Հայաստանը 2003 թ.-ից ներգրավված է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների հակակոռուպցիոն ցանցի (ՀԿՑ) Ստամբուլյան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրում (ՍԳԾ): Որոշակի պարբերականությամբ ՏՀԶԿ շրջանակներում պատրաստվում է առանձին երկրին նվիրված, մոնիտորինգի վերաբերյալ զեկույց, որտեղ վերլուծվում է տվյալ երկրի՝ հակակոռուպցիոն բարեփոխումների և ՍԳԾ շրջանակներում առաջարկությունների կատարման առաջընթացը:
Սույն զեկույցն անդրադառնում է 2018 թ. հուլիսին ընդունված ՍԳԾ մոնիտորինգի 4-րդ փուլի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցին, որը ներառում է բարձրագույն կրթության (ԲԿ) ոլորտի վերաբերյալ 5 առաջարկություն՝ 16 կետերով: Իրականացված հետազոտության նպատակն էր՝ գնահատել ՏՀԶԿ զեկույցի՝ ԲԿ ոլորտին վերաբերող 16 առաջարկությունների կատարումը:
Գնահատումն իրականացրել է «Հանրային քաղաքականության ինստիտուտ» (ՀՔԻ) հասարակական կազմակերպությունը՝ 2021 թ. հուլիս–դեկտեմբեր ամիսներին:
Զեկույցի հիմնական նպատակային լսարանն է. ՀՀ բուհերը, ՀՀ կառավարությունը և ԿԳՄՍՆ-ն, ԲԿ ոլորտի այլ շահագրգիռ կողմերն ու փորձագետները, ԲԿ ոլորտի դոնորները, միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունները: