Հաջողակ պետությունները նման են իրար, յուրաքանչյուր պետություն ձախողվում է յուրովի

Ավետիք Մեջլումյան
Փիլիսոփայական գիտությունների թեկնածու

«Ինչու են ձախողվում պետությունները» (Why Nations Fail) գիրքը հրատարակվել է 2012-ին և դարձել աշխարհում
ամենաշատ քննարկվող աշխատություններից մեկը։ Սա պատմագիտական հարուստ նյութ պարունակող միջգիտակարգային աշխատանք է, որ միաժամանակ աղերսներ ունի համեմատական քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և այլ գիտակարգերի հետ:
Տարոն Աճեմօղլուն ամերիկացի տնտեսագետ է՝ ծնված 1967-ին, Ստամբուլի հայկական ընտանիքում: 1992-ին Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում մագիստրոսի, այնուհետև՝ դոկտորի գիտական աստիճան է ստացել: 2004-ից Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կիրառական տնտեսագիտության ամբիոնի պրոֆեսոր է։ Գրքի համահեղինակ Ջեյմս Ռոբինսոնը (ծնված 1960-ին) բրիտանացի տնտեսագետ և քաղաքագետ է, Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր: Դասավանդել է նաև Հարվարդում, Բերկլիում, Կալիֆորնիայի համալսարանում:

Չաշխատող տեսություններ

Նախքան գրքի հիմնադրույթները շարադրելը, հեղինակները քննարկում են պետությունների զարգացումը բացատրող տարբեր տեսությունների սահմանափակումները: Դրանցից մեկն, օրինակ, մշակութային տեսությունն է, որ զարգացման կամ անկման մեջ կարևորում է մշակույթի դերը: Օրինակ, գերմանացի սոցիոլոգ Մաքս Վեբերը կապիտալիզմի ոգու զարգացման մեջ տեսնում է կրոնական գործոնի դերակատարությունը՝ բողոքական շարժման և բողոքական էթիկայի նշանակալի ազդեցությունը:
Սակայն, ըստ հեղինակների, վարքի, արժեքների ու կանոնների միջև առկա տարբերությունները ոչ թե մշակութային պատճառներից են, այլ՝ հաստատությունների (ինստիտուտների) և անցած ճանապարհի տարբերությունների հետևանք: Ակնառու օրինակներից մեկը Հյուսիսային և Հարավային Կորեաներն են, որոնք մինչև 1948 թ. բաժանումը մի պետություն էին: Հարավային Կորեան հիմնված է մասնավոր սեփականության և շուկայական հարաբերությունների վրա: Հյուսիսային Կորեան ավտորիտար, ռազմականացված և վարչահրամայական մի պետություն է: Չնայած էթնիկ մշակույթի և պատմական անցյալի ընդհանրությանը, այս պետությունները բևեռապես հակադիր համակարգեր են՝ պայմանավորված իրենց տնտեսական ու քաղաքական հաստատությունների տարբերություններով:
Նույն կերպ հեղինակները քննարկում և ի ցույց են դնում աշխարհագրական, անտեղյակության, արդիականացման և այլ
տեսությունների սահմանափակ ներուժը՝ բացատրելու աշխարհի տարբեր պետությունների հաջողության և ձախողման գաղտնիքները:

Այդ դեպքում, ինչն է աշխատում

Որևէ պետության հաջողությունն ու ձախողումը մեծապես պայմանավորված է տվյալ հասարակության քաղաքական
հաստատություններով: Հաստատությունները՝ քաղաքականության մեջ խթանները կարգավորող կանոններն են: Վերջիններս որոշում են, թե ինչպես է ձևավորվում կառավարությունը, և թե դրա որ հատվածն ինչ լիազորություն ունի: Քաղաքական հաստատությունները կանխորոշում են, թե հասարակությունում ով ունի իշխանություն, և ինչ նպատակների համար այն կարող է գործադրվել: Հասարակության մեջ իշխանությունը լայնորեն բաշխող և այն սահմանափակող քաղաքական հաստատությունները բազմավար (pluralistic) են: Մինչդեռ կորզող քաղաքական հաստատությունները իշխանությունը կենտրոնացնում են նեղ վերնախավի ձեռքում և այդ իշխանության կիրառումը գրեթե չեն սահմանափակում:
Հետևաբար, տնտեսական հաստատություններն այս վերնախավի կողմից այնպես են կազմակերպվում, որ հասարակության մնացած մասից ռեսուրսներ կորզվեն:
Պետությունները ձախողվում են, երբ ունեն կորզող տնտեսական հաստատություններ և դրանց օժանդակող կորզող քաղաքական հաստատություններ, որոնք դժվարացնում կամ նույնիսկ անհնար են դարձնում տնտեսական աճը:
Հաջող ելքը պատմականորեն կանխորոշված չէ, այլ պատահական է: Հաստատությունների զարգացման ուղին կախված է նրանից, թե պատմական կարևոր պահերին հակամարտող ուժերից որ մեկը կհասնի հաջողության, որ խմբերը կհաջողեն ձևավորել արդյունավետ համագործակցություն, և թե որ առաջնորդներն ի վիճակի կլինեն հանգամանքներն օգտագործել իրենց օգտին:
Միայն բազմավար ու ներառական հաստատություններ ունենալը բավարար չէ: Անհրաժեշտ է նաև, որ լինի բավարար չափով կենտրոնացված և հզոր պետական համակարգ, որը կկանխի քաոսն ու ազդեցիկ ուժերի կողմից իշխանության յուրացումը:
Օրինակ, Արևմտյան Աֆրիկայի Սոմալի պետությունը բաժանված է խիստ հակադրվող համայնքների, որոնցից ոչ մեկը չի կարող գերակայել մյուսի նկատմամբ: Մեկի իշխանությունը սահմանափակվում է մյուսի զենքով: Իշխանության այսպիսի բաշխումը բերում է ոչ թե ներառական տնտեսական հաստատությունների, այլ՝ քաոսի:
Թե՛ բացարձակատիրությունը, թե՛ քաղաքական կենտրոնացման պակասը (կամ վերջինիս թուլությունը) տնտեսության
զարգացման՝ տարբեր բևեռներում գտնվող խոչընդոտներն են:
Բավարար չափով կենտրոնացված և բազմավար քաղաքական հաստատությունները ներառական քաղաքական հաստատություններ են: Այս պայմաններից մեկի բացակայության դեպքում քաղաքական հաստատությունները կորզող են:

Վախ՝ ստեղծարար ոչնչացումից

Իշխող խմբավորումները, որպես կանոն, վախենում են տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված ստեղծարար ոչնչացումից (creative destruction): Նոր, տնտեսապես ակտիվ խավը վաղ թե ուշ հավակնելու է իշխանության իր մասնաբաժնին:
Ավստրո-Հունգարական կայսրությունում, օրինակ, վախ կար նույնիսկ… երկաթուղուց և գործարաններից: Քաղաքներում կառուցվող գործարանների թիվը պետք է սահմանափակել, քանի որ դրանց շուրջ կուտակվում են բանվորները՝ ապագա հեղափոխական զանգվածը: Երկաթուղին նույնպես չարիք է՝ շարժունության միջոցով (գյուղից՝ քաղաք) այդ կուտակմանը նպաստող: Այդ պատճառով էր, օրինակ, որ 1802-ին արգելվեց Վիեննայում նոր գործարանների կառուցումը: Արդյունաբերականացման հիմքը կազմող նոր սարքավորումների ներկրումն ու կիրառումը արգելվեց մինչև 1811-ը: Երբ հյուսիսային երկաթուղի կառուցելու ծրագիրը դրվեց կայսեր Ֆրանց II-ի առջև, նա պատասխանեց. «Ոչ, ոչ: Սրա հետ գործ չունեմ, այսպես կարող է հեղափոխություն գալ երկիր»:
Ֆրանց II-ի պես ռուս ցար Նիկոլայն էլ էր վախենում, որ արդի արդյունաբերական տնտեսության բերած ստեղծարար
ոչնչացումը կխաթարի քաղաքական ստատուս-քվոն Ռուսաստանում: Օրինակ, հանրային կարգն ապահովելու պատասխանատու, Մոսկվայի գեներալ-նահանգապետ Ա. Ա. Զակրևսկին Նիկոլային գրում է. «Հանգստություն ու բարօրություն պահպանելու համար, որն այս պահին վայելում է միայն Ռուսաստանը, կառավարությունը պետք է արգելի տնանկների և մուրացիկների խմբվելը, որոնք հեշտորեն կմիանան որևէ շարժման և կխանգարեն հասարակական ու անհատական հանգիստը»:
Նրա առաջարկը ներկայացվեց Նիկոլայի նախարարներին, և 1849-ին ընդունվեց նոր օրենք, որը խիստ սահմանափակեց Մոսկվայի որևէ մասում բացվելիք գործարանների քանակը: Օրենքն արգելում էր բացել բամբակ կամ բուրդ մանելու նոր արտադրամասեր ու մետաղաձուլարաններ: Արտադրության այլ ոլորտները, ինչպիսիք էին տեքստիլը և ներկի արտադրությունը, նոր գործարաններ բացելու համար պետք է դիմում ներկայացնեին գեներալ-նահանգապետին:
Մինչև 1842-ը Ռուսաստանում գործում էր միայն Ցարկսոյե Սելո երկաթուղին, որն ուներ 17 մղոն երկարություն և Սանկտ
Պետերբուրգը միացնում էր կայսերական կալվածքների հետ: Ֆինանսների մինիստր Կանկրինի պնդմամբ, երկաթուղու զարգացումը կբերեր սոցիալապես վտանգավոր շարժունակության:
Անգլիայում ստեղծարար ոչնչացման հանդեպ վախի դրսևորումներից էր լուդիթների շարժումը. 1753-ին լուդիթներն այրեցին անգլիացի գյուտարար Ջոն Քեյի տունը, որը 1733-ին ստեղծել էր «թռչող մաքոքը», ինչը մանածագործության ոլորտում մեքենայացման առաջին կարևոր քայլերից էր:
Այսպիսով, տնտեսական աճի գործընթացը և ներառական հաստատությունները խախտում են ստատուս քվոն, ձևավորում են նոր, տնտեսապես կայացած խավեր, որոնք էլ կարող են հավակնել իշխանության իրենց մասնաբաժնին: Ներառական տնտեսական և քաղաքական հաստատությունների հանդեպ դիմադրության ակունքներում հենց այս փոփոխության ու կորուստների հանդեպ վախն է:

Աճը՝ կորզող հաստատությունների ներքո

Նույնիսկ կորզող տնտեսական հաստատությունների պայմաններում հնարավոր է աճ ապահովել, երբ.
Վերնախավը ռեսուրսներն ուղղում է իր կողմից վերահսկվող և բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներ:
• Կամ՝ երբ հաստատությունները հնարավորություն են տալիս, որպեսզի առաջանան որոշ չափով ներառական տնտեսական հաստատություններ:
Օրինակ, 17-18-րդ դարերի Բարբադոսը, Կուբան, Հայիթին և Ճապոնիան ստրուկներին դաժանորեն շահագործելու շնորհիվ շաքար էին արտադրում և վաճառում համաշխարհային շուկաներում:
Մեկ այլ օրինակ է Խորհրդային Միության տնտեսական աճը և արդյունաբերականացումը՝ սկսած 1928-ի առաջին հնգամյա ծրագրից մինչև 1970-ականները: Խորհրդային Միությանը հաջողվեց տնտեսապես արագ աճել, քանի որ պետական իշխանությունը ռեսուրսները գյուղատնտեսության ոլորտից արդյունաբերության ոլորտ էր փոխանցում: Սակայն հասնելով իր սահմանին՝ այդ աճը կանգ առավ 1970-ականներին, քանի որ տնտեսության մեծ հատվածում տեխնոլոգիական փոփոխություն գրեթե չնկատվեց: Զարգացան միայն ռազմարդյունաբերությունը և տիեզերքի նվաճման ու միջուկային ոլորտները:
Կորզող հաստատությունները չեն կարող ապահովել հարատև տեխնոլոգիական փոփոխություններ երկու պատճառով՝
տնտեսական խթանների (շարժառիթների) պակասի և վերնախավի դիմադրության: Խորհրդային համակարգը փակուղի մտավ նորարարության պակասից և հետագա զարգացումն ապահովող տնտեսական խթանների բացակայությունից: Ինչ-որ պահից սկսած հաստատությունները կխոչընդոտեն աճը՝ զգուշանալով ստեղծարար ոչնչացումից:

Ներառական ինստիտուտներ. դեղատոմսեր չկան

Ներառական ինստիտուտներ ձևավորելու դեղատոմսեր չկան: Շատ բան կախված է նախընթաց գոյություն ունեցող քաղաքական հաստատություներից, դրանց մեջ ներառականության տարրերից, լայն զանգվածների ներգրավումից՝ շարժումների և լայն կոալիցիաների ստեղծման համար: Այս հարցում դետերմինիզմ չի գործում, և կանխորոշված չէ ոչինչ: Կանխատեսումներ անելը ևս դժվար է:
Չկա ինստիտուցիոնալ զարգացման պարզ, կուտակային գործընթաց: Պատմական որոշակի շրջանում ձևավորված ներառական հաստատությունները կարող են հետընթաց ապրել՝ կարծրանալ, վերածվել կորզող հաստատությունների (հեղինակները բերում են Վենետիկի աճի և անկման օրինակը):
Ներառական հաստատությունների զարգացմանը կարող են նպաստել. • Հաստատություններում գոյություն ունեցող ներառական տարրերը,
• Եղած ռեժիմի դեմ պայքարի հանգեցնող լայն կոալիցիաները,
Պատմության պատահական ընթացքը և անձի կայացրած որոշումները:
Ներառական լինելու համար տնտեսական ինստիտուտները պետք է ապահովեն.
• Մասնավոր սեփականության անձեռնմխելիություն,
• Տնտեսական գործունեության համար հավասար պայմաններ ստեղծող անաչառ իրավական համակարգ,
• Հանրային ծառայություններ (որոնք ապահովում են այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են փոխանակում կատարել և պայմանագրեր կնքել),
• Նոր ձեռնարկություն ստեղծելու հնարավորություն,
• Մասնագիտությունն ինքնուրույն ընտրելու հնարավորություն:
Նշվածների ցանկում մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը կենտրոնական դեր է խաղում, քանի որ միայն այդ իրավունքի կրողը ցանկություն կունենա ներդրում անել և ավելացնել արտադրողականությունը:

Քննադատական հայացք

Պետությունների ձախողման հակոտնյան՝ հաջողությունը, այս գրքում նույնացվում է տնտեսական աճի հետ. hաջողակ են այն պետությունները, որ կայուն տնտեսական աճ են ապահովում: Հաջողության այլ չափումներն անտեսված են. անվտանգության խնդիրների լուծումը, մարդու իրավունքների ապահովումը, սոցիալական արդարության ու հավասարության խթանումը, վերջապես՝ հասարակության և բնության ներդաշնակությունն ու մարդու երջանկության պայմանները: Այն, որ տնտեսապես հաջողակ երկրները կարող են ձախողվել նշվածներից որևէ մեկում կամ մի քանիսում, հատուկ քննարկման առարկա չի դառնում:
Գիրքը խիստ արևմտակենտրոն է. հատկապես ԱՄՆ-ն դիտարկվում է որպես ներառական ինստիտուտներ ունեցող օրինակելի մի համակարգ: Մինչդեռ խնդրահարույց է թե՛ ներառականության չափելիությունը (որտե՞ղ են անցնում ներառականի և ոչ ներառականի սահմանները, ինչպե՞ս գնահատել դա), թե՛ արևմտյան զարգացած երկրների ինստիտուտների ներառականության ակնհայտ բացերի անտեսումը:
Սկանդինավյան երկրներն, օրինակ, որոնց կենսակերպն ու տնտեսական աճի հավասարակշռումը՝ սոցիալական հավասարության ապահովման թիրախներով, էականորեն տարբերվում են ԱՄՆ համանման պայմաններից, գրքում գրեթե չեն հիշատակվում: Գրեթե անտեսված են նաև գրքի առանցքային գաղափարներին ոչ համահունչ օրինակները՝ ասիական տարբեր երկրները, որտեղ տնտեսական աճը պայմանավորված չի եղել ներառական քաղաքական ինստիտուտներով:
Խնդրահարույց են նաև «ինստիտուտ» եզրի կիրառության իմաստային նրբերանգները: Հազվագյուտ մեկնաբանություններից մեկում, ինչպես տեսանք, ինստիտուտը նույնացվում է խաղի կանոնների՝ որոշակի կարգավորումների հետ: Սակայն ինստիտուտներին բնորոշ է նաև ժամանակի մեջ տևականությունը, դերերի ու կարգավիճակների, սանկցիաների ու խրախուսանքների համակարգեր ունենալը, կայուն վարքաձևերն ու դրանց համապատասխան (ամրապնդող) սոցիալական նորմերը: Հաճախ այն, ինչ գրքում դիտարկվում է որպես ինստիտուտ, կարելի է պարզապես կոչել իրավական կարգավորում, մշակութային կամ սոցիալական պրակտիկա: Այդ իրավական կանոններին ու պրակտիկաներին հաճախ պակասում է որոշակիությունը, տևականությունը, կանխատեսելիությունն ու այլ «ծանրակշիռ հանգամանքները»՝ իրապես ինստիտուտ համարվելու համար:
Քննարկելով ու մերժելով պետությունների վերելքը բացատրող տարբեր տեսություններ՝ հեղինակներն անտեսում են հնարավոր պարզ լուծումներից մեկը. այնտեղ, որտեղ չի աշխատում առանձին վերցրած որևէ տեսություն, միգուցե տեսությունների համադրությունը կարող է ինչ-որ բան բացատրել: Այո, առանձին վերցրած աշխարհագրական կամ մշակութային տեսությունները միշտ էլ կիսատ են ինչ-որ բան բացատրում: Ձախողումը չի կարող միայն վատ կլիմայի կամ միայն «վատ» մշակութային արժեքների կամ միայն կառավարող խմբերի անտեղյակությամբ պայմանավորված լինել: Իսկ միգուցե այս բոլոր գործոնների միաժամանակյա գործողությունն է ձախողման հանգեցրել:
Ինստիտուտների դերի գերարժևորումը շեղում է այն հիմնարար ու պարզ հարցադրումից, թե այդ ինստիտուտների
ներառականության հիմքում ինչն է ընկած: Օրինակ, ներառական տնտեսական ինստիտուտները ենթադրում են արդար և
կանխատեսելի խաղի կանոններ:
Ի՞նչն է նպաստում այդ կանոնների ձևավորմանն ու պահպանմանը: Հնարավոր է՝ մարդկանց միջև վստահությունը՝ որպես սոցիալական կապիտալի դրսևորում: Հնարավոր է՝ մարդկանց միջև համագործակցության հաջողված պրակտիկաները: Իսկ ի՞նչն է, որ սնում է վստահությունն ու համագործակցությունը:
Հարցադրումների այս երկար շարքն, ի վերջո, մեզ մոտեցնում է ինստիտուտների հիմքում ընկած ժողովրդական կյանքի անշոշափելի կողմերին՝ կենսակերպի, միջավայրային գործոնների, հավատալիքների, կրոնի, սովորույթների, արժեքների ու գաղափարների անտեսանելի ցանցին: Ինստիտուտը ոչ սկզբնապատճառ է, ոչ էլ տրված իրողություն: Այն սոցիալական կառուցվածք է, որը հասկանալու համար ավելի լայն հայացքի կարիք ունենք:

Առնչվող նյութեր