեին կուտակած հսկայական գանձեր։ Գաղութարար իսպանացիներն իրենց ջանքերը կենտրոնացրեցին հնդկացիական վերնախավերից այդ գանձերը կորզելու և տեղի բնիկների ստրկական շահագործման միջոցով հարստանալու վրա։
Անգլիացիները Հյուսիսային Ամերիկայի գաղութացումը սկսեցին նման նպատակներով, սակայն, ինչպես պարզվեց, այստեղ վերնախավերը չունեին ոսկու ու արծաթի մեծ հարստություններ: Բնիկները նաև պատրաստ չէին շահագործվելու ու լուրջ դիմադրություն ցույց տվեցին։ Դրա արդյունքում անգլիացիները ստիպված էին նոր գաղթականներ բերել Անգլիայից և իրենց գոյությունն ապահովելու համար զբաղվել տնտեսական գործունեությամբ։ Որպեսզի շահագրգռեին գաղթականներին նախ, գալու նահանգներ ու հետո՝ աշխատելու, անհրաժեշտ էին փոքր փոփոխություններ։ Սա աստիճանաբար բերեց այնպիսի օրենքների ու ինստիտուտների ձևավորման, որոնք խթանում էին բնակչության լայն խավերի ներառումը տնտեսական գործունեություն ծավալելու համար։ Զուգահեռաբար, ձևավորվեց քաղաքական ինստիուտների վրա ազդելու հնարավորությունների հավասարություն։
Բերված և բազմաթիվ այլ օրինակների միջոցով հեղինակները փորձում են հիմնավորել մի քանի առանցքային գաղափար։

Ինչպիսին պետք է լինեն ինստիտուտները

Հիմնարար գաղափարն այն է, որ հարուստ ու աղքատ պետությունների միջև տարբերությունների առաջացման պատճառները ներառական ու կորզող ինստիտուտներն են։ Դրանցում պետք է տարանջատել տնտեսական ինստիտուտները քաղաքականից։ Ներառական ինստիտուտները նպաստում են, որպեսզի հասարակության ցանկացած անդամ հնարավորություն ունենա բացահայտելու իր ստեղծարար ներուժը, ներառվի և ներգրավվի զարգացման գործընթացներում՝ հարստանալով անձամբ և նպաստելով տնտեսության զարգացման ու աճի գործընթացներին։ Դրանց կարևոր հատկանիշը հասարակության բոլոր անդամների համար տնտեսական գործունեության հավասար ու նպաստավոր դաշտի ձևավորումն է։ Այս ինստիտուտները ստեղծում են որոշակի խթաններ, որոնք շահագրգռում են մարդկանց՝ գործունեություն ծավալել։
Կարևոր դեր ունեն սեփականության, հեղինակային իրավունքի ու պատենտի գաղափարները։ Պատենտը թույլ է տալիս
ցանկացած մարդու զբաղվել նոր գաղափարների փնտրտուքով և օրենքով ամրագրելով դրա հանդեպ իր հեղինակային իրավունքը, այն վերածել բիզնեսի կամ վաճառել դրանով հետաքրքրված այլ գործարարների։ Ներառական տնտեսական ինստիտուտների կարևոր հատկանիշներից մեկն էլ այն է, որ դրանք դիմադրում և ի վերջո բացառում են մենաշնորհների ճնշող գերիշխանությունը։
Բոլորովին այլ գործառույթ են իրականացնում կորզող տնտեսական ինստիտուտները։ Դրանք առաջին հերթին ուղղված են սպասարկելու իշխանություն ունեցող շրջանակների տնտեսական շահերն ու ծառայելու նրանց հարստացմանը։ Դրանց գլխավոր նպատակներից մեկը տնտեսական շահութաբեր ոլորտներում մրցակցային պայմանների բացառումն է ու արտոնյալ վերնախավերի տնտեսական գործունեության համար մենաշնորհային կարգավիճակի ձևավորումը։
Եթե ներառական ինստիտուտները խրախուսում են մրցակցային բարձր հատկություններ ցուցաբերող ձեռներեցների ու
կազմակերպություների առաջընթացը, ապա կորզող ինստիտուտներն ընդհակառակը, բոլոր միջոցներով խոչընդոտում են հասարակության մնացած անդամների տնտեսական գործունեության հնարավորությունները՝ նրանց մղելով լուսանցքային տարածքներ և դարձնելով գործիք՝ մենաշնորհային դիրք զբաղեցնող վերնախավերի հարստացման գործում։ Հեղինակների եզրակացությունն այն է, որ աղքատ երկրներում տիրապետող են կորզող ինստիտուտները, որոնք արգելափակում են մարդկանց տնտեսական նախաձեռնողականությունը և հնարավորությունները։

Քաղաքական ինստիտուտների որոշիչ դերը

Գրքի երկրորդ խոշոր գաղափարն այն է, որ բացի ներառական ու կորզող տնտեսական ինստիտուտները, կան նաև ներառական ու կորզող բնույթի քաղաքական ինստիտուտներ։ Քաղաքականի ու տնտեսականի միջև գործում են ամուր ու փոխադարձ կապեր։ Կորզող տնտեսական ինստիտուտները գոյություն ունեն շնորհիվ կորզող քաղաքական ինստիտուտների հովանավորության։
Հեղինակներն իրենք այսպես են ձևակերպում կորզող ու ներառական քաղաքական ինստիտուտները՝ «Բավարար չափով կենտրոնացված և բազմավար քաղաքական ինստիտուտները մենք կանվանենք ներառական քաղաքական ինստիտուտներ։ Այս պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքական ինստիտուտները կանվանենք կորզող»։
Ինչպես տեսնում ենք, այս մեջբերման մեջ երկու կարևոր հասկացություն կա՝ կենտրոնացված քաղաքական ինստիտուտներ և բազմավար քաղաքական ինստիտուտներ։ Առաջին հայացքից թվում է, թե բազմավար և կենտրոնացված քաղաքական ինստիտուտները համատեղելի չեն և դրանք հակընդդեմ դերակատարում ունեն։ Սակայն, հեղինակներն այլ կերպ են մոտենում այս հարցին։
Բազմավար ինստիտուտներն անհրաժեշտ են, որպեսզի ապահովեն հնարավորինս շատ մարդկանց մասնակցությունը քաղաքական գործընթացներին: Սրանք նաև ապահովում են հասարակության մեջ իշխանության բաշխման համաչափությունը։ Իսկ կենտրոնացված ու ուժեղ ինստիտուտներն անհրաժեշտ են, որպեսզի բացառեն այս կամ այն խմբի կողմից տնտեսական ու քաղաքական ինստիտուտների վրա ճնշումների գործադրումն ու ծառայեցումը խմբային շահերին։
Հասարակության անդամներն ինստիտուտների շնորհիվ ունենում են հավասար հնարավորություն՝ այդ ինստիտուտների գործունեությունը իրենց ծառայեցնելու համար։ Այստեղ, ի տարբերություն աղքատ երկրների, ինստիտուտները բացառում են առանձին արտոնյալ անհատների շահերին դրանց ծառայեցումը։ Սա նաև ապահովում է քաղաքացիների ներառականությունը քաղաքական գործընթացներում, ապահովում քաղաքական գործիչների վարքը վերահսկելու ու ինստիտուտների գործունության վրա ազդելու հնարավորությունը: Իշխանությունը լայնորեն բաշխող ներառական քաղաքական ինստիտուտները հակված են արմատախիլ անել այն տնտեսական մեխանիզմները, որոնք մի քանի հոգու շահի համար յուրացնում են մեծամասնության ունեցվածքը, ստեղծում են շուկա մուտք գործելու խոչընդոտներ և սահմանափակում շուկաների գործունեությունը։ Այս տեսանկյունից չափազանց բնութագրական օրինակ է մեքսիկացի միլիարդատեր Կարլոս Սլիմի և ամերիկացի գործարար Բիլ Գեյթսի հարստացման պատմությունների համեմատական նկարագիրը։
Պետությունները ձախողում են, երբ ունեն կորզող տնտեսական և դրանց օժանդակող քաղաքական ինստիտուտներ։ Կարևոր է չշփոթել բացարձակատիրությունը և կենտրոնացված քաղաքական ինստիտուտները միմյանց հետ։ Առաջինը կենտրոնացնում է ուժը նեղ խմբի ձեռքում՝ հասարակության մնացած խավերին ճնշած պահելու նպատակով։ Իսկ երկրորդի դեպքում քաղաքական հաստատությունները ծառայում են հասարակության մեջ իշխանության հավասարաչափ բաշխմանը և ներառական տնտեսական ինստիտուտների գործունեությունն ապահովելուն։

Ներառական տնտեսական ինստիտուտների գաղափարն ուղեկցվում է մի շարք այլ առանցքային գաղափարներով։ Դրանցից մեկը ստեղծարար ոչնչացման և տեխնոլոգիական առաջընթացի գաղափարն է։ Ներառական տնտեսական ինստիտուտները մեծ հնարավորություն են ստեղծում ստեղծարարության, նոր գաղափարների ու տեխնոլոգիաների առաջացման։ Սրանք իրենց հերթին «ոչնչացնում են» գործող տեխնոլոգիաները և տնտեսական կառույցները՝ փոխարիներով դրանք նորերով։
Կորզող տնտեսական ինստիտուտները խիստ դիմադրում են ստեղծարարությանն ու նոր տեխնոլոգիաներին, քանի որ վախենում են, որ դրանք կարող են թուլացնել արդեն փորձված ու ազդեցիկ տնտեսական ինստիտուտները, որոնց վրա կառուցված է կորզող քաղաքական ինստիտուտների իշխանությունը։ Գրքում բերված են բազմաթիվ օրինակներ, թե ինչպես են կորզող ինստիտուտներն արգելափակում նոր գյուտերի ու տեխնոլոգիաների կյանքի կոչումը, վախենալով դրանցից սպասվող հնարավոր փոփոխություններից։

Գրքի կարևոր հասկացություններից կցանկանայի առանձնացնել նաև բեկումնային փուլեր և փոքր տարբերություններ
հասկացությունները։ Բեկումնային փուլի օրինակ է Սև մահի՝ ժանտախտի տարածումը Եվրոպայում կամ Ամերիկայի
հայտնաբերումը։ Փոքր տարբերությունների շնորհիվ Անգլիայում ժանտախտից հետո գործընթացները հանգեցրեցին
ավատատիրության ավարտին և վարձու աշխատուժի ձևավորմանը, իսկ Արևելյան Եվրոպայում ու Ռուսաստանում՝ հակառակը՝ ավատատիրության խորացմանը։ Կամ՝ Լատինական Ամերիկայում փոքր տարբերությունները ձևավորեցին կորզող տնտեսությունների վրա հենված բացարձակատիրություններ, մինչդեռ Հյուսիսային Ամերիկայում՝ ներառական քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ։
Փոքր տարբերությունների շնորհիվ կարող է ձևավորվել բարենպաստ շրջան։ Բարենպաստ ժամանակաշրջանի ձևավորման համար կարևոր է, որ բացարձակատիրական վերնախավերը գերադասեն փոքր զիջումների գնալը, այլ ոչ՝ բռնաճնշումների ուժեղացումը։ Եթե բեկումնային պահերին վերնախավերն անցնում են բռնաճնշումների ուժեղացմանը, ապա բարենպաստ շրջանի փոխարեն պետությունները կարող են հայտնվել երկարատև ճգնաժամի մեջ, ինչը հեղինակներն անվանում են հոռի շրջան։ Հոռի շրջանում կորզող ինստիտուտները կարող են այն աստիճան հարստահարել ու աղքատացնել հասարակությունն ի նպաստ վերնախավերի նեղ շրջանակի հարստացման, որ պետությունը հայտնվի ձախողման եզրին։

«Ինչու են ձախողվում պետությունները» գրքին նվիրված այս ակնարկը կցանկանայի եզրափակել երկու մեջբերումով․
«…հարուստ երկրների կառավարությունները ծառայում են իրենց երկրների քաղաքացիներին, իսկ աղքատ երկրների
կառավարությունները այդ երկրների վերնախավերին» և «…աղքատ պետություններն աղքատ են, որովհետև իշխանություն ունեցողները աղքատություն ձևավորող որոշումներ են կայացնում»։

Առնչվող նյութեր